ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՆՇԵՑ ԱՈՒՏԻԶՄԻ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 2007թ. դեկտեմբերի 18-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի կողմից ապրիլի 2-ը ընդունվեց որպես աուտիզմի իրազեկման միջազգային օր, որը սկսեց նշվել 2008 թվականից:  Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը, որտեղ 2017թ. “Ջինիշյան հիշատակի հիմնադրամի”, “Հովարդ Կարագյոզյան” բարեգործական կազմակերպության և ԱՀ կառավարության աջակցության շնորհիվ ստեղծվեց աուտիզմով տառապող երեխաների համար մասնագիտացված բաժանմունք, Ազատամարտիկների այգու փազլ  խաղահրապարակում նշեց աուտիզմի իրազեկման միջազգային օրը:

Ըստ կենտրոնի լոգոպեդ Նորա Կարապետյանի, ով աշխատում է երեխաների հետ մասնագիտացված բաժանմունքի բացման օրվանից, միջոցառման անցկացման վայրը պատահական չէ ընտրված: Փազլը ողջ աշխարհում համարվում է աուտիզմի խորհրդանիշ, այսինքն` մտքերի ցրվածություն: “Մենք` մասնագետներս, ծնողների և հասարակության հետ միասին, օգնում ենք երեխաներին, որպեսզի նրանք հավաքեն իրենց մտքերը և ստանան մեկ ամբողջական պատկեր”,- հատկանշեց մասնագետը: Ըստ նրա` աուտիզմը զարգացման նյարդաբանական բարդ խանգարում է, այն ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Նյարդաբանական այդ խանգարումն ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա` խոչընդոտելով սոցիալական հարաբերություններն ու հաղորդակցման հմտությունների զարգացմանը: Աուտիզմ ունեցող երեխաների թիվը, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կտրուկ աճում է: Եթե մի քանի տասնյակ տարիներ առաջ 10.000-ից մեկն էր տառապում, ապա ներկայումս` մոտ 88 երեխայից մեկը:

Նորա Կարապետյանի հավաստմամբ` այսօր գոյություն չունի մի մեթոդ, որն ի զորու կլիներ ամբողջովին հանել  երեխային այդ վիճակից, բայց վերականգնողական և կրթական միջամտության շնորհիվ հնարավոր է օգնել նրանց` հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհը: Այսինքն` նպաստել հասարակության մեջ նրանց ինքնուրույնության և կյանքի որակի բարձրացմանը: Նրա տեղեկությամբ` տարեկան 60 երեխաներ հաճախում են Վերականգնողական կենտրոն, որտեղ համապատասխան մասնագետների համատեղ ջանքերով հաջողվում է գրանցել երեխաների վարքի և ճանաչողական ունակությունների աճ, հասարակությանն ինտեգրվելու նորմեր:

Նշենք, որ երեխաներն արտասանեցին կարճ ոտանավորներ, ցուցադրեցին փոքրիկ պար, վերջում էլ օդ բաց թողեցին սպիտակ փուչիկներ: Երջանիկ էին երեխաները, երջանիկ էին ծնողները: