[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 Անգամ պատերազմի ընթացքում հանրապետության կառավարությունը գործի էր դնում բոլոր հնարավորությունները հրետակոծության արդյունքում շարքից հանված ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ: Քաղաքաշինության մասնագետները համապատասխան շինարարական աշխատանքներն սկսելու համար հաշվարկները կատարել էին նախապես` չնայելով շարունակվող պատերազմին: Այսօր էլ մայրաքաղաքում և շրջաններում շարունակում են պատերազմի ընթացքում հրետակոծությունից վնասված բնակարանային ֆոնդի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի ներկայացրած տվյալներով` հանրապետության տարածքում հաշվառվել էր հրետակոծությունից վնասված ավելի քան 6900 շենք-շինություն, որի մեծ մասը` 4435-ը` միայն Ստեփանակերտում: Շրջաններից առավել շատ է տուժել Մարտունու շրջանը, որտեղ նմանատիպ 1300 օբյեկտ է գրանցվել: Մարտակերտում այդ թիվը 658 է: Համեմատաբար քիչ` թվով 250 շենք-շինությամբ է տուժել Ասկերանի շրջանը:
Շինարարական աշխատանքներ են իրականացնում թվով 130 կազմակերպություններ: Միայն Ստեփանակերտում այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում 600 կետերում, 270-ում դրանք արդեն ավարտին են հասցվել: Ասկերանի 50 շենք-շինություններում ընթացող աշխատանքները 25-ում են ավարտվել: Մարտունու նման 210 շենքերից ավարտվել է կեսը, Մարտակերտի 46 տեղերում ընթացող շինվերանորոգման աշխատանքների մեծամասնությունը ևս ն ավարտի փուլում է:
Նախարարության տվյալներով` ներկայում ավելի քան 960 օբյեկտում ընթանում է շինարարական տարբեր կարգի աշխատանքներ: Մոտ 2500 տներում վնասված դռների ու պատուհանների փոխարինման աշխատանքներ են ընթանում: Պատերի ուժեղացման, տանիքների կառուցման և անհրաժեշտ այլ աշխատանքների համար նախարարությունը ժամանակին բավարար քանակի շինանյութ է ձեռքբերել: Հանրապետության տարբեր շրջաններում բնակվող և հրետակոծությունից այս կամ այն չափի վնասներ կրած 2600 ընտանիքի տրամադրվել է համապատասխան անհրաժեշտ շինանյութ: Նրանք պատրաստակամություն են հայտնել սեփական ուժերով իրականացնել տների վերանորոգումը: Այս գործընթացն ընթացքավորվել է քաղաքաշինության մասնագետների այցերից հետո: Քաղաքաշինությունն ուշադիր է այս հարցում, քանի որ կոնստրուկտիվ խատումներ ունեցող տներում շինարարական կազմակերպությունների միջամտությունը պարտադիր է:
Նախարարն անդրադարձել է նաև հիմնովին ավերված բնակարանների թվաքանակի և այնտեղ ընթացող աշխատանքների վերաբերյալ: Ըստ սեյսմիկ ծառայության փորձագիտական եզրակացության` ավելի քան 70 բնակելի տուն լրիվությամբ ավերված է ճանաչվել, նման 17 բնակելի տուն կա Մարտունում, 5-ը` Ասկերանում: Այդ տների հիմքից կառուցման նախագծերն արդեն պատվիրված են, շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները: