[ARM]     [RUS]     [ENG]

Արցախից Վանաձոր` անորոշության ու սպասումների մեջ

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

12-ամյա Անգելինա Գրիգորյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Այնտեղ հասցրել է միայն առաջին դասարան հաճախել: Միջնեկ քույրը` 9-ամյա Անին, Թալիշում մանկապարտեզ է հաճախել: Իսկ փոքրիկ քույրը` Աննան, ծնվել է Բերձորում: Ընտանիքը ստիպված է եղել թողնել Թալիշ գյուղը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հետևանքով ու տեղափոխվել Քաշաթաղի շրջանի շրջկենտրոն` Բերձոր:  Բերձորն ընտանիքին Արցախի ամենաապահով վայրն էր թվում:

Այսօր Անգելինայի ընտանիքը` հայրը, մայրը, ինքն ու երկու քույրերը բնակվում են ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:

«2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, երբ Թալիշում ամեն ինչ կորցրինք, չցանկացանք հեռանալ Արցախից ու Քաշաթաղի շրջանի Ներքին Սուս գյուղում մեկ տարի վարձով ապրելուց հետո Բերձորում սեփական ուժերով բնակարան գնեցինք»,- պատմում է Արմենուհի Բայունցը:  Արմենուհին մասնագիտությամբ դասվար է, ամուսինը` պահեստազորի սպա. վերջինս նաև զինղեկ էր աշխատում Ներքին Սուս գյուղի դպրոցում: Բերձորում տունը գնել, վերանորոգել ու կահավորել էին` հիմնականում վարկերի միջոցով:

2020 թվականի սեպտեմբերի 27-ը շատ լավ են հիշում: Հենց պատերազմի առաջին օրը ընտանիքի հայրը գնացել է դիրքեր:

«Առավոտյան 7:15 զանգեցին, կանչեցին, ինչպես՝ միշտ: Բերձորում դեռ այդքան վտանգավոր չէր, ամուսինս մտածում էր` Բերձորը սահմանից հեռու է, մեզ համար անվտանգ է, և մեզ թողեց, գնաց: Չնայած, եթե վտանգավոր էլ լիներ, թողնելու-գնալու էր. դա իր գործն էր, ու մենք սովոր էինք»,- պատմում է Արմենուհին: Բերձորում բնակվող կանանց ու երեխաների մեծ մասին տարհանել էին պատերազմի հենց առաջին օրը: Արմենուհին երեխաների հետ առաջին չորս օրը Բերձորում ապաստարանում է անցկացրել:

Այդ չորս օրերի ընթացքում ամուսնու հետ կապ հաստատել չէր հաջողվում: Ամուսնու համար անհանգիստ էր, գիտեր, որ որպես սպա միշտ առաջին գծում է լինում: «Չէի ուզում դուրս գալ Բերձորից, ինձ այնտեղ ավելի լավ էի զգում, կարծում էի, թե նորություններն ավելի շուտ կիմանայի»: Երեք երեխաների հետ, սակայն, ապաստարանում շատ երկար մնալ չէր կարող: Սեպտեմբերի 30-ին երեխաների հետ դուրս է եկել Բերձորից, ուղևորվել բարեկամների մոտ: «Մտածում էինք, թե մի քանի օրով ենք գալիս, ու շուտ հետ ենք գալու: Եկանք Աբովյան քաղաք, տարբեր բարեկամների տներում էինք մնում, ամեն տեղ` մի քանի օր»: Սակայն տեսնելով, որ շուտ հետ գնալ չի հաջողվելու, իսկ բարեկամների տներում երկար մնալ հնարավոր չէր, ընտանիքը տեղափոխվել է Հանքավան, որտեղ նրանց տեղավորել են մի հյուրանոցում:

«Մոտ քսան օր մնացինք այնտեղ: Նոյեմբերի իննի հայտարարությունից հետո այդ հյուրանոցում ապրող շատ մարդիկ, որ Մարտակերտի շրջանից էին, հետ գնացին: Ճիշտ է, մեզ այդ հյուրանոցում շատ լավ էին ընդունել և դուրս գալ չէին պահանջել, բայց մենք որոշեցինք դուրս գալ: Ծանոթների միջոցով համեմատաբար մատչելի տուն գտանք Վանաձորում, ու երբ ամուսինս նոյեմբերի 30-ին իջավ դիրքերից, տեղափոխվեցինք այստեղ»:

Ընտանիքը Վանաձոր է տեղափոխվել դեկտեմբերի 5-ին, երեխաները դեկտեմբերի յոթից հաճախում են դպրոց: Անգելինան սովորում է յոթերորդ դասարանում, Անին` չորրորդ: Նրանք թիվ 30 դպրոցում այս պահին սովորող ութ աշակերտներից երկուսն են: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց  դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեններից Արմինե Պապիկյանը, պատերազմի սկսվելուց ի վեր դպրոց հաճախել է արցախցի 13 աշակերտ, որոնցից հինգի ընտանիքները հետ են վերադարձել, իսկ ութը շարունակում են սովորել դպրոցում:

Աշակերտներն Արցախի Հադրութի, Մարտունու, Քաշաթաղի շրջաններից են:

Ըստ դպրոցի փոխտնօրենի` արցախցի երեխաները դպրոցում ինտեգրման խնդիր չեն ունեցել:

Երեք դուստրերը, որ հայրիկի հետ շատ կապված են, պատերազմի ընթացքում շատ էին կարոտում նրան: «Փոքրը գիշերն արթնանում էր, ասում էր` պապան սպասում է, ես գնում եմ: Ցերեկը խաղի ընթացքում տնից դուրս էր գալիս, ասում էր` պապաս ինձ կանչում է», պատմում է Արմենուհին:

Անին ու Անգելինան պարի խմբակ էին հաճախում Բերձորի արվեստի դպրոցում, Անգելինան նաև ռոբոտաշինության խմբակ էր գնում: Այժմ երեխաները մասնակցում են «Դասավանդի՛ր, Հայաստան» շարժման «Դասավանդիր առ հույս» նախագծի շրջանակներում կազմակերպվող օտար լեզվի ու արվեստի խմբակներին: «Մեր դպրոցի (Ներքին Սուս գյուղի-հեղ.)  անգլերենի ուսուցչուհին` Լիդա Նալբանդյանը, մեզ հետ օնլայն դասապատրաստում է անում»,- ասում է Անգելինան:

Անին, որ ավելի հեշտ շփվող է, արդեն ընկերացել է նոր դասընկերների հետ: Մայրն ասում է` Անգելինան ավելի ինքամփոփ է: Երկու պատերազմների պատճառած ապրումները նրան ավելի ներամփոփ են դարձրել: «Ապրիլյանից հետո, երբ Սուսի դպրոցում ուսումնական տագնապ տվեցին, Անգելինան շատ վատ տարավ, բարձր լացում էր, չէինք կարողանում համոզել, որ իսկական տագնապ չի»:

Ընտանիքն Արցախ գնալ ուզում է. Վանաձորում, չնայած լավ ընդունելությանը, չեն հարմարվում: Նրանց ամենից շատ այժմ անհանգստացնում է հարազատ Բերձորի վերաբերյալ եղած անորոշությունը: «Միգուցե հենց այդ անորոշությունը չի թողնում հարմարվել: Մեկ ջղայնանում ենք, որոշում ենք երկրից ընդհանրապես գնալ, բայց մեկ էլ ամուսինս հուզված ասում է` իմ ընկերների արյունն է թափվել, իմ զինվորների արյունն է թափվել, չեմ կարող հեռանալ»: Իրենց տունը Բերձորում այս օրերին թալանվել է: «Ամուսինս գնացել է, տեսել է` տունը թալանած, տան կողպեքը փոխած: Հստակ բան չեն ասում, պաշտոնյաներն իրար վրա են գցում հարցը: Գոնե ասեն, որ չեն բնակեցնելու, մենք էլ իմանանք, թե ինչ ենք անում: Մենք, իհարկե, ուզում ենք հետ գնալ: Ու այդպես շարունակում ենք ապրել անորոշության մեջ»:

Նշենք, որ, ըստ Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Խաչատրյանի տրամադրած տվյալների` 2020 թվականի հոկտեմբերին Լոռու մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում ընդգրկված է եղել Արցախի Հանրապետությունից եկած  416 սովորող: Նույն թվականի դեկտեմբերին կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում ընդգրկված արցախցի աշակերտների թիվը եղել է 278: