ՄԻՐԻԿ ԳՅՈՒՂԻ ՄՈՏԱԿԱ ԱՄՐՈՑՆԵՐԸ
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Աղավնո գետի աջակողմյան բարձրադիրք վայրերում դարեր առաջ մեր պապերն ամրոցներ ու դիտակետեր են կառուցել։ Զինվորը հսկել է շինականի անդորրը, շինականը բարիք ստեղծել, քարտաշն ու որմնադիրը՝ տուն ու եկեղեցի, պարիսպ են կառուցել, ու ապրել է սյունեցի հայն իր հողում, ապրել-արարել, հարկ եղած դեպքում՝ կռիվ մղել։
Տարածքում պահպանված մի քանի տասնյակ ամրոցատեղիների, դրանց ավերակների, բնակատեղիների ու դամբարանադաշտերի, միջնադարյան հայկական կանգուն ու ավերակ հանգստարանների, վանական համալիրների, եկեղեցիների գոյությունը վստահեցնում է՝ Աղավնոյի հովիտը և նրան հարակից տարածքները հայոց ոստան են։
Նույն Աղավնո-Արքունագետի միջին հոսանքի աջակողմյան բարձր բլուրներից մեկի վրա տարածում է երբևէ եղած ամենահզոր ամրոցներից մեկը, եթե ոչ՝ ամենահզորը։ Միրիկ գյուղը գտնվում է նույն տեղում՝ Բերձորից մոտ 50կմ հյուսիս-արևմուտք։ 2010-2020թթ. տարածքում կատարած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված, պայմանականորեն Միրիկ 1 կոչվող, Ք.ա 9-6 րդ դդ. գոյություն ունեցած ամրոցը, որն առաջին անգամ ուսումնասիրվեց մեր հնագիտական արշավախմբի կողմից։ Հնագետ Գագիկ Սարգսյանի, պատմաբան, ազգագրագետ Լեռնիկ Հովհաննիսյանի, այլ ուղեկիցների հետ առաջին անգամ ամրոցատեղի բարձրացանք 2013 թվականին։ Հետագայում ամրոցում և մոտակա դամբարանադաշտում կատարվեցին պեղումներ, ուսումնասիրություններ։
Պատմական Աղահեջք գավառի երկաթեդարյան ամենանշանավոր քաղաք-ամրոցն է, որի պահպանված կառույցները վկայում են տարածաշրջանի քաղաքական ու հոգևոր կենտրոն լինելու մասին։ Գտնվում է Աղավնո գետի աջ ափին, Միրիկ գյուղի արևմտյան եզրին բարձրացող, արևմուտքից արևելք առանցքով ձգվող լեռնաբազկի արևելյան վերջավորության գագաթին։ Միջնաբերդը զբաղեցնում է լեռնաբզկի գագաթնագծի մոտ 340մ երկարությամբ և միջինը 40մ լայնությամբ ամբողջովին պարսպապատ հատվածը։ Պարիսպները շարված են մեծածավալ, ճեղքած, անմշակ քարերից, չոր՝ կիկլոպյան շարվածքով։ Միջնաբերդը բաղկացած է երեք հիմնական ծավալա-տարածային համալիրներից։ Արևելյան եզրին տեղակայված է պալատական համալիրը՝ դղյակը։ Դղյակից 80մ արևմուտք գտնվում է վիմակերտ դարպասների համալիրը։ Այն բաղկացած է բուն դարպասից, ժայռափոր սենյակից, երկրորդ հարկի մակարդակին պահպանված ևս մի սենյակից ու կուռքերի հարթակից։ Այս սենյակում կատարված պեղումների արդյունքում գտնվեցին խեցիների կտորներ և պարսատիկի համար նախատեսված բազում քարեր։ Հավանաբար, սենյակը եղել է զորանոց։ Ամրոցի հիմնական մուտքը եղել է արևմտյան կողմից։ Այստեղ պահպանվել է մի տարածք՝ պարսպապատ, որտեղ ձիերին են կապել։ Ամրոցից արևմուտք կա մի տարածք-հրապարակ, որը պատված է բավականին մեծ քարե պարսպով։ Մեջտեղում մի մեծ քար կա, որը, հնարավոր է, զոհասեղան է։ Այս հրապարակից մոտ 100մ արևմուտք դամբարաններ կան, որոնցից մեկի պեղումներից գտնվեցին 8 կավե աման։ Դամբարանն ընդհանրապես թալանված էր, բայց կողոպտողները չեն տեսել այդ ամանները, որոնցից մեկի մեջ ոսկորներ կային։ Պեղումներն իրականացնող հնագետ Հարություն Խուդանյանը գտնում է՝ կերակուր են թողել։
