ԱՎԱՐՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՓՈՔՐ-ԻՆՉ ԿՀԵՏԱՁԳՎԵՆ
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Դեկտեմբերի սկզբին Արցախի քաղաքաշինության նախարարի կողմից հայտարարվեց, որ 2021-ի մայիսին հնարավոր կլինի կիսակառույց շենքերի մի մասը ավարտին հասցնել, ինչը թույլ կտա բնակարանով ապահովել մոտ 300 տարհանված ընտանիքի՝ արտոնություն սահմանելով զոհվածների ընտանիքների համար: Թե որ փուլում են գտնվում շինարարական աշխատանքները, կհասցնե՞ն, արդյոք, դրանք ավարտին հասցնել հայտարարված ժամկետներում, պարզաբանեցինք <<Քարավան>> ՍՊԸ կապալառու կազմակերպության աշխղեկ Կոմիտաս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ:
Ըստ աշխղեկ Կ. Հարությունյանի Ստեփանակերտում դեկտեմբեր ամսից <<Քարավան>> ՍՊԸ-ն վերսկսել է իր աշխատանքները Թումանյան 82 և 91 հասցեներում, որի կառուցապատման աշխատանքների մեկնարկը տրվել էր 2019 թվականին: Աշխղեկի տեղեկատվությամբ՝ Թումանյան 82 հասցեում կառուցվում է 10 հարկանի շենք, որի կիսանկուղային հարկը ծառայելու է որպես ապաստարան, մյուս 9-ը վերգետնյա հարկերը բնակելի են և կունենան 108 բնակարան, որից 90-ը 2-սենյականոց են, իսկ մնացած 18-ը՝ 3-սենյականոց: 90 տոկոսով ավարտվել են կառուցապատման աշխատանքները: Կ. Հարությունյանի հավաստմամբ՝ այժմ աշխատանքներ են ընթանում տանիքի վրա, կատարվում են էլեկտրամոնտաժային, օդափոխության, ջրամատակարարման, ներքին կոյուղու, ջեռուցման համակարգերի և սալիկապատման աշխատանքներ: Նույնատիպ աշխատանքներ են ընթանում նաև Թումանյան 91 հասցեում տեղակայված շենքերից միայն մեկում: Ըստ աշխղեկի՝ Թումանյան 91 հասցեում կառուցվող 4 համալիրում նախատեսվում էր 189 բնակարան, սակայն համալիրների 5, 6 և 7 մասնաշենքերը չեն կառուցվում, քանի որ սեփականատիրոջ հետ մեկ հայտարարի չեն գալիս, ուստի կառուցվում է 145 բնակարան:
Ըստ Կ. Հարությունյանի՝ չնայած շինարարական աշխատանքներն իրականացվում են մեծ տեմպերով, բայց ելնելով եղանակային և մի շարք այլ պայմաններից, ամենայն հավանականությամբ, ավարտման աշխատանքներն ավելի երկար կձգվեն, քան հայտարարված էր:
Նա իրազեկեց, որ եղանակները բացվելուն պես, զուգահեռ կսկսվեն 2020 թվականից անավարտ մնացած բարեկարգման աշխատանքները: Մասնավորապես, կկատարվեն խճապատման, ասֆալտապատման, հետիոտնային ուղիների եզրաքարերի շարման, կոյուղու, հեղեղատարային կոյուղու, ջրամատակարարման, էլեկտրասյուների, կապի հանգույցների անցկացման աշխատանքներ:
;