ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ԽՆԴԻՐՆ ԱՎԵԼԻ է ԽՈՐԱՑԵԼ
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հանրապետության մայրաքաղաք այցելողները հին ժամանակներից մինչև մոտակա ամիսները հիանում էին Ստեփանակերտի մաքրությամբ, որը պայմանավորված էր ոչ միայն համապատասխան ծառայությունների բարեխիղճ աշխատանքով, այլև բնակչության մեջ խոր արմատավորված ավանդույթներով. շատերս ենք հիշում խորհրդային ժամանակներում հաճախակի քարոզվող ՙՔաղաքը մեր տունն է, պահենք, պահպանենք՚ կարգախոսը։ Արցախյան երրորդ պատերազմից հետո շատ իրողություններ են փոխվել, որոնցից մեկն էլ քաղաքի որոշ հատվածներում աղբի կուտակումներ են։
ՙՍանմաքրում՚ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ալյոշա ՍԵՅՐԱՆՅԱՆԻ հետ մեր զրույցը հիմնարկի գործունեության, առկա խնդիրների շուրջ էր։
-Արցախյան երրորդ պատերազմի օրերին, երբ ինտենսիվ հրթիռակոծվում էր Ստեփանակերտը, շատերն են ականատես եղել, որ քաղաքում իրականացվում էր աղբահանությունը։
-Այո, ՙՍանմաքրում՚ ՊՈԱԿ-ը պատերազմի օրերին չի ընդհատել իր գործունեությունը, բայց ճշմարտությունը պահանջում է ասել, որ հիմնարկն աշխատել է ոչ լրիվ հզորությամբ, որն ուներ իր օբյեկտիվ պատճառները։ Ինչպես քաղաքի շատ հիմնարկ-ձեռնարկությունների, մեր աշխատանքն էլ բավականին դժվարացել էր։ Պատերազմի հենց առաջին օրերից ունեինք և՜ բանակ զորակոչված աշխատողներ« և՜ վիրավորներ։ Չշրջանցենք նաև այն փաստը, որ աշխատող մի խումբ՝ կանայք ու զինծառայության ոչ պիտանի տղամարդկանց մի որոշ մաս տեղահանվել էին։ Այն խնդիրը (վարորդների, բարձող բանվորների պակասը) որ կար, պատերազմի օրերին ավելի խորացավ։ Նշենք, որ հրթիռակոծության ժամանակ մեր մեքենաներից երկուսը շարքից դուրս եկան. Իսակով 2 շենքի մոտ հրթիռակոծության հետևանքով մեքենան վնասվեց, բայց զոհ և վիրավոր չունեցանք։ Երկու մեքենաներն էլ անմիջապես նորոգվեցին ու շարք մտան։ Ի դեպ, հրթիռի հարվածից վնասվել է նաև մեր վարչական շենքը, ինչպես նաև ավտոպարկը. մեկ մեքենա առայժմ մնում է անսարք վիճակում։ Հիմնարկի գործունեությունը պայմանավորված է երկու մասով՝
սանմաքրման և ավտոտնտեսության տեղամասերով։ Առաջինը վերաբերում է փողոցներն ամեն օր մաքրելուն, երկրորդը` աղբը հանելուն։ Այս բաժինը և մինչև պատերազմը, և հետո, թարմացման կարիք ունի, այն 30-40 տոկոսով մաշված է։ 13 տարի է, ինչ ղեկավարում եմ հիմնարկը, իմ դիտարկումներով և՜ Ստեփանակերտի բնակչությունն էր ավելանում, և՜ զուգահեռ՝ աղբը շատանում։ Հիմնախնդիրը կար և պատերազմից հետո առավել խորացել է։
- Անդրադառնանք աղբի կուտակումներին…
- Առավոտյան ժամերին ամենօրյա շրջայցերը քաղաքում օգնում են ինձ վերհանելու վիճակի իրական պատկերը։ Այս հարցում մեզ օժանդակում են նաև քաղաքապետարանի ղեկավարության ամենօրյա շրջայցերը։ Աղբի կուտակման պատճառներից մեկն այն է, որ քաղաքի բնակչությունն ավելացել է, վերջին տվյալներով՝ վերադարձել է շուրջ 50 հազար տեղահանված…
- Դա վերաբերում է ամբողջ հանրապետությանը։
- Հանրապետությունից ի՞նչ է մնացել… Ինչ որ է։ Խաղաղապահ ուժերի տեղակայման վայրերի աղբահանությունը մենք ենք կազմակերպում։ Քաղաքում տեղակայված զորամասում զինվորների քանակն ավելացել է, մենք սպասարկում ենք նաև Հայկազովի, Այգեստանի, Իվանյանի զորանոցային տեղամասերը, ինչպես նաև օդանավակայանի տարածքը։ Աղբի շատանալու օբյեկտիվ պատճառներից մեկն էլ այն է, որ մարդիկ նկուղներից հնոտիներ, չօգտագործվող իրեր են տանում աղբանոց։ Իսկ բանվորական կազմը և տեխնիկան մնում են նույնը։ Այնուամենայնիվ, մենք օժանդակ միջոցներ ենք ներգրավում գործընթացի մեջ։ Օրինակ, ստեղծել ենք 6 հոգանոց բրիգադ, որը ՙշտապօգնության՚ դեր է կատարում։ Եթե մինչև պատերազմը ավտոմեքենաներից յուրաքանչյուրը կատարում էր 2-3 երթ, այժմ ժամանակացույցով սահմանափակում չկա:
-Իմիջիայլոց, կարծես թե քաղաքն ավելի փոշոտ է դարձել…
-Մենք ունենք ջրցան-աղցան մեքենաներ՝ սեզոնային աշխատանքների համար։ Այժմ մեքենաների ջրցան ագրեգատները փոխված են։ Հիմա փողոցները չենք ջրում։ Փոշին կապ ունի եղանակային պայմանների հետ, ձյուն-անձրև չկա՝ քաղաքի փողոցները փոշոտ են։
Անդրադառնամ հիմնարկի նյութատեխնիկական բազային. տեղեկացնեմ, որ մի քանի օր առաջ քաղաքապետարանից պահանջել են ներկայացնել մեր խնդիրները։ Ավտոպարկը թարմացման խիստ կարիք ունի։
-Հիմնարկի կազմը որևէ փոփոխություն կրե՞լ է հետպատերազմյան շրջանում։
-Պատերազմից առաջ և հետո 300-ից ավելի աշխատողներ ունեինք և ունենք։ Տեղահանվածներից միայն 2 հոգի չեն վերադարձել։ Թափուր տեղեր ունենք և լրացնում ենք Արցախի շրջաններից տեղահանվածներից, նույնիսկ շրջանցելով այն փաստը, որ ոմանք առանց փաստաթղթերի են։ Նախկինում մենք եռամսյակը մեկ զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություններ էինք տալիս աշխատանքի ընդունելու մասին։ Հիմա էլ առիթն օգտագործենք՝ աշխատանքի հրավիրելու բարձող բանվորների, վարորդների, հավաքարարների։