Հնագիտական աշխատանքները ղեկավարող գագիկ Սարգսյանի կարծիքով՝ ամրոցի կարևորագույն կառույցը տաճար-զիկուրատն է։ Այն գտնվում է միջնաբերդի կենտրոնում և բաղկացած է բլրակին կանգնած եռաստիճան բուրգ-աշտարակից, արևմուտքից հարող ժայռափոր ներքին բակից /սենյակից/, և ամրոցանիստ լեռնաբազկի հյուսիսային լանջից դեպի բուրգ-աշտարակ բարձրացող երկարաձիգ, թեքադիր աստիճանավանդակից։ Մինչև 4մ բարձրությամբ բուրգ-աշտարակի չափերն են10x16մ։ Դեպի բուրգ-աշտարակ տանող թեքադիր աստիճանավանդակը սկիզբ է առնում ամրոցանիստ լեռնաբազկի հյուսիսային ստորոտով դեպի տաճար տանող հնագույն ճանապարհից։ Թեքադիր աստիճանավանդակի ընդհանուր երկարությունը 70 մետր է, թեքությունը՝ 38 աստիճան, ստորին ու վերին կետերի բարձրության նիշերի տատանումը՝ 46մ, ամենամեծ լայնությունը՝ 8մ։ Աստիճանավանդակի մի հատվածը ներկայացնում է 1,0-2,8 մ բարձրությամբ պատերով ներփակվող ժապավենաձև լեզվակ, որի մակերեսին նկատվում են 6-8 իրար հաջորդող հորիզոնական հարթակներ։ Ամբողջ համալիրը կառուցված է անմշակ ճեղքած քարերից, չոր, կիկլոպյան շարվածքով։ Տաճար-զիկուրատը եզակի հուշարձան է, որը փայլուն հեռանկար ունի զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։ Ամրոցի հարավարևմտյան կողմում կան ուղղաձիգ ժայռեր, որոնք էլ օգտագործվել են որպես պարիսպ-ամրություններ։ Թույլ մասերում պատեր են շարվել։ Բավականին թեք լանջի ներքին մասում մեծ-մեծ քարերով պարիսպ ու կառույցների ավերակներ կան։ Նույն կողմում նաև 3 քարանձավ հայտնաբերեցինք, որոնք ծառայել են որպես գաղտնարան կամ գաղտնուղի։ Հյուսիսային լանջն անտառապատ է։ Տեղ-տեղ պահպանվել են երբեմնի հզոր պարիսպների մասեր՝ մինչև 5-6մ բարձրությամբ, 2-3մ լայնությամբ։ Հյուսիսային լանջի ներքին մասում եղել է ամրոցի առաջին շերտի պարիսպը, որի մոտով է անցել զիկուրատի աստճանավանդակ տանող ճանապարհը։ Այս մասում, չնայած քանդված լինելուն, զգացվում են զիկուրատի աստիճանավանդակի մուտքը, աստիճանները։ Ամրոցի արևելյան կողմը բավականին նեղ հրվանդան է, որտեղ եղել է մեկ այլ մուտք։ Կիսատ մշակված, բավականին մեծ քարերով կանգուն է եղել մուտքի դարպասը։ Անկյունաքարերին ու շեմի սալին պահպանվել են ծխնիների ու նիգի համար նախատեսած անցքերը։ Միջին հատվածում կան քարանձավներ, որոնք մշտապես եղել են բնակելի, օգտագործվել այլ նպատակներով։ Քարանձավներից ցած կանգուն է 17-րդ դարի Միրիկի Սուրբ Աստվածածին եռանավ, թաղակապ բազիլիկ եկեղեցին, որը վերջերս հիմնանորոգվեց ՙԹուֆենկյան՚ հիմնադրամի կողմից։ Հարավարևմտյան լանջին միջնադարում գյուղ է եղել, կան դամբարաններ։ Հնագետ Գագիկ Սարգսյանի կարծիքով այս ամրոցը եղել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեչք գավառի վարչական կենտրոնը՝ Աղահեճք բնակավայրը։
;