ԳԱՂԱՓԱՐԻ ՄԱՐՏԻԿԸ
Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ
Մանֆրեդ Բախշյան քաղաքական, հասարակական, պետական գործչին շատերն են ճանաչում Արցախում և Հայաստանում, հատկապես նրանք, ովքեր իրապես կանգնած էին հայկական երկու հանրապետությունների պետականության ձևավորման ակունքներում։
ԽՍՀՄ վերջին տարիներին անկանխատեսելի զարգացումներ էին ընթանում երկրի տարբեր հատվածներում, Խորհրդային Միության բազմազգ ժողովրդի մի մասի համար արդեն գրեթե պարզ էր, որ մոտ է մեծ կայսրության փլուզումը։
Հենց այս բարդ աշխարհաքաղաքական զարգացման ֆոնին սկսվեց Արցախյան շարժումը, շարժում, որի հիմքերը շատ ավելի խորն էին, քան պատկերը, որը սկսվեց ձևավորվել 88-ի փետրվարին։
Այդ շարժման հետ, բնականաբար, ծնվեցին անձնավորություններ, ովքեր գիտեին ու հավատում էին, որ կազմակերպված պայքարի արդյունքում, ընդամենը մի քանի տարի հետո, արցախցին կապրի ազատ ու արժանապատիվ կյանքով։
Հենց այդ գիտակցումով շարժման գաղափարին զինվորագրվեց Մանֆրեդ Բախշյանը, դա դեռևս այն ժամանակ, երբ շարժումը ընդհատակյա բնույթ էր կրում։
Նա գաղափարի մարտիկ էր և գիտակցում էր, որ եկել էր նորից պետականություն ու անկախ հայրենիք վերագտնելու բացառիկ պահը։
88-ի փետրվարի 12-ին Արցախի Մարտունու հաղթանակի հրապարակում տեղի ունեցավ անսպասելին. Ադրբեջանից ԼՂԻՄ, ավելի ստույգ, Մարտունի ժամանած պատվիրակությանը հրապարակում դիմավորեց պայքարի ելած Արցախի ժողովուրդը, ամենապարզ կարգախոսով՝ ՙՄիացում՚ Մայր Հայաստանին։ Այս ամենի ետևում շարժման ընդհատակյա մարտիկներն էին, նրանց թվում՝ Բախշյանը։
Փետրվարի 12-ն ընդամենը սկիզբն էր, օրեր հետո այդ շարժումը դառնալու էր համազգային, և այլևս ընդհատակյա պայքարը մտնելու էր ԽՍՀՄ օրակարգ` որպես թիվ 1 հարց։
Շարժման առաջամարտիկների համար պարզ էր, որ քաղաքական պայքարը վերածվելու է ռազմականի, արդեն կանխատեսելի էր սպասվող պատերազմը։
Հենց այդ ժամանակ էլ Մանֆրեդ Բախշյանն ու իր գաղափարակից ընկերներն սկսեցին զենք հայթայթել։
Երկու ժողովուրդների միջև պատերազմի վերածված շարժումը այլևս անցյալում էր, հիմա այն արդեն պայքար էր, պայքար, որտեղ մենք պարտվելու իրավունք չունեինք։
Պատերազմին զուգահեռ Արցախը սկսեց ձևավորել իր պետական ինստիտուտները՝ երկիրը ստեղծված իրավիճակում ղեկավարելու և վերջնական հաղթանակն ապահովելու համար։ Արցախի նոր ձևավորվող Գերագույն խորհրդի պատգամավոր դարձավ նաև Մանֆրեդ Բախշյանը։
Գաղափարի մարտիկը սկսեց լուրջ քաղաքական աշխատանքներ տանել և՜ Արցախում, և՜ Մայր հայրենիքում` ամենուր առիթը բաց չթողնելով բարձրացնել Արցախի հարցը։ Կարճ ժամանակ անց Մանֆրեդ Բախշյանը ՀՀ ԳԽ պատգամավոր էր։
Սա մի նոր հարթակ էր, որտեղ, իր սկզբունքին հավատարիմ մնալով, Բախշյանը սկսեց գործել ավելի մեծ թափով։ Ամեն ինչ կարող էր այլ կերպ լիներ, ամեն ինչ կարող էր ուրիշ ընթացք ստանալ (լավ իմաստով), եթե ծանր հիվանդությունը 1993-ի ամռանը չխլեր Մանֆրեդ Բախշյան կյանքը` բազմաթիվ գաղափարներ թողնելով կիսատ։
Մանֆրեդ Բախշյանի ընկերները նրա մասին հիմա էլ խոսում են մեծ ափսոսանքով, զգում ես, որ նրանցից յուրաքանչյուրը գիտակցում է, որ հիմա, մեր այս հունից շեղված ժամանակներում, նորից զգացվում է Մանֆրեդ Բախշյանի կարիքը։
- Նա ազնիվ տղա էր, չափից շատ ազնիվ, նրա համար մեր պայքարը գերագույն նպատակ էր, և հավատում էր, որ մենք կհաղթենք։ Չեմ տեսել այնպիսի մի մարդու, պետական գործչի, որ Մանֆրեդի չափ անկեղծ ու պարզ լիներ: Նա ուրիշ տղա էր, մենք նրա տեսակի կարիքը ունենք,- ասում է ընկերներից մեկը։
-Մանֆրեդ Բախշյան պետական գործիչը արժանվույնս չի գնահատվել իր կատարածի համար, նա մեծ ավանդ ունի մեր պետականության կայացման գործում,- ասում է Վահրամ Աթանեսյանը, ում հետ առթի եմ ունեցել Մանֆրեդ Բախշյանի մասին զրուցելու դեռևս այս նյութի պատրաստումից ամիսներ առաջ։
Որքան էլ ծանր է, բայց իրականությունը դա է, պետական ոչ մի պարգև չունի պետականության համար պայքարի ելած այդ մարտիկը, սա այն դեպքում, երբ նրա գաղափարակից ընկերները, ովքեր շարժման ակունքներում էին, գտնում են, որ Բախշյանը արել է հնարավորն ու անհնարինը, որ ունենանք ազատ ու անկախ հայրենիք։
Այսօր Արցախում չեն ապրում Մանֆրեդ Բախշյանի ընտանիքի անդամները, նրա այրին, ավագ որդին և դուստրը օտար ափերում են շատ վաղուց, իսկ կրտսեր որդին՝ Շահենը, ով հայրական օջախը երբեք չլքելու գաղափարով էր ապրում, ՌԴ տեղափոխվեց օրեր առաջ։
Եվ թաքցնելու բան չկա, լավ օրից չէ, որ մարդ լքում իր հայրենիքը…