[ARM]     [RUS]     [ENG]

Նաբերեժնայա փողոցի ասֆալտապատումը համապատասխանում է սահմանված նորմերին

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

 Ստեփանակերտի Նաբերեժնայա փողոցի երկար ճանապարհահատվածի ասֆալտապատումը սկսվել էր դեռ պատերազմից առաջ: Պատերազմից հետո էլ աշխատանքները վերսկսել է ՙԿապավոր՚ ՍՊԸ-ն: Աշխղեկ Մուշեղ Հայրապետյանը ներկայացնում է. ՙԻնտենսիվ աշխատանք է ընթանում: Ասֆալտապատման առաջին շերտի աշխատանքը համարյա ավարտված է: Հետո կանցնենք երկրորդ շերտին: Ունենք համապատասխան տեխնիկա (գլդոններ, տրակտորներ, ասֆալտապատող մեքենա, ինքնաթափ) և աշխատուժ, ինչը հնարավորություն կտա որակյալ աշխատանք կատարել՚:

Ճանապարհահատվածը բավականին երկար է` 3 կմ 800 մ երկարություն և 9 մ լայնություն:
Հարցին, թե արդյո՞ք ասֆալտը համապատասխանում է նորմերին և մի տարի հետո կարիք չի՞ լինելու ճանապարհը վերանորոգել, Մ. Հայրապետյանը հավաստիացրեց. ՙԲոլոր նորմերին համապատասխան ենք աշխատում, հումքը տեղական է, որակյալ ասֆալտ է, բայց խնդիրը նաև այն է, որ վարորդներն իրենք ևս պետք է պահպանեն կանոնները, այսինքն` սահմանվածից մեծ քանակության տոննաժ չպետք է տեղափոխեն, ինչը, ցավոք, որակազրկում է ասֆալտը: Կոնկրետ այս ճանապարհը բանուկ է, այստեղով մեծ քանակության ծանր մեքենաներ են անցնում, և այդ խնդիրն առկա է՚:
Բացի նրանից, որ Նաբերեժնայա փողոցի այս հատվածը կարևոր նշանակություն ունեցող ճանապարհ է մայրաքաղաքի համար, դրա ասֆալտապատումը երկար սպասված է նաև թաղամասի բնակչության կողմից: Պատերազմից հետո այսպիսի բարեկարգումները այն փոքրիկ ուրախություններն են, որոնք թեկուզև փոքր, բայց առաջ շարժվելու, կյանքի շարունակականությունը հիշեցնող նախապայմաններ են: