ՙԺԱՄԱՆԱԿԸ ԳԵՏԻ ՆՄԱՆ Է` ՀՈՍԵԼՈՎ ՄԱՔՐՎՈՒՄ, ԶՈՒԼԱԼՎՈՒՄ Է...՚
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Արցախյան ազգային¬ազատագրական շարժումը գլխովին փոխեց մեր կյանքը, այն ոտքի հանեց բոլորին՝ մեծով¬փոքրով... Ազգովի բռունցք դարձանք։ Մտավորական, շինական թե շինարար, ուսանող թե դպրոցական, մի կամք էին ու մի բռունցք։
Գրող¬հրապարակախոս (ավաղ« լուսահոգի) Մաքսիմ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ Շարժման առաջամարտիկների շարքում էր ոչ միայն 88-ին։ Նրա հետ մեր թղթակիցը հանդիպել ու զրուցել է Շարժման 30- ամյակի նախօրյակին։
-Մաքսիմ Երվանդի, երբ 60-ականներին ստորագրում էիք հայտնի ՙ13¬ի նամակը՚, իրո՞ք, հավատացած էիք, որ կարող եք սառույցը տեղից շարժել։
-Ավելի շուտ այդ տարիներին շատերիս բորբոքուն ձևով մտահոգում էր այս երկրի ճակատագիրը։ Իսկ թե ինչի կհասնենք, կամ կհասնե՞նք, արդյոք, դրանք հարցեր էին, որոնց պատասխանը, մեզնից անկախ թե դիտավորյալ, հեռացնում էինք, որովհետև բոլորիս մտահոգում էր երկրի, ժողովրդի ճակատագիրը։ Եվ հանուն այդ մեծ նպատակի մենք այլ նպատակներ չէինք քննարկում։ Մենք գնում էինք մի ուղղությամբ, որը, մեր կարծիքով, կարող էր ինչ¬որ ձևով խնդիրը տեղից շարժել, հարցին լուծում տար, կամ կհանդիպենք մի այնպիսի իրավիճակի, որը դժվար է կանխագուշակել: Հատկապես տոտալիտար համակարգում դժվար է կանխորոշել, թե վաղը ինչ որոշում կկայացնեն և մեզ կգնահատեն որպես մարդի՞կ, որոնք մտահոգված էին երկրի ճակատագրով, թե՞ մարդիկ, որոնք ցանկանում են շեղել, այսպես ասած, սոցիալիստական ուղին։ Մեզ մտահոգում էր Ղարաբաղի ճակատագիրը, և հանուն այդ նպատակի մենք այդ հարցն ու նրա հետևանքները մինչև վերջ չէինք քննարկում։ Որովհետև այլ մտահոգություն չունեինք, քան երկիրը, նրա վաղվա օրը: Մեզ թվում էր և, ըստ էության, այդպես էլ կար, որ մենք գնում ենք դեպի մի վիճակ, որի օրինակը Նախիջևանը տվել է։
-Լսում էի Ձեզ ու մտածում, որ այդ տարիներից առ այսօր մեծ հաշվով ոչինչ չի փոխվել... Խոշոր խաղացողները շարունակում են իրենց խաղը, գերտերությունները շարունակում են թելադրել, իսկ բանաստեղծի շուրթերով թե ասելու լինենք` օվկիանոսներն են տնօրինում փոքր ծովերի ճակատագրերը...
