[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐԹԵՐՈՒՄ ԱՅԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 Պատերազմից հետո երկրի իրականությունն է փոխվում, ներքին նիստուկացից մինչև մտածելակերպ։ Այս օրերին Արցախում ամենուր կարելի է հանդիպել հերթերի՝ բանկերում, փոստերում, տարբեր նախարարություններում։ Երևույթը, բնականաբար, և՛ նորմալ է, և՛ ոչ նորմալ։

Մայրաքաղաք Ստեփանակերտն այս առումով գերծանրաբեռնվածն է. մի կողմից քաղաքի հիմնական բնակիչների, մյուս կողմից՝ թշնամու վերահսկողության տակ անցած մեր համայնքների բնակիչների բազմաբնույթ խնդիրները։ Եվ սա դեռ ամենը չէ.  Արցախում կան համայնքներ, որոնց բնակիչները ևս ստիպված են տարաբնույթ վճարումներ անելու համար օրը ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ Ստեփանակերտ գալ։

Պատկերացրեք՝ հանրային ինչպիսի տարբեր ընկալումներ են ձևավորվում այդպիսի իրավիճակներում. ռեալ դժգոհություններից մինչև ծայրահեղ աբսուրդի հասնող քննադատություն։ Իհարկե, ինչպես ասում են՝ պատերազմից հետո  ապրելն էլ մի նոր պատերազմ է, բայց փաստենք, որ մեր հանրային ինքնագիտակցությունն էլ կարող է խթան հանդիսանալ, որպեսզի այսպիսի իրավիճակներում երկրի ներքաղաքական կյանքը արագ կարգավորվի։

   Եկեք հասկանանք, թե նախ հանրային ինչպիսի՞ ինքնագիտակցություն ունենք, և, արդյո՞ք, մենք իրականում կարողանում ենք արագ համակերպվել կամ թեկուզ օպերատիվ գործել այսպիսի պայմաններում։

   Մայրաքաղաքի փողոցների խցանումներից մինչև տարատեսակ հերթերում կազմակերպված լինելը մեր մեջ (բնականաբար՝ ընդհանուր ընկալմամբ) բացակայում է։ Իրար նկատմամբ հարգալից վերաբերվելու ամենահասարակ գործոնն այս օրերին անհասկանալիորեն լքել է շատերին։ Իհարկե, սա նաև կարելի է հասկանալ, որովհետև զգացմունքները, հույզերը, նյարդերն իրար են խառնվել, արդյո՞ք մենք հենց այս կերպ կկարողանանք շտկել խնդիրը, արդյո՞ք սա է միակ ճանապարհը․․․ Անկեղծ ասած՝ չեմ կարծում։ Մի տեսակ ավելի գորշ է դառնում իրականությունը, երբ հանդիպում ես հերթերում կանանց ու աղջիկներին չզիջող, ծերերին անխնա այդ հերթերի մեջ ճմրթող մարդկանց։ Էլ չեմ խոսում  խցանումներում  ձայնային ազդանշաններով իրար  վարկաբեկող  վարորդների մասին։

   Մեզնից ոչ ոք այսպիսի իրավիճակում հայտնվելու ցանկություն չի ունեցել և չունի, բայց երբ ստեղծվում է իրավիճակ, որին բախվում ենք, պետք է գործեն բոլորը։ Վերջապես՝ սա մեր հայրենիքն է՝ անկախ ամեն ինչից, և մե՛նք ենք այս երկրի տերը, մեզնից շատ բան է կախված։

   Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն  ասում էր. ՙԵս և իմ գործընկերները կարող ենք լինել և՛ լավը, և՛  վատը, բայց եթե հասարակության ամեն անդամ ունենա պետական մտածողություն, մենք անկարող կլինենք չառաջնորդվել այդ հասարակության պահանջներով՚։

   Հուսանք, որ անցնող տարին իր հետ կտանի ամեն վատ բան, և  2021-ը նոր լուսավոր էջ կբացի մեր փոքրիկ հայրենիքի համար։

Ես հավատում եմ քո խոհեմությանը, հայրենակի՛ց։