[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Փետրվարի 10-ին ԱՀ ագային ժողովի նիստերի փոքր դահլիճում տեղի ունեցավ ՙԱզատ Արցախ՚ թերթի ստեղծագործական կազմի հանդիպումը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Ներկա էին նաև Ազգային ժողովի աշխատակազմի պատասխանատուներ:

Նման ձևաչափով հանդիպման նախաձեռնությունը թերթի կոլեկտիվինն էր. լրագրողներին հուզող մի շարք խնդիրներ կան, որոնք իրենց լուծումը կարող են ստանալ միայն պատգամավորների հետ համատեղ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրատվամիջոցի հիմնադիրներից մեկն էլ ԱՀ Ազգային ժողովն է:
Ողջունելով լրագրողներին, ԱԺ նախագահը կարևորեց նման հանդիպումները՝ թերթի դերն ու վարկանիշը բարձրացնելու գործում: Նա մասնավորապես անդրադարձավ խորհրդային տարիներին մեծ հեղինակություն վայելող ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթի գործունեությանը, որի իրավահաջորդն է ՙԱզատ Արցախ՚ թերթը: Լրատվամիջոցի լավագույն ավանդույթները պոռթկացին Արցախյան շարժման տարիներին, մեր հերոսամարտի օրերին: Այն դարձավ մեր գոյամարտի տարեգիրն ու շեփորահարը:
Փոխվել են արդեն ժամանակները, նոր պահանջներ են այսօր ներկայացվում լրատվամիջոցին: Պատգամավորներից ոմանց կարծիքով՝ հեռուստատեսության և համացանցի դարում տպագիր մամուլն սպառել է իրեն: Մինչ 44-օրյա պատերազմը, ՙԱզատ Արցախ՚ թերթի ղեկավարությունը համապատասխան ծրագիր էր ներկայացրել, որը կնպաստեր լրատվամիջոցի հեղինակության բարձրացմանը: Ըստ ներկայացված ծրագրի, թերթը պետք է դառնա գործակալություն, որը կունենա իր առավելությունները՝ մի շարք առումներով: Թերթի գործադիր տնօրեն, գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանի իրազեկմամբ՝ նոր իրողությունների, մասնավորապես երկրում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով նշված ծրագիրը չի իրականացվել:
Հանդիպման ժամանակ երկուստեք հանդես եկան առաջարկություններով՝ հատկապես կարևորելով հաճախակի մամուլի ասուլիսներ և ճեպազրույցներ անցկացնելու հանգամանքը: