[ARM]     [RUS]     [ENG]

ՑԱՎ, ՈՐ ՔԱՐԻ ՊԵՍ ԾԱՆՐԱՑԵԼ Է ՍՐՏԻՆ

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 -Սարերի ձյունը կհալվի, սրտիս քարերը չեն հալվի,-հիվանդանոցային մահճակալին պառկած ճերմակահեր, կնճռապատ կնոջ դիմագծերում զգացվում էր վաղեմի գեղեցկությունը:

-Պատերազմը վերջացավ, Երևանից եկա՝ չոքեցի տանս դարպասի առաջ, աղոթք մրմնջացի։ Ամեն ինչ նույնն էր, ոնց թողել էի՝ տուն-տեղ, ապրուստ, իսկ Ցավը… Հազարավոր ինձ նման մայրերի ցավը, որ խորշակի պես եկավ ու… չանցավ։ Ցավս ո՞ւր տանեմ… Ոտքերս Ստեփանակերտի գերեզմանոց տարան։ Ինձ մեղավոր էի զգում. այդքան երկար որդուս մենակ չէի թողել։ Արցախյան առաջին պատերազմում հետախույզ էր, բազմաթիվ անգամ վիրավորված, ամբողջ մարմինը՝ բեկորներ։ Պատերազմը վերջանալուց հետո երկու տարի Երևանի հիվանդանոցներից տուն չեկանք. 38 տարեկան սարի պես տղա կորցրի։
Կռիվը դաժան բան է, սկիզբ ունի՝ վերջ չունի։ Տարիներով ցավը մխում է հոգուդ մեջ, բայց ապրում ես, ապրում հանուն … ապրողների, հանուն աղջկաս՝ Գայանեի, որ սրտիս սյունն է, սրտիս փուշը հանողը, հանուն մյուս տղայիս՝ Արմենի, հանուն թոռներիս։
Որդուս գերեզմանաքարի առաջ դարդերս իրար տվի, ասի՝ Գացո, Հայաստանում մեզ շատ լավ ընդունեցին, պահեցին, բայց վերջը պիտի տուն գայինք, եկանք։ Ասացի՝ Գացո, մեր գերդաստանում էլի զինվոր կա, էլի կռիվ գնացող կա, էլի հողը պաշտպանող կա… Ցավը քարի պես ծանրացել էր սրտիս։ Արցունքս քարեր դարձել, աչքերս չոր էին. որդի՜ս, քո և քո ընկերների, քո ավագ ընկերների արյունով պահած հողին էս ինչքան արյուն թափվեց, էս ինչ եղավ, էս ոնց եղավ…
Գերեզմանոցից հասել եմ տուն, էլ ոչինչ չեմ հիշում, թե ինչպես եմ ընկել, ինչքան ժամանակ եմ ուշագնաց մնացել: Երբ աչքերս բացեցի, տղաս ու աղջիկս կպան՝ վայ թե կորոն ես, տարիքիդ համար վտանգավոր է, ու բերեցին հիվանդանոց։ 80 տարեկան եմ արդեն, բայց վտանգավորը կորոնը չէր, այլ՝ Ցավը, որ քարի պես ծանրացել է սրտիս…
Քուրս, ինչո՞ւ ես լռում, մի գլուխ ես եմ խոսում, մի բան էլ դու պատմիր լսեմ։
Ու նորից շարունակում է, էս անգամ ժամանակային առումով հետ ու առաջ գնալով, թե ինչպես երեք տասնամյակ առաջ Ղարմետաքսկոմբինատի հաստոցները կանգնեցրին՝ բոլորին հանրահավաքի տարան։
-Անեծք Գորբաչովին, նրա յոթը պորտին, անեծք Էրդողանին, նրա յոթը պորտին, Աստված մի օր ջրհեղեղ կանի՝ չարը աշխարհի երեսից կսրբի։ Մեր մեջ էլ է չարը շատացել, մեր մեղքերն էլ քիչ չեն, քուրս, հողը ծանրացել է քարե շքեղ շինություններից, ագահությունը ուտում էր մարդկանց… Առնեին էն՝ ինչ-որ պետք էր, անօդաչու թռչող սարք են ասում, թե ինչ են ասում, տասը քիչ էր՝ հազարը առնեին…
Բերանս չորացավ, քուրս։
Բաժակը մոտեցնում եմ, հետո հեռուստացույցը միացնում` լուրերը լսելու։
-Վայ-վայ անջատիր, որ դրանց լսում եմ` ուղեղս խառնվում է, ով ինչ ասես՝ խոսում է, մեծ-փոքր չկա, հարգանք-պատիվ չկա, որ ալիքը միացնում ես` ամեն մեկը խոսում է… իր կտուրից։ Էլ հավատ չմնաց, քուրս, էն ագահությունը որտեղի՞ց եկավ մտավ մեր մեջ։ Անաշխատ փողի մեջ թույն կա, քուրս։ Երեխաներս ասում են՝ հերիք է, էլ մի աշխատիր, գործդ թող, բայց պարապ ո՞նց նստեմ, քուրս, որ ավելը վերցնում դուրս եմ գալիս, հավեսով, սիրուն փողոցը մաքրում եմ, հոգիս հանգիստ, ուրախ տուն եմ գալիս։ Ստացած աշխատավարձս էլ քաղցրությամբ եմ բաժանում։ Հերիքում է, բողոք չունեմ, գերդաստանս էլ ինձնից շատ գոհ է։
Է՛, քուրս, ինչեր չեմ տեսել։ 1993 թվականն էր, պատերազմի թեժ օրերը։ Ստեփանակերտի վրա գնդիկավոր ռումբեր էին թափում։ Ամուսինս՝ Սամվելը, ինքնաթիռը նկատեց, վազեց, բայց չհասցրեց մտնել տան նկուղը։ Աստիճանների վրա` ռումբը պայթեց։ Շատ ծանր վիրավորումով պառկեց հիվանդանոցում. կես մարմին, կես մարդ` ո՜չ տեսնում էր, ո՜չ լսում։ Մեկ տարի հետո մահացավ։
Ծեր կինը վեր կացավ, մոտեցավ պատուհանին, վարագույրը մի կողմ քաշեց, կարոտով նայեց փողոցին, ասաց՝ տերևաթափ է, ասաց՝ ոտքերում մի տեսակ թուլություն կա, հենց անցնի, դուրս կգա գործի։ Ասաց՝ պարապության սովոր չի, ասաց` փողոցը մաքրելով օգտակար գործ է կատարում։
Դիմանկարին ավելացնենք մի քանի կենսագրական տվյալներ. Ջուլիետա Խաչատրյանը Ասկերանի շրջանի Խնածախ գյուղից է։ Հայրը Մեծ հայրենականից չվերադարձավ, մայրը հինգ երեխա էր խնամում։ Ջուլիետայի 16-ը լրացավ, անձնագիր ստացավ, եկավ Ղարմետաքսկոմբինատ աշխատելու։ Ակտիվ էր, կոմունիստական աշխատանքի բրիգադավար, աշխարհքը ոտքի տակ տվեց՝ Լեհաստան, Գերմանիա, Չեխոսլովակիա. կարոտով է հիշում անցած օրերը։ Ամուսնացավ, տուն-տեղ դրեցին, սեփական տուն կառուցեցին։ 30 տարվա աշխատանքային կենսագրությունը շարունակվեց քաղաքի թիվ 1 դպրոցում` որպես հավաքարար, հանրապետական հիվանդանոցում` չորս տարի որպես սանիտար։ Վերջին 15 տարին աշխատում է ՙՍանմաքրում՚ ծառայությունում։ Որտեղ էլ աշխատել է, կնոջ վարքագծում հատկանշական են եղել աշխատասիրությունը, պարտաճանաչությունը, ազնվությունը, բարությունը։