-Ըստ երևույթին, երբ մենք վերադառնում ենք 50-60-ական թվականները, կարծես թե, երազի պես մի բան էր։ Ամեն տեսակետից` և՜ մարդկային ինքնադրսևորման, և՜ հետագա զարգացումների առումով։ Շատ բաներ մենք չէինք կանխատեսել և դժվար թե հնարավոր լիներ կանխատեսել։ Հատկապես այն առումով, որ, այսպես թե այնպես, մենք դաստիարակվել էինք կոմունիստական գաղափարախոսությամբ և ինչ¬որ տեղ հավատում էինք, թե աշխարհում կա արդարություն, կա մի որոշություն, որը մեզ ճիշտ ուղղություն է տալիս։ Ավա՛ղ, եկան ժամանակներ, և հանգեցինք այն եզրակացության, որ խոսքի ուժը և կյանքի նպատակը տարընթաց շարժումներ են, տարընթաց խնդիրներ են, իրար հակասող, իրար մերժող, և հետագա տարիներին, մինչև այսօր, երբ մենք խոսում ենք նման կարգի հարցերի շուրջ, գալիս ենք հիասթափության, հուսախաբության։ Հավանաբար, հիշում ես 88 թվականին մեր հրապարակն ինչի էր վերածվել... Դա երազի պես բան էր, այդ մասին գրել եմ իմ ՙՉաստվածների խնջույքը՚ գրքում։ Դա մի այնպիսի իրավիճակ էր, երբ ամեն ինչ ընդհանուր էր, ամեն ինչ արդար էր։ Եվ մենք մաքուր էինք, զուլալ, ոչ մեկը հետին պլան չուներ։ Դրանք այն մարդիկ էին, որոնք հետագայում մասնակցեցին և իրենց կյանքի գնով պաշտպանեցին երկիրը, բայց, ավա՛ղ, նրանք կա՜մ կործանվեցին առաջին իսկ բախման ընթացքում, կա՜մ հիասթափվեցին, հուսախաբվեցին։ Դա կորած սերնդի այն դառը ճակատագիրն է, որ հետագայում բազմիցս կրկնվեց ու վերակրկնվեց, և այսօր էլ շարունակվում է։
-Երբ ուզում եմ ինձ հուսահատությունից, հուսախաբությունից փրկել, գնում եմ առաջնագիծ և այնտեղից վերադառնում եմ զուլալված, մաքրված հոգով...
-Այո, գիտե՞ս, թե ինչ մարդկանց հետ ես շփվել... Այդ մարդիկ հիմա կա՜մ չկան, կա՜մ կյանքի հետին պլան են մղված, անտեսված, արհամարհված, ոտնահարված և՜ մարդկային առումով, և՜ հոգեկերտվածքի առումով։ Անուններ չտամ, բայց երևույթի մասին պիտի բարձրաձայնեմ։ Ամբիոնները օգտագործում են, աչքիդ մեջ նայում ու սուտ խոսում։
Այդ դրամահավաքի հետևանքով, որն ամեն տարի անցկացվում է, այս երկիրը ի՞նչ է դառնալու, մեր գյուղացին վերադառնալո՞ւ է հողին... Համաժողովրդական նվիրումը դարձնում են դրամի փոխանակման կետ, և ի՞նչ է տեղի ունենում. մարդկային ամենասուրբ զգացմունքը, որը կոչվում է հայրենասիրություն, ընդամենը բառ է, հնչյուն է, որ բովանդակություն չունի։ Բայց ամբիոններից ինչպես են այդ մտքերը արծարծում ու վերաարծարծում։ Նույնիսկ 50-60-ական թվականներին մտածում էինք` միամիտ էինք, ասում էինք` մի՞թե այս հսկայական երկրում մեկը չկա, որ հանդես գա ինքնազոհողությամբ ու ճիշտն ասի կամ գործի։ Հիմա էլ նույնն է տեղի ունենում, ո՞վ է այն քաջը` չկա, որովհետև դիմակազրկվել է, հերոսության քողը շպրտել են, տակը մնացել է մարդկային էգոիզմը, որը միայն իր շահն է տեսնում, իր նպատակն է տեսնում, որից այն կողմ չկա երկիր, ժողովուրդ, չկա ապագա։
Սա ինքնահյուծման ճանապարհն է, բայց էլի ես (այդ մասին էլի խոսել եմ) այն հույսն եմ պահում, որ ժամանակը գետի նման է, հոսելու ընթացքում պղտորությունն անցնում է, մաքրվում, զուլալվում։ Ես այդ հույսին եմ, այլապես ինչպես բացատրել մարդու գոյությունն այս պայմաններում։ Թվում է, թե խոսում ենք, պատմում ենք, դառնությամբ հիշում ենք, բայց իրողությունն այլ է, այլ է մեր իրական կյանքը։ Վերջերս մի մտավորական ոգևորված պատմում է, որ հանձնաժողով են կազմել և ուզում են Շարժման 30-ամյակը պատշաճին նշել ու անզգուշություն ունեցավ ինձ հարցնել. դու ներգրավվա՞ծ ես այս գործընթացին... Չեն էլ հիշում և դրա կարիքը չկա, և, փառք Աստծո, որ չեն հիշում, և այն հայտնի ասույթն եմ հիշում, որտեղ ասվում է, թե՝ թագավորը մերկ է, չկա մեկը, որ ասի` թագավորը մերկ է։ Եվ ասես թե բնական է, որ անտեսվում են նրանք, որոնք չկան, և ոմանց անուններն էլ հոլովվում են, որպեսզի թզենու տերևի պես ծածկեն իրենց քաղաքական մերկությունը։ Եվ ինչպիսի ոգևորությամբ ու խոնարհումով են հիշատակում նահատակների անունները, բայց այդ նահատակների ցանկությունը, երազանքը, արդյոք ինչքանո՞վ են իրականություն դարձնում, ինչքանո՞վ են օգնում, որպեսզի երկիրը վերականգնվի։ Հիասթափության զգացումն է անընդհատ հետապնդում մարդուն։ Չգիտես ո՞րն է ելքը, և, այնուամենայնիվ, ներքին մի հույս եմ փայփայում, որ պետք է տեղի ունենա շրջադարձ։ Ի վերջո, արդարությունն ուշ է իրեն դրսևորում, բայց դրսևորում է։ Ինձ թվում է` արդարությունը պիտի իր խոսքն ասի, իր վճիռը կայացնի։ Երբեմն ինքս ինձ մտածում եմ... Նայում ես` Ստեփանակերտը ահագին փոխվել է, արտաքնապես գոնե փոխվել է։ Թվում է` ուրախ պիտի լինեի, սակայն սա տխրությամբ է լցնում հոգիս, ինչո՞ւ... Չի կարելի անընդհատ սխալվելով առաջ գնալ, և այն, ինչին մարդիկ ձգտել են, ինչին ցանկանում են հասնել, դեռևս, անհասանելի է մնում։ Մասնավոր զրույցների ժամանակ բոլորն էլ արդարացի են, բոլորն էլ գեղեցիկ են դատում, տրամաբանում, բայց երբ բարձրանում են ամբիոն, կատարելապես փոխվում են. և՜ արտահայտած մտքերն են այլ կերպ, և՜ կեցվածքներն են հասարակության հանդեպ ոչ ճիշտ։ Սունդուկյանի հերոսի պես խաբում ենք, խաբում ենք ու խաբում։ Այսպես խաբելով թե ուր ենք գնում, չգիտենք։
-Դառնանք Շարժմանը... 88-ի փետրվարին Դուք նախաձեռնող խմբի կազմում էիք: Որպես 60-ականների թոհուբոհով անցած խիզախ մտավորական Արցախյան շարժումից երեսուն տարի անց ինչպիսի՞ զգացողություններով եք համակված և ի՞նչ տվեց այդ համաժողովրդական պոռթկումը։
-Դա վերերկրային զգացում էր, երբ ես առավոտյան գնում էի աշխատանքի, իսկ խմբագրությունը հրապարակին հարակից էր (այդ շենքը հիմա չկա), երբ մտնում էի հրապարակ, երանություն էր։ Ղարաբաղի բոլոր ծայրերից մարդիկ ինչ ունեն¬չունեն բերել են, որպեսզի իրար հյուրասիրեն, դիմանան ու պայքարեն։ Եվ այն զգացողությունը, որ մենք միասին ենք, միասնական ենք և միասնաբար էլ պիտի պայքարենք, երանությամբ էր լցնում հոգիս։ Առաջին ալիքը տվեց ու տարավ ընտրյալներին` գնացին, կործանվեցին հանուն նպատակի ու գաղափարի։ Հետագայում եղան սայթաքումներ, սխալներ՝ մտածված և չմտածված։ Հիշո՞ւմ ես տիկին Արաքսյան ինչ խանդավառությամբ էր կերակուր պատրաստում ցուցարարների համար, հասարակ, բայց հերոսուհի էր, և նրա նման էլի կային, բայց այդ ժամանակ էլ կային մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, հեռահար նպատակներ էին հետապնդում, և հետագայում հասան իրենց նպատակներին, նրանք ավելի պրակտիկ էին։ Անուններ չտանք, այն ժամանակի ակտիվիստներից, ովքեր օգտվեցին հեղափոխության, մեր պայքարի պտուղներից, հետո իրենց նպատակները, վճիռները կայացրին օտար ափերում, նրանք նորից շիտակ կեցվածքով են հանդես գալիս, կարծես թե, բոլոր այն գործողություններից, որոնք որ կատարվել են իրենց իսկ ձեռքով, տեղյակ չեն, ու ցավալին ո՞րն է `գնահատվեցին նմանները։ Իսկ առաջին մեր տանկիստներից մեկը՝ Հայկազ Հակոբջանյանը, Ճարտար գյուղից, ով առաջին աստիճանի ՙՄարտական խաչ՚-ի արժանացել է առաջինը, ասում են` գնացել է երկրից չգնահատվածության պատճառով և Ռուսաստանում մսավաճառությամբ է զբաղվում ու իր օրվա ապրուստը հայթայթում։ Նմաններին երկրում սրբությամբ պիտի վերաբերվեն, աններելի է մարդկանց հուսախաբության հասցնելը։
Իմ պատմվածքի հերոսներից մեկն ուզում է դուրս գալ բանակից, չուզենալով վկայակոչել մի տղայի մահը, որի մեղավորները նրանք են, ովքեր այդ տղային հասցրել են ինքնասպանության։ Սա կյանքից վերցված փաստ է, ոչ թե գրողի երևակայության արդյունք։ Ո՞վ է այսօր գրում հիասթափված սերնդի ողբերգության մասին, ո՞վ է այդ մասին հիշում։
-Տարիների փորձով իմաստնացած մտավորական եք, գուշակելը, թերևս, շնորհակալ գործ չէ, այնուամենայնիվ, ինչպիսի՞ն են պատկերանում հաջորդող տասնամյակները։ Ձեր փորձառությամբ ի՞նչ խորհուրդ կտայիք, ի՞նչ անել հաջորդ տասնամյակներում սխալները շտկելու համար։
-Դեռևս Շարժման բորբոքուն տարիներին, երբ որևէ մեկը փորձում էր սթափության խոսք ասել, լռեցնում էին, ասելով՝ դրա ժամանակը չէ։ Գլխավոր հարցը լուծենք՝ հետո։ Երեսուն տարի անց էլ էլի ասում են՝ դրա ժամանակը չէ։ Քանի դեռ մենք չենք կարող ճշմարտության երեսին նայել, ճշմարտությունը չենք կարող ասել, հետևաբար, դրա ժամանակը երբեք չի գալու։ Այնուամենայնիվ, ես հույս ունեմ... գետի օրինակը կրկին մեջբերեմ. ինքնամաքրման ճանապարհը պիտի բռնենք, բնության կողմից շնորհված հնարավորությունն է, որպեսզի հասարակությունը գնալով մաքրվի։ Որովհետև հասարակությունը կա՜մ պիտի ինքն իրեն կործանվի, կա՜մ պետք է ինքնամաքրմամբ երկիրը երկիր դարձնի։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հնարավոր