[ARM]     [RUS]     [ENG]

Քարվաճառցիները հանդիպել են՝ քննարկելու առավել հրատապ խնդիրները

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

 2021 թվականի մարտ ամսին հիմնադրվել է ՙՎերադարձ դեպի Քարվաճառ՚ հասարակական կազմակերպությունը։ Ըստ կազմակերպության գործադիր տնօրեն Դավիթ Եղիազարյանի՝ կազմակերպությունն ստեղծվել է Արցախի Շահումյանի շրջանից տեղահանված բնակչության ոտնահարված իրավունքների պաշտպանության համար։ ՙՄենք աշխատում ենք Քարվաճառի շրջանի բոլոր տեղահանված համայնքների բնակիչների հետ՝ նրանց ձայնն ավելի լսելի դարձնելու ուղղությամբ։ Կազմակերպության վերջնական նպատակն այնպիսի իրավական և սոցիալական հիմքերի ստեղծումն է, որոնք թույլ կտան քարվաճառցիներին վերադառնալ իրենց հայրենի շրջան։ Այդ ուղղությամբ մենք համագործակցելու ենք Արցախի տարբեր շրջաններից տեղահանված բնակչության հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ, անընդհատ աշխատանք ենք տանելու ՀՀ Կառավարության և միջազգային պատկան կազմակերպությունների հետ։ Քարվաճառցիների խախտված իրավունքները դիտարկում ենք համահայաստանյան հարթության մեջ և դրանք չենք առանձնացնում Արցախի ու Սյունիքի այլ բնակավայրերի բնակիչների իրավունքներից՚,- մեզ հետ զրույցում ընդգծեց կազմակերպության գործադիր տնօրենը։

Ապրիլի 10-ին հասարակական կազմակերպության խորհրդի անդամները հանդիպում ունեցան Շահումյանի շրջանի տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր առանձնացնել քարվաճառցիների ունեցած հրատապ խնդիրները և փորձել լուծման ուղիներ գտնել դրանց համար։ Հանդիպման ընթացքում ներկաները, որպես առաջնային անհետաձգելի խնդիր, նշեցին բնակարանի հարցը։
2020 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ համաձայնության արդյունքում Շահումյանի շրջանի 16 համայնքներից 14-ը հանձնվել են Ադրբեջանին, և նշված 14 համայնքների բնակիչներն ստիպված են եղել թողնել իրենց տներն ու հեռանալ իրենց բնակավայրերից։ Շրջանի բնակիչների հիմնական մասն այսօր ապաստան է գտել ՀՀ տարբեր շրջաններում, ապրում են կա՜մ ծանոթի ու բարեկամի մոտ, կա՜մ վարձով։ Երկու դեպքում էլ մարդիկ հնարավորինս շուտ մշտական բնակարանի լուծման առաջնահերթ խնդիր ունեն։ ՙՄշտական աշխատանք շատերս դեռ չունենք, բնակարանի վարձավճարները բավականին թանկ են, երկար ժամանակ վճարել չենք կարող՚,- նշում են շատ քարվաճառցիներ։
Հանդիպման ավարտին ներկաները որոշեցին միասին դիմել ՀՀ կառավարությանը՝ իրենց կորցրած տների համար խելամիտ փոխհատուցման պահանջով, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք կարողանա որոշել՝ որտեղ և ինչ պայմաններով կկարողանա տուն ձեռք բերել։
Որոշվեց շրջանի բնակիչների հանդիպումները պարբերական դարձնել՝ ընդհանուր խնդիրների համար համատեղ լուծումներ գտնելու նպատակով։