ՄԵԾ ԹԱՂԵՐԻ ԿԱՐՈՏՈՎ
Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ
Արցախյան երրորդ պատերազմը փոխեց հազարավոր մարդկանց ճակատագրերի ընթացքը, և արարող արցախցին, իր տարիների ընթացքում ստեղծածը ստիպված եղավ թողնել թշնամու հսկողության տակ և հայտնվել փրկված մի թիզ հայրենիքի այս կամ այն բնակավայրերում, բայց արդեն... տեղահանվածի կարգավիճակով։
Այդ ծանր ճակատագրի կրողներից են նաև Մեծ Թաղերցի Աբաղյանները, ովքեր, անտանելի ցավը սրտում, այսուհետ օրը սկսում և ավարտում են հայրենի գյուղի կարոտով։
Լեռնիկ Աբաղյանի հետ մեր զրույցը սկսեցինք այնտեղից, թե երբ և ինչպես ստիպված եղան թողնել Մեծ Թաղերը։
- Հոկտեմբերի… կարծեմ 22-ն էր, երբ թշնամին հարևան գյուղերը գրավելուց հետո մտավ մեր գյուղ, գյուղում դեռ շատ մարդ կար։ Այսպես ասեմ. նույնիսկ պատերազմի առաջին օրերին, որպես անվտանգ տեղ, մեր գյուղ էին եկել հարյուրավոր կանայք ու երեխաներ Արցախի տարբեր բնակավայրերից։ Ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ պատերազմի հետագա զարգացումը այդպիսի աղետալի ընթացք կարող է ունենալ։ Վայրկյան առ վայրկյան հիշում եմ այդ պահը։ Գյուղը լքելուց առաջ անգամ չէի ցանկանում թշնամուն կենդանի վիճակում թողնել նույնիսկ մեր անասուններին, բայց հայրս կանխեց, ասելով, թե նոր եմ կերակրել կովերին։ Հայրս հավատում էր, որ վերադառնալու ենք։
Լեռնիկ Աբաղյանը երիտասարդ երաժիշտ է, հարյուրավոր հարսանիքներ, կնունքներ են կատարվել նրա քաղցր նվագի ուղեկցությամբ, սակայն այսօր ծանր փորձությունը ուսերին վերցրած, ապագայի ու ներկայի հետ անհավասար մարտի ելած Լեռնիկի համար այլևս ուրիշ են կյանքը շարունակելու, ապրելու պատկերները։ Լռել է նրա կլառնետի նվագը, և, ինչպես ինքն է ասում՝ ով գիտի, թե մեկ էլ երբ կնվագեմ…
Արդյոք հաջողվե՞ց մինչև վերջին մարդը տարհանել գյուղից, և այդ ողբերգական իրադարձությունից հետո որտե՞ղ հաստատվեցին մեծթաղերցիները։
- Գյուղում մնացին երկու հոգի` մի տարեց մարդ և առողջական խնդիրներ ունեցող մի տղա, մնացած բնակիչները կարողացան փրկվել։ Պատերազմից հետո մեր երկու համագյուղացիների մարմինները թշնամին մեզ հանձնեց։ Անասելի ծանր է, չգիտեմ, ամեն բան այլ կերպ պետք է լիներ, այս ամենը կենսունակ չէ։
Հիմա մեծթաղերցիներից շատերն ապրում են մայրաքաղաք Ստեփանակերտում, Երևանում, հարևան Մարտունու շրջանում… Համագյուղացիներիս հետ մշտական կապի մեջ եմ։ Որքան էլ ծանր է իրականությունը, մեզնից ոչ ոք չի կորցնում հավատը, որ մի օր նորից վերադառնալու ենք, վերադառնալու և շենացնելու ենք մեր հարազատ Մեծ Թաղերը։
Աբաղյանները պատերազմից հետո հաստատվել են Մարտունի քաղաքում։ Լեռնիկին Մարտունու փողոցներում հաճախ կարելի է տեսնել՝ մարտունեցի երաժիշտ ընկերների հետ, ովքեր փորձում են ամեն կերպ իրենց ընկերոջ կողքին լինել։
- Այստեղ մարդիկ մեզ լավ են ընդունել, ինձ շատ հարազատ է Մարտունին, կապող շատ բաներ կան։ Այս առումով, փառք Տիրոջը, ոչ մի խնդիր չկա, բայց որքան էլ լավ ընդունեն, որքան էլ փորձեն լրացնել ջերմության պակասը, միևնույն է, անկարելի բան է Մեծ Թաղերի կարոտով ապրելը։
Երկար զրուցել չստացվեց։ Առարկայական էր զգացվում նրա հուզմունքը, թեև ձգտում էր առեղծվածային հատուկ մի ժպիտով թաքցնել խռովահույզ հոգին։ Ասել է թե՝ ցավին հաղթում և մեզ ստիպում էր իր հետ հավատալ ու լծվել այն գործին, որ վաղը դեպի Մեծ Թաղեր բաց լինեն բոլոր ճանապարհները...
Հ.գ.
Հավատանք, որ Մեծ Թաղերի հայկական օջախների երդիկները կրկին կծխան, և Լեռնիկն ու նրա նման շատ-շատերը կվերադառնան իրենց տները։ Արարող Արցախցու հավատը երբեք, երբե՜ք իրավունք չունի մեռնելու։