[ARM]     [RUS]     [ENG]

Թոշակառուները 68000-ներից կօգտվեն ամբողջությամբ

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Վերջերս մեկնարկեց ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից իրականացվող 68000-ական դրամ սոցիալական աջակցությունը: Թերթի նախորդ համարներում անդրադարձել ենք այս ծրագրին և դրա հետ կապված որոշ հարցերի: Չնայած դրան, ծրագրի մեկնարկից հետո էլ դեռ հարցերը շատ են, որոնց կպատասխանի ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի աջակցության ծրագրերի հարցերով խորհրդական Արաքսյա Գրիգորյանը:

-Ամենահաճախ տրվող հարցերից է` միևնույն ընտանիքի անդամները կարո՞ղ են լրացնել դիմումը նույն բանկային քարտով:
-Յուրաքանչյուր չափահաս անձ իր դիմումը պետք է լրացնի իր անձնական բանկային քարտով: Անչափահաս երեխաների դիմումները մուտքագրվում են ծնողների տվյալների և բանկային քարտի ներքո:
-Դիմումը լրացնելիս առաջանում է տեխնիկական խնդիրներ, օրինակ, ռեգիստրում տվյալների անհամապատասխանություն, ինչո՞վ է դա պայմանավորված: Հնարավո՞ր է, որ այդպիսի խնդիրներ առաջանան ծրագրի ծանրաբեռնվածությունից:
- Այս անգամ գրեթե նման խնդիր չկա: Օրական հարյուրավոր դիմումներ ենք լրացնում, այդպիսի դեպքի չենք հանդիպել, որ ռեգիստրում տվյալները չհամընկնեն: Միայն հնարավոր է, որ անչափահաս երեխաների դեպքում, երբ բացի ծննդյան վկայականից, երեխան ունենում է նաև անձնագիր, այդ դեպքում, իհարկե, կարող են այդպիսի խնդիրներ առաջանալ: Դրա համար պարզապես պետք է անձնագրի տվյալները լրացնել, ոչ թե ծննդյան վկայականի: Խնդրի պատճառ կարող է հանդիսանալ նաև օրերի տարբերությամբ անձնագրի փոխելը, այսինքն տվյալները սոցապ նախարարությանը փոխանցելուց հետո, անձնագիրը փոխվել է: Հետևաբար, նման խնդիրները շատ քիչ, բայց հնարավոր է լինեն, իսկ ընդհանուր առմամբ դրանք բացառված են:
Իսկ ինչ վերաբերում է ծրագրի ծանրաբեռնվածությանը, ապա այդ խնդիրը չկա: Պարզապես քաղաքացիները պետք է շատ ուշադիր լրացնեն: Բազաները բավականին լավ վիճակում են, դրանց վրա մեծ աշխատանք է տարվել:
-Ի վերջո, թոշակառուներին տրվելիք աջակցության հարցն ի՞նչ լուծում ստացավ. գումարն ամբողջությա՞մբ կտրվի, թե՞ մասամբ:
-Թոշակառուները կստանան ամբողջությամբ` 68000 դրամ` իրենց թոշակի հետ միասին: Անկախ նրանից թոշակառուն իր թոշակը ստանում է բանկային քարտով, թե փոստից, նա կօգտվի աջակցությունից լրիվությամբ: Թոշակառուները դիմումներ չեն լրացնում, իրենց թոշակների հետ, ավտոմատ կերպով, կստանան աջակցությունը:
-Եթե մի անգամ սխալ տվյալներ է գրանցվել, հնարավո՞ր է ուղղել, խմբագրել տվյալները:
-Հայաստանյան մեր գործընկերների հետ դիմումների տվյալների համադրում ենք կատարում: Պարզապես քաղաքացիներն ամենօրյա կտրվածքով պետք է հետևեն իրենց էլեկտրոնային փոստերին: Այնտեղ տրվում է դիմումի մերժման կամ հաստատման վերաբերյալ ծանուցումներ: Եթե լինում է մերժում, պատճառն անպայման գրվում է, և քաղաքացին հնարավորություն ունի երկրորդ անգամ լրացնելու:

Կցանկանայի անդրադառնալ նաև մի խնդրի ևս. քաղաքացին լրացնում է դիմումը, բայց ավարտման կոճակը չի սեղմում: Անպայման պետք է սեղմել ՙավարտել դիմումի մուտքագրումը՚ կոճակը: Հակառակ դեպքում դիմումի ընթացքի մասին ո՜չ ինքը կիմանա, ո՜չ մենք:
Վերջերս մի դեպք է եղել, երբ քաղաքացին իր վրա պատասխանատվություն է վերցրել 20 հոգու դիմում լրացնել: Եթե ժամանակին մեզ դրա մասին տեղյակ չպահեին, այդ թերի լրացված դիմումները շատերի համար աջակցության մերժման պատճառ կդառնային: