[ARM]     [RUS]     [ENG]

Ֆրանսիայի հայկական հիմնադրամի աջակցությունը

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Արցախյան վերջին պատերազմի պատճառով շատերը տեղահանվեցին և պատսպարվեցին Մայր հայրենիքում՝ տարբեր բնակավայրերում։ Մեր ժողովրդի սոցիալական հոգսը թեթևացնելու նպատակով մի շարք բարեգործական կազմակերպություններ մինչ օրս տարբեր ծրագրեր են իրականացնում։ Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, որը Հայաստանում գործում է արդեն 31 տարի և բազում բարեգործական ծրագրեր է իրականացրել մեր հայրենիքում, այս անգամ հանդես է գալիս նաև տեղահանված ընտանիքներին որակյալ սնունդ հատկացնելով։

Հունվարի 26-ին Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Գևորգյանը Երևանում այցելեց ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ, ծանոթացավ Քաշաթաղի շրջանի բաժնի աշխատանքներին, զրուցեց ներկայացուցիչ Սուրեն Խաչատրյանի, այլ պատասխանատուների հետ։ Սգ Գևորգյանը հետաքրքրվեց շտաբի աշխատանքներով, խնդիրներով, որպեսզի կազմվեն արցախահայությանն օժանդակելու այլ ծրագրեր ևս։
Ընթացքում զրուցեցի հիմնադրամի գործադիր տնօրենի հետ, ով ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում, այժմ բնակվում է Փարիզում, և տարվա մեծ մասն անցկացնում է Հայաստանում։ Տեղեկացրեց՝ իրենց կազմակերպությունը ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հետ Մայր հայրենիքում է անկախության առաջին օրերից։ Տավուշի մարզում է ՙՀիմնաՏավուշ՚ զարգացման հիմնադրամի Լուսաձոր գյուղի անասնապահական ֆերման, որտեղ կան 300 ցեղական կթու կովեր։ Այստեղ արտադրում են պանիր, որի 80 տոկոսն արտահանվում է Մոսկվա։ Հիմնադրամի տնօրենը տեղեկացրեց՝ դպրոցների, համայնքային կենտրոնների, հիվանդանոցների կառուցում են իրականացրել ՀՀ-ում և Արցախում։ Ցավով ասաց՝ Արցախում կատարած աշխատանքների մեծ մասը մնաց թշնամու տիրապետության տակ։ Հիմնադրամի հատկացումներով կառուցվում էր նաև Քաշաթաղի շրջանի Վան գյուղի խմելու ջրի մոտ 10 կմ երկարությամբ խողովակաշարը, որը մնաց կիսատ։ Միայն ՀՀ տարբեր մարզերում հիմնադրամի կողմից մոտ 70000 ծառ է տնկվել, Տավուշի մարզին են հատկացրել 80տ հացահատիկի սերմացու։ Անդրադառնալով տեղահանված արցախահայությանը սննդով աջակցելուն՝ ասաց՝ աշխատանքներն սկսել են դեկտեմբերի սկզբից և կշարունակեն մինչև մարտ ամիս։ Այժմ հատկացնում են սնունդ, այդ թվում նաև Տավուշում գործող իրենց անասնապահական ֆերմայի կովերի կաթից արտադրած պանիր։ Աշխատում են օրը 7-8 ժամ և սպասարկում բնակչությանը։ Սննդի հատկացման աշխատանքներում հիմնականում ներգրավված են կամավորներ՝ ՀՀ-ից, Ֆրանսիայից, Արգենտինայից։ Նշեց՝ առաջին օրերն աշխատեցին ոչ կազմակերպված և հերթ էր գոյանում։ Այժմ նախօրոք գրանցում են ընտանիքներին՝ անդամների թվով, պատրաստում համապատասխան ծանրոցը և հեռախոսակապով տեղեկացնում։ Սգ Գևորգյանը պատրաստ է նաև աջակցել արցախցի 2-3 ընտանիք տեղավորել Տավուշում։
Գրասենյակներ ունեն Սյունիքում, Արտաշատում, Էջմիածնում, Լոռիում։ Սա հնարավորություն է տալիս, որ մարզերում բնակվող արցախցիները նույնպես կարողանան օգտվել այս ծրագրից։
Օրվա ընթացքում այցելեցի Երևան, Ամիրյան 15/2 հասցեում գործող պահեստ, որտեղ իրականացվում է սննդի հատկացումը։ Կամավորականները սնունդ էին տեղավորում հիմնադրամի տարբերանշանով արկղերում։ Կարինե Առաքելյանը, ով զբաղված է այցելուներին գրանցելու գործով, ասաց՝ գրանցում են ընտանիքի անդամներին՝ անձը հաստատող փաստաթղթերի կրկօրինակները վերցնելով։ Ծանրոցը պատրաստ լինելու դեպքում զանգահարում են, և հաճախորդն ստանում է իր հասանելիքը: Պահեստի պատասխանատու, կամավորական Էդուարդ Ավդալյանը տեղեկացրեց՝ ընթացքում արդեն 4000 արկղ սնունդ են հատկացրել մոտ 14300 հոգու։ Օրական հատկացնում են 240-270 հոգու համար նախատեսած սնունդ։ Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքով՝ մոտակա ժամանակներում բնակչությանը նաև հագուստ կհատկացնեն։