ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐՏԵՂ ԱՄԵՆ ԻՆՉ ԾԱՅՐԻՑ ԾԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔ Է
Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ
Խաչատրյանների գերդաստանն Արցախի ազատագրական պայքարի մեջ ուրույն և նշանակալի ավանդն ունի։ Այս տոհմի ժառանգները մեկ անգամ չէ, որ իրենց նվիրվածությամբ ապացուցել են գերդաստանի սերն առ հայրենիք։ Ամենալավ իմաստով նրանց է պատկանում ցեղակրոնության այն գաղափարը, որ հանուն ազգի, հանուն ժողովրդի ապրելն է միակ սրբազան առաքելությունը։
Մարտունեցի Վարդան Խաչատրյանին շատերն են ճանաչում՝ նրա անգերազանցելի հայրենասիրության և ամենադժվար իրավիճակներում աննահանջ պայքարի կարողության համար։
Վարդան Խաչատրյանն արցախյան առաջին պատերազմի ժամանակ մասնակցել է բազմաթիվ մարտական գործողությունների, իր հորեղբոր` լեգենդար հրամանատար, Արցախյան շարժման առաջամարտիկ Վալոդյա Խաչատրյանի (ԿՈՄԻՍԱՐԻ) հետ անցել է բազմաթիվ փորձությունների միջով, մեկ անգամ չէ, որ նայել է մահվան աչքերին ու հաղթել մահին։ Եվ հենց 90-ականների Արցախյան ազատագրական պայքարի ժամանակ էլ Վարդանը կորցրել է իր ոտքը։ Պատերազմն իր ծանր հետքը թողեց, և թվում է, ճակատագիր ասվածը նախանձում էր այս տեսակի զորությանը, որին հաղթել անկարելի է, անկարելի բոլոր առումներով։
Առաջին արցախյան պատերազմից հետո Խաչատրյանը լծվում է հայրենիքի շենացման գործին. հայրենիքին պետք էր շունչ տալ, պետք էր ապրել հանուն նրա, որ այլևս Արցախում չփոթորկի պատերազմ ասվածը։ Անհավանական ապրելակերպի տեր մեր հերոսը զինադադարից հետո սկսում է վարել բեռնափոխադրող մի հսկա մեքենա։ Իհարկե, անսովոր բան չկա, միայն թե Վարդանը դա անում էր մեկ ոտքով։ Ես փոքր երեխա էի, երբ նրան ամեն անգամ այդ մեքենան բարձրանալիս տեսնում և զարմանում էի, զարմանում էի, քանի որ այդկերպ կարող էր լինել միայն առասպելներից ծնված հերոսը։ Հենց այդ պահից նա է կենդանի իմ հերոսը։
Վարդանին ճանաչողները գիտեն, թե որքան բարի ու սրտացավ մարդ է, առանց հատուկ կեցվածքային ճոռոմ խաղք ու ցուցքի։
Ապրիլյան քառօրյային և սեպտեմբերին սկսված Արցախյան երկրորդ պատերազմից առաջ ու հատկապես պատերազմի ժամանակ Վարդան Խաչատրյանն իր տրակտորով ամենուր էր, նրան կարելի էր հանդիպել սահմանի տարբեր հատվածներում՝ խրամատներ փորելիս, անվտանգության նպատակով ինժեներաշինարարական աշխատանքներ իրականացնելիս և այլն։ Տղերքը պատմում են, որ նույնիսկ այն ժամանակ, երբ հակառակորդն անխնա արկակոծում էր, Վարդանը չէր անջատում տրակտորի շարժիչը, աշխատում էր՝ առանց վայրկյան կորցնելու։ Եվ փաստ է, որ նրա աշխատանքի շնորհիվ շատ կյանքեր փրկվեցին։ Այս բացառիկ մարդն օրինակելի է, հայ մարդու տեսակ, որի համար հայրենասիրությունը չափաբաժին ու սահման չունի։
Վարդանի հետ խոսել նրա կատարած գործերի մասին՝ բավականին բարդ գործ է, նույնիսկ՝ անհնար։ Վարդանն, իսկապես, լավ մարդ է, լավ ընկեր և, որ ամենակարևորն է՝ լավ քաղաքացի։
Արցախյան առաջին, երկրորդ և ապրիլյան քառօրյա անցած Վարդան Խաչատրյանի մասին կարելի է երկար, շատ երկար խոսել և պատմել նրա սխրագործությունների մասին։ Այսօրինակ հերոսները պետք է դառնան չափանիշ բոլոր սերունդների համար։ Հերոսներ, ովքեր մարտնչել են ոչ թե մեդալի ու պաշտոնի համար, այլ հանուն նրա, որ հայրենիքի ազատությունն անխախտ մնա։ Նրա տեսակի ու կերպարի կարիքը հիմա մեզ պետք է ավելի, քան երբևէ։
Ծովից ծով սեր ու հայրենասիրություն կա քո մեջ, Վարդա՜ն Խաչատրյան։