չէ, որ այսպես շարունակվի։ Կա նյութի հոգնածություն հասկացողությունը. երբ նյութը հոգնում է` կործանվում է... Հաճախ ինքնաթիռները սարքին են, օդ են բարձրանում ու պայթում, որովհետև նյութն այլևս չի կարող դիմադրել արագությանը։ Կամ դա պիտի տեղի ունենա, կամ պետք է նորոգվի, և հասարակությունը վերադառնա իր արմատներին, իր սկզբնական վիճակին ու կառուցի այնպիսի մի երկիր, որի մասին երազել ենք ու շարունակում ենք երազել։ Չին փիլիսոփան ասում է. եթե ուզում եք ճիշտ ապրել, երկար ապրել, ապա պետք է ոչինչ չանել։ Ի՞նչ է նշանակում ոչինչ չանել, այսինքն` բնությանը չի կարելի միջամտել կոպտորեն։ Իսկ յուրաքանչյուր անարդարություն միջամտություն է բնությանը։ Նրանք, ովքեր այսօր աշխարհ են ղեկավարում, երկիր են ղեկավարում, ժողովուրդ են ղեկավարում, նրանք սխալ ձևով են միջամտում բնությանը, և դրա համար էլ այսպես գնալով անոմալիաներ են տեղի ունենում աշխարհով մեկ։ Տարընթաց գործողություններ են կատարվում, որոնք ժխտում են նյութը, ժխտում են մարդու բանականությունը, ժխտում են մեր ապագան։ Չնայած բոլորս էլ սիրում ենք մեր ընտանիքը, երեխաներին, բայց չգիտակցելով գործում ենք նրանց ապագայի դեմ։ Մարդկային էգոիզմն ու կարիերիզմն իրենց ճանապարհին ոչնչացնում են ամեն ինչ, ու մոռացվում են շատ տարրական բաներ։ Մարդու նպատակը ո՞րն է. երեխաներ ծնել, դաստիարակել, երկիր պահել, երկիր շենացնել։ Շատ պարզ, հասարակ ցանկություն, որը, դժբախտաբար, հեշտ չէ իրականացվում։ Նկատած կլինես` յուրաքանչյուր հուղարկավորության ժամանակ, երբ հանգուցյալին հողին են հանձնում, միայն այդ ժամանակ են հիշում, որ անցողիկ է կյանքը։ Մի քանի րոպե հետո մոռանում են ու շարունակում են նույնն անել` ի վնաս իրենց, երկրի ու հողի։ Ուրիշ փիլիսոփայություն չկա... Սիրիր մերձավորիդ. ի՞նչ է նշանակում։ Ատելությունը քայքայում է, ոչնչացնում է, և սերն ու բարությունն են, որ վերականգնում են երկիրը, աշխարհը։ Տեսեք, թե Երկիր մոլորակի հետ ինչեր են կատարվում, մարդը մարդուն ոչնչացնում է, մարդու ձեռքով կործանվում են արժեքները։
-Ես չեմ կարող շրջանցել և Ձեզ չհարցնել Արցախյան շարժման գլխավոր խոսափող հանդիսացած ՙԽորհրդային Ղարաբաղ՚ թերթի ունեցած դերի մասին, որի գլխավոր խմբագիրն եք եղել տարիներ շարունակ։
-Եթե 80-90-ական թվականներին թերթը չտեսնված մասսայականություն էր վայելում, դա ոչ թե խմբագրի կամ ժուռնալիստական կոլեկտիվի ջանքերի շնորհիվ էր, այլ հասարակական միջավայրն էր ստեղծել այդպիսի պայմաններ։ Երբ ժուռնալիստը գրիչ է վերցնում, ապա մտածում է իր երկրի, իր ժողովրդի մասին, այն գաղափարի մասին, հանուն ինչի ինքը գրիչ է վերցնում։ Հիմա ի՞նչ կարող է ասել խմբագիրը, մեկ-երկու համար ուզածդ թերթը լույս կընծայես, ու կփակվի համարը: Հասարակ բան ասեմ, չնայած հակասող բան է, բայց պիտի ասվի: Երբ ՙԽորհրդային Ղարաբաղ՚ թերթում