ԱՐՑԱԽՑԻՆԵՐՆ ԱԲՈՎՅԱՆՈՒՄ
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Արցախցին իր տանն էր ապրում, արարում, բայց դարձյալ պատերազմ սկսվեց, դարձյալ տեղահանություն և գաղթ։
Այսօր թշնամու տիրապետության տակ են անցել Հադրութի, Քարվաճառի, Քաշաթաղի շրջաններն ամբողջությամբ, ինչպես նաև Շուշի քաղաքն ու հարակից տարածքները՝ Քարինտակով հանդերձ, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի որոշ հատվածներ։
Պատերազմի օրերին տասնյակ հազարավոր արցախցիներ ստիպված հեռացան իրենց տներից ու ապաստան գտան Երևանում, Սյունիքում, Կոտայքում, Գուգարքում, ՀՀ այլ վայրերում։ Զինադադարի հաստատումից հետո շատերը հետ գնացին ու շարունակում են ապրել իրենց տներում, բայց քաշաթաղցին ու հադրութեցին, շուշեցին մնացին Հայաստանի տարբեր մարզերում, Երևանում։ Մնացել են՝ մեկը ծանոթի ու բարեկամի տանը, մյուսները՝ վարձով, շատերը՝ հարմարեցված տարածքներում, հատկացված կառույցներում։
Աբովյան քաղաքում գործող ՙԿՈՏԱՅՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ՚ ՊՈԱԿ-ի տնօրենությունն առաջիններից էր, որ օգնության հասավ արցախցիներին ու կեցության տարածք հատկացրեց կենտրոնի շենքում։ Տնօրեն Տաթևիկ Շիրինյանն ասում է՝ սկզբում շատ ընտանիքներ էին, բայց որոշները վերադարձան Արցախ կամ տեղափոխվել են այլ բնակավայրեր։
Օրերս աշխատանքային այցով Աբովյան քաղաքում էի, հանդիպեցի նաև նշված կենտրոնում տեղավորված արցախցիների հետ։ Բոլորն էլ հայտնեցին իրենց շնորհակալությունը կենտրոնի ղեկավարությանը՝ ջերմ ընդունելության ու ամենօրյա ուշադրության համար։ Բերձորցի երաժիշտ Արթուր Մովսեսյանը 4-հոգանոց ընտանիքով է այստեղ։ Դուստրը՝ Մարիամը, գերազանց առաջադիմությամբ սովորում է մոտակա դպրոցում։ Բերձորում հաճախում էր արվեստի դպրոցի դաշնամուրի բաժին։ Այստեղ օգտվում է կենտրոնի դաշնամուրից։ Ցավով է Արթուրը հիշում բերձորյան իր տունը, աշխատանքը, բայց կյանքը պետք է շարունակել, գոհ է, որ ունի տանիք։
Հենրիխ Գրիգորյանը մասնակցել է պատերազմին, վիրավորվել, բուժվել։ Այժմ ընտանիքով այստեղ է բնակվում։ Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղից է։ Վերաբնակիչ էր նորաստեղծ այս գյուղում, որն ուներ բարեկեցիկ բնակարաններ, դպրոց և մոտ էր Մեխակավանին։ Արտակ Հակոբյանը 22 տարի ընտանիքով բնակվել է Քաշաթաղի Կովսական քաղաքում։ Այնտեղ է թողել ամեն ինչ՝ տուն ու տեղ, այգի, գույք, երիտասարդություն։ Մեծ ընտանիքով մի սենյակում են։ Մտածում է տեղափոխվել Արարատյան դաշտավայրի որևէ բնակավայր, որ հող մշակի։ Հադրութի պատմական Ազոխ գյուղից է Արման Բալասանյանը։ Կնոջ, երրորդ դասարանցի դստեր՝ Էմմայի և երկրորդ դասարանցի որդու՝ Էդուարդի հետ է մեկ սենյակում բնակվում։ Կարոտով է հիշում իր հայրենի գյուղը, շեն տունն ու այգին և հույս ունի՝ կվերադառնա։
Բերձորից Յակուբով Աշոտը նույնպես 2 երեխաների ու կնոջ հետ է այստեղ։ 4 եղբայր մասնակցեցին վերջին պատերազմին, կրտսերը՝ Վիտալին, նահատակվեց ռազմի դաշտում և հուղարկավորված է Աբովյանի Սարալանջի պանթեոնում։ Ծանր է եղբոր կորուստը, բայց պետք է կարողանան դուրս գալ այս վիճակից։ Քաշաթաղի Այգեկ գյուղից Ալիսա Հովսեփյանի 17-ամյա որդին առողջական խնդիրներ ունի, ավագ որդին՝ Գոռը, ազատամարտի մասնակից է։ Միասին այստեղ են տեղավորվել, գոհ է տնօրենությունից։ Անհանգիստ է Արմեն որդու համար, ով այժմ ժամկետային ծառայությունն է անցկացնում Արցախում։ Սամվել և Սարգիս Հովսեփյան եղբայրներն Ապրիլյան, Արցախյան վերջին պատերազմների մասնակից են։ Վերջերս են իջել դիրքերից և պատրաստվում են շուտով նորից գնալ սահման։ Ընտանիքներն այստեղ են տեղավորվել։ Սամվելը վերջերս է վիրահատվել Աբովյանի բժշկական կենտրոնում։ Գոհ է բժիշկներից։ Շնորհակալ է նաև իրենց կացարան տրամադրած կենտրոնի տնօրենությունից։ Կենտրոնը բոլոր բնակիչներին հատկացրել է մահճակալ, անկողնային պարագաներ, կենցաղային տեխնիկա, գույք։ Այնուամենայնիվ՝ բոլորի նպատակն ու երազանքը մեկն է՝ վերադառնալ տուն, շենացնել Արցախ աշխարհը։ Դպրոցականներն իրենց դպրոցում են ցանկանում սովորել։