[ARM]     [RUS]     [ENG]

ՓԵՏՐՎԱՐԻ 20․ 33 ՏԱՐԻ ԱՆՑ

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ,

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի

 Փետրվարի 20-ին՝ Արցախի վերածննդի օրը, Ստեփանակերտում, ինչպես ամեն տարի, կազմակերպվել է հանրահավաք-երթ, որը շարունկվել է քաղաքային հուշահամալիրում։ 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ Մարզխորհուրդն արտահերթ նստաշրջան հրավիրվեց, որում ընդունվեց որոշում դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով։ Նստաշրջանը կանխորոշեց Արցախի ազատագրական պայքարն ու Ադրբեջանի չդադարող ագրեսիան :

Վերջին դաժան պատերազմից հետո ստեղծված ցավեցնող իրականության, բազմաթիվ հերոս նահատակների կորստի հետ չհաշտված ու չնայած տեղացող առատ ձյանը՝ մարդիկ առավոտից մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից խմբերով շարժվում էին դեպի Վերածննդի հրապարակ։
Հրապարակից բազմամարդ երթը հանրապետության ղեկավարության գլխավորությամբ շարժվել է դեպի հուշահամալիր։ Երթն առաջնորդող երիտասարդները, ինչպես ամեն տարի, իրենց ձեռքերին տանում էին 25 մետր երկարությամբ ձգվող Արցախի հանրապետության դրոշը։ Նախագահ Արայիկ Հարությունյանը ծաղկեպսակ է տեղադրել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում։ Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն իրականացրել է հոգեհանգստի և ոգեկոչման արարողություն։ Երթի մասնակիցները այցելել են զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Արցախի համար պատերազմներում նահատակվածների հիշատակին։
Վերջին 44-օրյա պատերազմում հերոսացածների թարմ շիրիմների մոտ մարդկանց հոսքը չէր դադարում։ Արցախցիներն այստեղ էին՝ հերթական անգամ երդման պես կրկնելու, որ անսասան է ընտրած՝ ազատության ու ինքնիշխանության տանող ճանապարհը, անկոտրում է կամքը՝ չնայած առկա անորոշությանն ու բազմաթիվ դաժան փորձություններին։