ՊԻՏԻ ԱՊՐԵՆՔ...
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Արցախցի երեխան ապրել է ուզում... Նա երազում է խաղաղ երկնքի տակ կերտել իր ապագան և ապրել մի երկրում, որտեղ երբեք չեն լսվի թնդանոթների ձայները, չեն հռնդա տանկերն ու կապույտ երկնքում չեն սուրա ռազմական ինքնաթիռները։ Արցախցի երեխան ապրել է ուզում...
Արցախյան վերջին պատերազմը, որ ցնցեց համայն աշխարհի հայությանը, պղտորեց մեր երեխաների հոգին, ընդհատեց նրանց անմեղ ու անհոգ մանկությունը։ Փոքրիկներն իրենց մայրերի հետ ժամանակավոր ապաստան գտան մայր Հայաստանում, որտեղ հյուրընկալվեցին բարի և հոգատար մարդկանց ընտանիքներում։ Երեխաներն սպասում էին, որ շուտով հաղթանակի ավետիսը կլսվի, և իրենք կվերադառնան Արցախ ու կշարունակեն ապրել իրենց երազանքների երկրում...
Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը, ով այդ օրերին նույնպես Երևանում էր, չէր կարող անտարբեր մնալ և հայրենասիրական յուրօրինակ իր քայլը կատարեց։ Նրա մտքում միայն Արցախն ու այնտեղ ապրել ցանկացող արցախցի մանուկն էր։ Պատահական չէր, որ կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հետ համատեղ երգ գրեցին, որը արցախցի երեխաների խաղաղության կոչն էր համայն աշխարհին, և անվանեցին ՙՊիտի ապրենք՚...
Այո՜, արցախցի երեխան պիտի ապրի ու պիտի ապրի հանուն մեծ կյանքի, հանուն խաղաղության և հանուն բոլոր այն հերոսների, որոնք անմահացան...
Արցախցի երեխան գիտի նաև, որ իր ապրելը պայքար է լինելու ընդդեմ չարի, անարդարության և դարավոր ոսոխի։
Երբ Աիդա Գյանջումյանը գրեց երգի տողերը և այն ուղարկեց իր հանրաճանաչ բարեկամին, չուշացավ սպասված հեռախոսազանգը։ Էդգար Գյանջումյանն արդեն ուներ երգի տողերին համահունչ երաժշտությունը։
Աիդան սկսեց իր շուրջը հավաքել արցախցի երեխաներին, և անմիջապես անցան փորձերի։ Ժամանակը շատ սուղ էր, իսկ աշխարհը պետք է լսեր արցախցի երեխայի կոչը, լսեր նրա ձայնն ու սթափվեր։ Կատարումը ձայնագրվեց և ներկայացվեց հանրությանը։
Պատերազմի ահեղ օրերն էին։ Մեզանից ոմանք մնացել էինք Ասկերանում, ապաստան գտել նկուղներում և, անշուշտ, միայն հաղթանակի էինք սպասում։ Եվ ահա, ինչպիսի՛ հիանալի կատարում մեր երեխաների կողմից։
Լսում էինք նրանց սթափեցնող երգը, հպարտանում և խանդավառվում։ Այդ հզոր երգի ամեն մի բառը ուժ էր հաղորդում յուրաքանչյուրիս, լցնում հույսով ու հավատով։
Խոսքերի հեղինակ Աիդա Գյանջումյանի համար Արցախի ժողովուրդը ուժեղ կամք ունի, և անհնար է ոչնչացնել մի ժողովրդի, որն ամուր կառչած է իր հարազատ հողին, ունի այնտեղ ապրելու անհագ ցանկություն։
ՙՄեր երգով ուզում էինք ամբողջ աշխարհին հասկացնել, որ բարին անպայման հաղթելու է, մենք ակնկալում էինք աշխարհի օգնությունն ու աջակցությունը։ Մեր կոչը բոլորին լսելի դարձնելու համար երգի մի մասը երգեցինք նաև անգլերեն լեզվով։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Գյանջումյանին, որ այդ օրհասական օրերին կարողացավ իր մեջ ուժ գտնել և գեղեցիկ երգի տողեր գրել։ Նրա շնորհիվ մենք համախմբված էինք, միասնական և երգի բոլոր փորձերին գնում էինք մեծ հաճույքով ու պատրաստակամությամբ՚,-իր տպավորություններն է կիսում 10-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Թովմասյանը։
Ցավոք, մենք չհաղթեցինք անհավասար և ահեղ այս պատերազմում, սակայն կշարունակենք ապրել մեր պապենական սուրբ հողում, կշարունակենք արարել ու պայքարել՝ ի հեճուկս մեր դարավոր և ոխերիմ թշնամիների։
;