ՙՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԴՈՒՐՍ՝ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԿԱ....՚
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ,
Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի
Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղը գտնվում է Արցախի հարավարևելյան հատվածում՝ շրջկենտրոնից 32 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 35 կմ հեռավորության վրա։ Լեռնային Ղարաբաղի հնագույն բնակավայրերից է։ Համայնքը մինչ 44-օրյա պատերազմն ուներ 275 տնտեսություն, բնակչության թիվը հասնում էր 1130-ի։ Սա մշտական բնակություն ունեցողների թիվն է. 100 մարդ էլ համայնքում ապրում էր ժամանակավոր գրանցումով։ Համայնքի ղեկավար Նարեկ Աթայանի խոսքով՝ Կարմիր շուկան նախկինում ավան էր կոչվում, իսկ 1990-ականներին՝ Արցախյան պատերազմից հետո, գյուղի կարգավիճակ ստացավ։ Իսկ թե որտեղից է ստացել գյուղն իր անվանումը՝ համայնքի ղեկավարն ինքն էլ չգիտե, այդ մասին տարբեր վարկածներ են շրջանառվում։ Տարեցներից ոմանք այն կապում են 11-րդ Կարմիր բանակի ավան մուտք գործելու հետ, ոմանց կարծիքով էլ պատճառը Կարմիր հովիտն է ու դեռևս վաղ ժամանակներում այստեղ գոյություն ունեցած շուկան. գյուղը առևտրատնտեսական խաչմերուկ էր հանդիսանում շրջանի բնակչության համար, որտեղից էլ ծագել է ՙշուկա՚ անվանումը։
Կարմի շուկա մտնելուց աչքի է զարնում մայրուղու հարևանությամբ կառուցված գեղեցիկ ու նորաոճ շենքը՝ երկհարկանի բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնը, որը կյանքի է կոչվել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Կենտրոնը կրում է Հիմնադրամի՝ Ֆրանսիայի տեղական մարմնի հիմնադիրներից մեկի՝ Էդի Ջոլոլեանի անունը: Կենտրոնում գործում են գրադարանը, համակարգչային սրահը, խաղասենյակը, շախմատի սենյակը: Գործում է նաև 160 տեղանոց դահլիճը՝ հանդերձարաններով ու ետնաբեմի սենյակով, որտեղ կարող են տարբեր միջոցառումներ ու ներկայացումներ անցկացվել, հյուրընկալել համույթներ։
Հիրավի, ամեն ինչ լավ կլիներ, եթե չլիներ 44-օրյա պատերազմը, որի պատճառով Կարմիր շուկան այսօր դարձել է սահմանային գյուղ։ Հարևան մի քանի գյուղեր՝ Ջիվանին, Շեխերը, Թաղավարդի կեսը, Զարդանաշենը, Սարգսաշենը մնացել են ադրբեջանցիների հսկողության տակ։ Հադրութ-Ֆիզուլի ճանապարհն էլ անցնում է Կարմիր շուկայով, և, ինչպես համայնքի ղեկավար Նարեկ Աթայանն է ասում, որքան էլ խուսափես տհաճ երևույթներից՝ չի ստացվի. ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ազերիներ տեղափոխող մեքենաների շարասյունն ամեն օր այդ ճանապարհով է անցնում, և ամեն անգամ թուրքերը լկտի ժեստեր են անում, ինչը չեն նկատում խաղաղապահները։
Պատերազմի առաջին իսկ օրերից Կարմիր շուկայի աշխարհազորայինները մասնակցել են մարտական գործողություններին, 13 զոհ և 21 վիրավոր են ունեցել։ Զոհերից 4-ի դին առ այսօր չի հայտնաբերվել։ Գյուղն ինտենսիվ ռմբակոծության է ենթարկվել, հատկապես հոկտեմբերի կեսերից միշտ թշնամու թիրախում է գտնվել։ Հինգ տուն հրդեհի ճարակ է դարձել, 8-ը՝ լրիվությամբ ավերվել է։ Ընդհանուր առմամբ՝ վնասվել է համայնքի բնակֆոնդի 80 տոկոսը։ Ն. Աթայանի հավաստմամբ՝ այսօրվա դրությամբ բնակարանների վերականգնման գործընթացն ակտիվ փուլում է։ Դրանում ինքներս էլ համոզվեցինք. առավոտյան« երբ անցնում էինք Կարմիր շուկայով՝ շինարարաները մի բնակելի տան տանիքի վերականգնման աշխատանքներն էին սկսում, իսկ երեկոյան կողմերը՝ հետդարձի ճանապարհին, գործը լրիվությամբ ավարտված էր։ ՙԱռայժմ աշխատանքներն ընթանում