[ARM]     [RUS]     [ENG]

ԿՅԱՆՔԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԻ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Համաձայն ԱՀ առողջապահության նորանշանակ նախարար Միքայել Հայրիյանի ստորագրած հրահանգի՝ 2020թ. դեկտեմբերի 31-ից և 2021թ. հունվարի սկզբի ոչ աշխատանքային օրերին բնակչության բժշկական օգնության և բուժսպասարկման պատշաճ որակն ապահովող միջոցառումները լիարժեք կազմակերպելու նպատակով նախարարության ենթակա բուժհիմնարկներում սահմանվել էր հերթապահություն, իսկ բուժանձնակազմը և շտապ օգնության ծառայությունն աշխատել են ուժեղացված ռեժիմով: ԱՀ բուժհիմնարկներից կազմակերպվել է նաև այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության համապատասխան բուժհաստատություններ: 

ԱՀ առողջապահության նախարարի օգնական Մայա Ազատյանի տեղեկատվությամբ՝ այդ օրերին Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանում գրանցվել է 248 կանչ, իսկ շրջաններում՝ 66։ Ընդհանուր առմամբ, բժշկական շտապ օգնության աշխատակիցները արձագանքել են 314 կանչի: Ինչ վերաբերում է Արցախի բուժկանխարգելիչ հիմնարկների ամբուլատոր դիմելիության վիճակագրությանը, ապա այստեղ գրանցվել է 334 դիմող, ընդ որում` 224 հիվանդ մինչև 18 տարեկան երեխաներ էին։ ԱՀ առողջապահության նախարարության բուժհաստատությունների ստացիոնար բաժանմունքներ է ընդունվել 31 հիվանդ, որից 16-ը՝ մինչև 18 տարեկան:
Հանրապետական բժշկական կենտրոնի տվյալներով՝ նշված ժամանակահատվածում ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունք է դիմել 46 քաղաքացի, իսկ անհետաձգելի բուժօգնության բաժանմունք՝ 276, որոնցից ստացիոնար բաժանմունք է տեղափոխվել 120 հիվանդ: Կենտրոնում կատարվել է նաև 17 անհետաձգելի վիրահատություն:
Այդ և մյուս օրերին ԱՀ առողջապահության նախարարության կողմից սահմանվել է վերին շնչառական ուղիների սուր վարակների և COVD-19 համավարակի համաճարակաբանական վերահսկողություն և լաբորատոր հետազոտություն: Նոր կորոնավիրուսի վարակի օջախներում կատարվել են ախտահանիչ և հակահամաճարակային համապատասխան միջոցառումներ, իսկ վարակակիրներին էլ տրվել է անհրաժեշտ հրահանգներ, ուղղորդվել բուժկանխարգելիչ և լաբորատոր հետազոտությունների հաստատություններ։
Դիտարկվող ժամանակահատվածում Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կատարվել է 9 վիրահատություն, որից 8-ը` կեսարյան հատում, մյուսը՝ գինեկոլոգիական անհետաձգելի միջամտություն էր: ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում կատարվել է 1 վիրահատություն:
ԱՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է 19 երեխա՝ 10 աղջիկ, 9 տղա: Ի դեպ, 2021թ. հունվարի 1֊-ին Կենտրոնում լույս աշխարհ է եկել 5 երեխա՝ 3 տղա, 2 աղջիկ։ Նոր տարվա առաջին օրվա երեխաներից 4-ը ծնվել են բնական ճանապարհով, մեկն էլ՝ կեսարյան հատումով։ Վերջինիս քաշը կազմել է 5 կգ 450 գ։
Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Վադիմ Օսիպովի պարզաբանմամբ՝ ծնելիության ցուցանիշները նախորդ տարվա համեմատ, բնականաբար, նվազել են, քանի որ ոչ բոլոր արցախցիներն են դեռևս վերադարձել Արցախ, բայցևայնպես Ստեփանակերտի ծննդատունն աշխատում է լիարժեք ու պատրաստ է ընդունելու ծննդկաններին։
ԱՀ առողջապահության նախարարությունն այս շրջանում նորածինների լույս աշխարհ գալը համարեց Արցախում կյանքի շարունակության, ազգի հարատևման ու արցախցիների մաքառման խորհրդանիշ։