ՀԶՈՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ՄԻ ՇԱՌԱՎԻՂԸ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախցիներից շատերին, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչներին, քաջածանոթ է Արսեն Մուքանյան անուն-ազգանունը։ Մարդ, ով երեք տասնյակից ավելի տարիներ (1946-1976թթ.) ղեկավարել է Մարտունու շրջանի Սոսի՝ Շահումյանի անվան կոլտնտեսությունը և ում արածն ու թողածը սերունդների համար անգնահատելի է։ Նրա նախագահության տարիներին Սոս գյուղի կոլտնտեսությունը դարձել է մարզի առաջավոր տնտեսություններից մեկը։
Արսեն Մուքանյանը նաև մեկն էր այն արցախցիներից, ում համար Արցախյան ազգային-ազատագրական Շարժումն սկսվել է ոչ թե 1988-ին, այլ ավելի վաղ. 1965թ. մարզի մտավորականության կողմից գրված ՙՏասներեքի՚ հայտնի նամակը ստորագրողներից մեկն էլ նա է եղել։ Նամակն առանձնահատուկ էր իր նշանակությամբ, համարձակ գնահատականներով, քանզի այն տարիներին նման նամակ գրելը հավասարազոր էր սեփական դատավճռի ստորագրմանը կամ առնվազն աշխատանքից զրկվելուն։ Չնայած խոսքս 13-ից միայն մեկի մասին է, այնուամենայնիվ, պարտքս եմ համարում հիշեցնել նրանց բոլորի անունները. Բագրատ Ուլուբաբյան, Սերգեյ Շաքարյան, Լազր Գասպարյան, Գրիգոր Ստեփանյան, Արամ Բաբայան, Արսեն Մուքանյան, Գուրգեն Գաբրիելյան, Բոգդան Ջանյան, Միքայել Կորգանյան, Արկադի Մանուչարյան, Ալբերտ Սեյրանյան, Մաքսիմ Հովհաննիսյան, Սերգեյ Գրիգորյան։ Նամակի պատճառով ժողովրդանվեր այս գործիչներից ոմանց արտաքսեցին Ղարաբաղից, և նրանք դարձան առաջին պաշտոնական վտարանդիները։ Շնորհիվ նրանց՝ Արցախի ժողովուրդը շոշափելիորեն զգաց ազգային ինքնագիտակցության ուժը, որն էլ հետագայում բերեց-հասցրեց 88-ի փետրվարին սկսված համազգային Շարժմանը։
Հեշտ ու հանգիստ չի եղել Արսեն Մուքանյանի անցած ճանապարհը։ Նա Մեծ հայրենականի մասնակից էր, 1941-1945թթ. ծառայել է Թամանյան 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայում, (հրամանատարը լեգենդար Նվեր Սաֆարյանն էր)։ Մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվել է։ Կռվի դաշտից նրան հանել է մարտական ընկերը՝ Համայակ Գրիգորյանը (Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղից), ով մոտ 3 կմ Արսենին շալակած է տարել։
Հայրենական պատերազմն ավարտվելուց հետո մեր երկիրը ծանր ժամանակներ է ապրել։ 1946 թվականին, երբ երկար ժամանակ հոսպիտալում բուժվելուց հետո Արսեն Մուքանյանը վերադառնում է հայրենի գյուղ, նրան նշանակում են կոլտնտեսության նախագահ։ Նախկին մարտիկն անմնացորդ նվիրումով լծվում է հարազատ բնակավայրի զարգացման գործին՝ քաջ գիտակցելով, որ տնտեսության զարգացման հիմնաքարը, երկրի հարստացման շտեմարանը՝ գյուղն է։ Համեստ ու արժանապատիվ պահվածքով աշխատել է անխոնջ ու լուռ՝ իր ներաշխարհում զգալով ազգային ու համամարդկային արժեքները պահպանելու և գնահատելու կարևորությունը։ Նրա օրոք գյուղը զարգացել ու բարգավաճել է։ Մարդիկ սկսել են ապրել բարեկեցիկ կյանքով, կարողացել են իրենց եկամուտներից խնայողություններ անել և ավանդներ ունենալ խնայդրամարկղերում։ Ժողովրդի բարեկեցությունը նրա համար միշտ էլ առաջնահերթ խնդիրներից է եղել։ Ինքն անձամբ ապրել է համեստ, շքեղություն, ճոխություն երբեք իրեն թույլ չի տվել։
Արսեն Մուքանյանը հեռու մնաց մեր օրերի համար ամենատարածված հիվանդություններից մեկից՝ փառասիրությունից։ Կնոջ՝ Բոժոժի հետ միասին չորս որդի են դաստիարակել, բոլորն էլ բարձրագույն կրթություն են ստացել և իրենց ուրույն տեղն ունեցել հասարակության մեջ։
Ունի 9 թոռ և 11 ծոռ։ Թե՜ Մեծ հայրենականի և թե՜ աշխատանքային գործունեության տարիներին նա արժանացել է բազմաթիվ մեդալների ու շքանշանների, պարգևների և գովասանագրերի։ Վերջին շքանշանը՝ ՙՄեսրոպ Մաշտոց՚, ստացել է ԱՀ Նախագահի հրամանագրով՝ հետմահու՝ 2001 թվականին՝ երկարամյա և բարեխիղճ աշխատանքային գործունեության, գյուղի զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար։Հայրական տան ծուխը վեր հանողն այժմ Լևոն Մուքանյանն է, ով շարունակում է գերդաստանի բարի ավանդույթները։ Մի քանի տարի աշխատել է որպես կուսկոմիտեի քարտուղար, այնուհետև եղել է գյուղի համայնքի ղեկավարը... Հոր մասին պատմելիս Լևոնը չի կարողանում զսպել հուզմունքը, ասում է՝ հպարտ է, որ հայրն իր հողի նվիրյալն է եղել։ ՙՀայրս շատ էր սիրում հողը։ Ասում էր՝ հողագործությամբ զբաղվողը սոված չի մնում, հողը միշտ վարձահատույց է լինում տիրոջը։ Իր ապրած կյանքում նա մեծագույն վայելքը համարել է մարդկանց օգտակար լինելը, և միշտ բավարարվել է քչով։ Մեզ էլ է այդպես դաստիարակել՚,- ասում է Լևոնը։
Կեսրայրի մասին անթաքույց ակնածանքով է խոսում Լևոնի կինը՝ Արմիդան, ով 45 տարի աշխատել է Սոսի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ընդ որում՝ 25 տարի նաև փոխտնօրենի պաշտոնն է զբաղեցրել։
ՙԿեսրայրս առաջինն էր տնից դուրս գալիս և գործի գնում։ Ասում էր՝ ղեկավարը պետք է օրինակ հանդիսանա աշխատողների համար։ Եվ, իրոք, գյուղացիները տեսնելով նրան՝ ձգտում էին շուտ դուրս գան տնից։ Հոգով միշտ ջահել է եղել, սիրում էր երիտասարդներին, ու եթե որևէ բան էր նրանց պետք լինում՝ միշտ աջակցում էր։ Սիրում էր գյուղում աշխուժություն, եռուզեռ տեսնել՚։
Ցավոք, արցախյան 44-օրյա պատերազմը չի շրջանցել նաև Լևոն և Արմիդա Մուքանյանների ընտանիքը. Մարտունու պաշտպանության համար մղված մարտերում զոհվել է նրանց աղջկա՝ Աննայի ամուսինը։ Կկարողանա՞ն, արդյոք, սատար կանգնել աղջկա ընտանիքին, դժվար է ասել։ Իրենք հիմա թոշակառուներ են, իսկ կենսաթոշակ կոչվածն էլ մեծ գումար չէ։ Խաղողայգիներ ունեին, բայց դրանք մնացել են ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Ավելին՝ այգու տնկիների համար վերցված փոխառությունը դեռ չի մարվել... Մտահոգող խնդիրները շատ են, բայց ամենից մտահոգիչը Արցախի ճակատագիրն է։ Մուքանյանների՝ Սոսում արմատներ ձգած շառավիղն ուզում է, որ իր գյուղը կրկին շենանա՝ նորակերտ ու ինքնօրինակ կառույցներով, և արցախցին վերագտնի այն հպարտությունը, որ վայել է աստվածապարգև երկրի տերերին։