են վնասված տների տանիքների և ջարդված ապակիների վերականգնման ուղղությամբ, իսկ հետո կսկսվի հրդեհի պատճառով վառված հինգ բնակելի տների փոխարեն նորերը կառուցելու գործընթացը։ Նշված հինգ ընտանիքներն այժմ Կարմիր շուկայում են, ծանոթ-բարեկամի տներում են ապաստանել՝ մինչև իրենց բնակարանների խնդիրը լուծվի՚,- ասաց Նարեկ Աթայանը։ Ինչ վերաբերում է տուժած ընտանիքներին համապատասխան գույք և կենցաղային իրեր տրամադրելուն՝ համայնքի ղեկավարն ասաց, որ այդ գործընթացը հանրապետությունում կանոնակարգված չէ, տեղահանվածների մի մասն, օրինակ, ստացել է որոշ ապրանքատեսակներ, իսկ մի մասը՝ ոչ։ Հատկապես գյուղական բնակավայրերում ապաստանածները, չնայած հաշվառված են համապատասխան ծրագրերում, առայժմ չեն կարողացել օգտվել այդ աջակցությունից։
Սննդամթերքի տրամադրման գործընթացում նույնպես առանձնակի ակտիվություն չկա. ընդամենը մեկ անգամ Մարտունու շրջվարչակազմն է ալյուր տրամադրել՝ յուրաքանչյուր ընտանիքի 50 կգ, մեկ անգամ էլ բարերարի կողմից ստացված պահածոյացված սննդամթերք է բաժանվել։
Ասվածին հավելեմ, որ նույն օրը՝ մեր այցի պահին, ԿԽՄԿ-ի կողմից սննդամթերքի տեսքով օգնություն էր բերվել Կարմիր շուկա։
Ն. Աթայանի տեղեկացմամբ՝ պատերազմի ժամանակ տարհանված բնակչության մոտ 90 տոկոսն արդեն վերադարձել է։ Նորմալ հունով ընթանում են ուսումնական պարապմունքները, գործում է մանկապարտեզը։ Կարմիր շուկայի դպրոցն են հաճախում նաև Ակնաղբյուրից, Թաղավարդից և թշնամու կողմից օկուպացված հարևան մյուս բնակավայրերից տեղահանված աշակերտները։
Համայնքի առջև ծառացած խնդիրներից մեկն էլ օկուպացված գյուղերից տեղահանվածներին բնակարանով ապահովելն է։ Գյուղում թափուր տներ շատ կան, որտեղ վաղուց մարդ չի բնակվում։ Համայնքի ղեկավարն առաջարկել է պատկան մարմիններին՝ նման բնակարանները վերանորոգել և տրամադրել տեղահանվածներին։
Ինչպես Արցախի շատ համայնքներ, այնպես էլ Կարմիր շուկան« պատերազմի հետևանքով կորցրել է իր հողահանդակների մի մասը. Քյորբուլաղ կոչվող տեղամասում մոտ 260 հա վարելահող մնացել է թշնամու վերահսկողության տակ։ Գյուղամերձ տարածքներից ևս կորուստ ունեն՝ 32,2 հա սեփականաշնորհված և 35,2 հա վարձակալությամբ տրված (ընդամենը՝ 67,4 հա) հողամասերի 50 տոկոսը չեզոք գոտում է, իսկ 50-ը՝ թշնամու կողմից գրավյալ տարածքում։ Բացի վարելահողերից, 37,95 հա խաղողայգի, 13,5 հա թթայգի և 9,7 հա արոտավայր ու մեկ անասնաֆերմա նույնպես գտնվում են թշնամու վերահսկողության տակ։
Համայնքի ղեկավարը նշում է. ՙԿորուստները շատ են։ Ըստ իս՝ պետք է անասնապահությանը զարկ տանք։ Փառք Աստծո, արոտավայրերը Սխտորաշենի համայնքի տարածքում են, որը մեր հսկողության տակ է։ Զբաղվածության խնդրին կարելի է լուծում տալ գործարանների միջոցով։ Նախկինում էլ Կարմիր շուկան զարգանում էր առկա գործարանների շնորհիվ՝ ձեթի և գինու գործարաններ, գազալցակայան, բենզալցակայան, առևտրի կետեր, հացի փուռ... հիմնականում դրանք էին աշխատատեղեր ապահովողները։ Նպատակ ունենք ջերմոցային և ֆերմերային տնտեսություններ ստեղծել՝ ներգրավելով հատկապես երիտասարդներին։ Հանդես ենք եկել առաջարկություններով և խնդրել, որ նրանք բիզնես-ծրագիր ներկայացնեն։ Պետությունն էլ պատրաստ է ամեն կերպ աջակցել նրանց։ Կարմիր շուկայի բնակչությունն աշխատասեր է... Եթե զբաղվածության խնդիր չլինի և բնակչության անվտանգությունը երաշխավորվի՝ ոչ մեկն էլ չի լքի իր հայրենիքը։ Անձամբ ես չեմ պատկերացնում իմ կյանքը մեկ այլ երկրում։ Հայրենիքից դուրս՝ հայրենիք չկա՝ սա պետք է բոլորը գիտակցեն՚,- զրույցը եզրափակեց Նարեկ Աթայանը։