ՀՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է COVID-19 ՎԱՐԱԿԻ ՆՈՐ` 961, ԻՍԿ ԱՀ-ՈՒՄ՝ 11 ԴԵՊՔ
Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ
Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես COVID-19 վարակի դեպքերը դեռ չեն նվազում։ Վերջին շաբաթվա տվյալներով՝ ՀՀ-ում միջինում օրական գրանցվել է նոր կորոնավիրուսի 800-1120 դեպք։ Ապրիլի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 961 նոր և ընդհանուր 207103 դեպք։ Ընդհանուր առմամբ, վարակից ապաքինվել է 186 200 մարդ, մահացել՝ 3835 հիվանդ: Կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում բուժում է ստանում 16099 հիվանդ: COVID-19 վարակի հայտնաբերման համար ՀՀ-ում արդեն կատարվել է 926293 թեստավորում: Վերջին օրը կատարված 5870 թեստավորման արդյունքներով՝ վարակից առողջացել է 1075 և մահացել 18 հիվանդ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ հիվանդներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 969 է:
COVID-19 համավարակի կանխարգելման համար աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել է պատվաստումների գործընթացը։ ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ օրերս Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ ռուսական ՙSputnik-V՚ պատվաստանյութի 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար և ՙCOVAX FACILITY՚ նախաձեռնության միջոցով` ՙAstraZeneca՚ ընկերության` 24 հազար դեղաչափ պատվաստանյութ։ Պատվաստումների առաջին փուլում կներարկվեն ռիսկի խմբերի անձինք, մասնավորապես՝ բուժաշխատողները, 65 տարեկան և բարձր տարիքի մարդիկ, քրոնիկ հիվանդները, տարեցների և սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները։ ՀՀ-ում պատվաստումներն իրականացվելու են պետպատվերի շրջանակներում և բացառապես կամավորության սկզբունքով: Արդեն ապրիլի 13-14-ը Հայաստանում ՙAstraZeneca՚-ի դեղաչափերով պատվաստվել է 60 անձ: Մասնագետների հավաստմամբ՝ պավաստվողների ինքնազգացողությունը բավարար է և հետպատվաստումային լուրջ բարդություններ չեն գրանցվել։ Նշենք, որ այդ պատվաստանյութի արդյունավետության առումով որոշ երկրներում տարաձայնություններ են եղել, ուստի ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը նախընտրում է պատվաստվել ռուսական ՙSputnik-V՚-ով։
Արցախում նույնպես COVID-19 վարակի դեպքերը դեռ չեն նվազում։ Վերջին շաբաթվա տվյալներով՝ հանրապետությունում միջինում օրական գրանցվել է 8-11 դեպք։ Ապրիլի 15-ին կատարված 82 թեստավորման արդյունքում ԱՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների վարակակիրների շփման շրջանակից են։ Ներկայումս COVID-19-ից ստացիոնար բուժում է ստանում 42 հիվանդ, իսկ թեթև ախտանշաններով վարակակիրները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ընդհանուր առմամբ, Արցախում կատարվել է 22 967 թեստավորում, հաստատվել՝ կորոնավիրուսային հիվանդության 2591 դեպք: Այս տարվա ընթացքում 5512 քաղաքացու ՊՇՌ հետազոտության արդյունքներով արձանագրվել է COVID-19 վարակի 707 դեպք։
ԱՀ առողջապահության նախարարության համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի մասնագետները պարբերաբար վարակազերծման աշխատանքներ են իրականացնում վարակի օջախներում և այլ վայրերում: Ոլորտի մասնագետները հորդորում են պահպանել սոցիալական հեռավորություն, հետևել հիգիենայի տարրական կանոններին, դնել դիմակ, խուսափել մարդկային կուտակումներից փակ տարածքներում՝ կարևորելով հակահամաճարակային միջոցառումները։