Արցախ է վերադարձել Շահումյանի շրջանից տեղահանված 78 ընտանիք
Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախի Շահումյանի շրջանի տեղահանված բնակիչների աջակցման կենտրոնը Երևանում գործում է 2020 թվականի նոյեմբերի 17-ից, Արցախի շտաբի շենքում։
Հիշեցնենք, որ Արցախի Շահումյանի շրջանի 16 համայնքներից 14-ը (բացառությամբ Չարեքտար և Ակնաբերդ համայնքների) Ադրբեջանի վերահսկողությանն են հանձնվել 2020 թվականի նոյեմբերի իննի Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների եռակողմ հայտարարության արդյունքում։
Ինչպես զրույցում նշեց Շահումյանի շրջանի բնակիչների աջակցման կենտրոնի համակարգող Սերգեյ Սարգսյանը, այս ամիսների ընթացքում կենտրոնը տարաբնույթ օժանդակություն է հասցնում շրջանի բնակչությանը։
ՙՄինչև այսօր պետության կողմից ստացած որոշակի գումար շարունակաբար հասցվել է շրջանի բնակչությանը՝ որպես օգնություն։ Առաջնային օժանդակությունը հասցվել է շրջանի այն ընտանիքներին, որոնք պատերազմի ընթացքում զոհեր և վիրավորներ են ունեցել, ինչպես նաև՝ բազմազավակ ընտանիքներին՚,- նշեց Սարգսյանը։
Աջակցման կենտրոնն ակտիվորեն համագործակցում է շրջանի համայնքապետերի հետ։
ՙԲնակիչները տարբեր հարցերով դիմում են կենտրոն։ Փորձում ենք հնարավորինս օգտակար լինել նրանց։ Այսօր մեր բնակիչները տարբեր տեղերում են ապրում, շատերը համակարգիչ չունեն, համացանց չունեն։ Օգնում ենք նրանց դիմումներ գրելու հարցում, համայնքապետերի հետ ամբողջացնում ենք տարբեր օժանդակությունների շահառուների ցանկերը՚։
Ըստ Սերգեյ Սարգսյանի՝ Շահումյանի շրջանի բնակիչների առաջնային հարցն այսօր բնակարանի խնդիրն է։
ՙԿորցրած բնակարանների փոխհատուցման ծրագիր պետության կողմից այս պահին չկա։ Ապագայում պետք է ստեղծվի գնահատման հանձնաժողով, որը հաստատվելու է ԱՀ կառավարության կողմից։ Այն նախ պետք է գնահատի շրջանի կորսված ընդհանուր գույքը, և դրանից հետո, կարծում եմ, փոխհատուցման մասին առանձին հայտարարություն կլինի՚։
Շահումյանի շրջանի հանձնման արդյունքում շրջանի 15 համայնքներից (բացառությամբ՝ Ակնաբերդ համայնքի) տեղահանվել է ընդհանուր առմամբ 621 ընտանիք՝ 3901 մարդ։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Ստեփանակերտում Շահումյանի շրջանի ներկայացուցիչ, նախկինում՝ Զուար համայքնի համայնքապետ Սոս Չիլինգարյանը, մինչև այժմ Արցախ է վերադարձել Շահումյանի շրջանից տեղահանված 78 ընտանիք։
ՙՆրանք ժամանակավոր բնակություն են հաստատել Ստեփանակերտ, Մարտակերտ, Զարդախաչ, Չափար և այլ համայնքներում, որտեղ ապահովվել են ժամանակավոր կացարաններո?՚,- մեզ հետ զրույցում նշեց Սոս Չիլինգարյանը։- Ժամանակավոր բնակավայրերում մեր բնակիչների զբաղվածության հարցը դեռևս լուծված չէ. պետությունն աջակցման տարբեր ծրագրերի միջոցով թեթևացնում է նրանց սոցիալական խնդիրները՚։ Ըստ Սոս Չիլինգարյանի՝ այս պահին Չարեքտար համայքնում մեծ թափով շինարարական աշխատանքներ են ընթանում։ ՙԲացի հենց չարեքտարցիներից, այստեղ բնակվելու հնարավորություն կունենան այլ վերաբնակիչներ ևս։ Շահումյանի շրջանի տեղահանված ընտանիքները կկարողանան ապրել նաև Ակնաբերդում, որտեղ ևս բնակելի նոր տներ են կառուցվելու։ Այս օրերին Արցախ վերադա?նալ ցանկացողների ցուցակն անընդհատ փոփոխվում է. վերադարձողների թիվն ավելանում է։ Բնակելի տներ կառուցելուց հետո համայնքապետերի հետ նորից կթարմացնենք այդ ցանկերը՚,- ամփոփեց Սոս Չիլինգարյանը։