լույս էր տեսնում որևէ քննադատական հոդված, մարզկոմի առաջին քարտուղար Կևորկովը զանգում էր համապատասխան ինստանցիաներ և պահանջում հարցը քննարկել ու լուծում տալ: Դա այն Կևորկովն էր, որին հասարակությունը մերժեց: Ոչ թե գովերգում եմ նրան, այլ խոսքի բարոյականության արժեքի մասին եմ ասում: Հիմա ավելի խիստ քննադատական խոսք կարելի է տպագրել` առանց աչք թարթելու` իմանալով, որ դա ոչ մի հետևանք չի ունենալու: Խոսքի ժամանակն անցել է, ժամանակները փոխվել են, պահանջները փոխվել են, և խնդիրներն են փոխվել: Դա ոչ թե բնական շարժման հետևանք է, այլ ստեղծված հասրակական կացութաձև է դարձել, որի դեմն առնելը շատ դժվար է: Սա էլ մի նոր միջավայր է` ի տարբերություն բոլշևիկյան բռնապետության, մի նոր միջավայր է, երբ ամեն ինչ կարելի է ասել և կարելի է ամեն ինչ անտեսել: Դրա համար էլ այսօր գլխավորը խոսքին արժեք տալն է: Հասարակական-քաղաքական միջավայրն այլ ընթացք ու բնույթ է ստացել իր հին, հնից եկած տրադիցիաներով հանդերձ:
-Դուք մեզ միշտ կոչել եք քաղաքացիական խիզախության, այսօր էլ մենք փորձում ենք բարձրաձայնել բացթողումների մասին, բայց ինչպես ասում են. ՙՁայն բարբառո հանապատի...՚։
-Չես կարող ասել ...Ոչ միայն լսող չես ունենալու, նույնիսկ այլևս ասելու հնարավորություն չես ունենա։ Հիմա մենք այնպիսի ժամանակ ենք ապրում, որի արդյունքներին (խոսքը դրական արդյունքների մասին է) շատ երկար պիտի սպասենք։ Դա, թերևս, մեկ սերնդի գործ չէ։
-Մեր պայքարի ընթացքում առանցքային նշանակության ձեռքբերումների մասին կուզենայի Ձեր կարծիքը լսել. ի վերջո ի՞նչ ունեցանք մենք, որը պիտի անթեք պահի երկրի ողնաշարը։
-Մենք ձեռք ենք բերել հնարավորություն և պետք է այնքան իմաստուն գտնվենք, այնքան խելացի, որ այդ հնարավորությունը կարողանանք օգտագործել։ Առայժմ այդ հնարավորությունն ունենք։ Հետագայում ի՞նչ կլինի, մարդ վախենում է եզրակացությունների հանգել, որովհետև լուսավոր բան քիչ ենք տեսնում։
-Իսկ գո՞ւցե մեր պահանջն է շատ, ասում են` մտավորականները մի փոքր ավելի հեռուն են տեսնում, հաճախ կանխազգում, նրանց երևակայությունն առավել զարգացած է, գո՞ւցե դա է պատճառը...
-Ոչ, այդ դեպքում ասա տեսնեմ` ինչո՞ւ ենք ես ու դու խոսում Եզոպոսի լեզվով։ Իշխանությունը զարմանալի հատկանիշ ունի, կարող է և՜ երկիրը բարգավաճման հասցնել, և՜ երկիր կործանել։ Պլատոնն ասում է. ՙԵթե երջանիկ պատահականությամբ խելամտությունը, արդարությունը հայտնվեն միասին, ապա այդ երկիրը խնդիրներ չի ունենա՚։ Դժբախտաբար, այդ ատրիբուտները հասարակությունը միանգամից չի ունենում։ Դրա համար էլ այդ դեֆիցիտը, խելոք երկիր և խելոք կառավարիչ ունենալու այդ պարտադիր պայմանը, իրար հետ չեն համընկնում կամ իրար հետ չեն գործում։ Պլատոնից այս կողմ անցել է երկու հազար տարի, բայց դեռևս խելամտությունն ու արդարությունն իրար չեն հանդիպել։