[ARM]     [RUS]     [ENG]

Նախարար Խանումյանը պարզաբանել է պետաջակցության համայնքային ցուցակների անճշտության պատճառները

 

Պատերազմի հետևանքով տեղահանված, ինչպես նաև բնակության համար ոչ պիտանի դարձած բնակարան ունեցող արցախցիներին տրամադրված պետական ֆինանսական աջակցության ծրագրերի շահառուների ցուցակներում եղել են մարդիկ, որոնք տարիներով Արցախից և անգամ Հայաստանից դուրս են բնակվում, ինչը  համակարգը հստակ ցույց է տալիս: Այս մասին  ասաց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝ մեկնաբանելով որոշ համայնքապետերի կողմից տեղահանված արցախցիների  պետական ֆինանսական աջակցության ցուցակներում ոչ շահառու անձանց ընդգրկելու դեպքերը:

«Կան համայնքապետեր, որոնք անտեղյակության կամ վատ իմանալու պատճառով են այդպիսի մարդկանց ներառել, կան գյուղապետեր, որոնք համագյուղացիների ճնշումներին են տրվել և ավելացրել՝ շահառուների ցանկում: Կարծում եմ, ողբերգական չպետք է մոտենալ այս դեպքերին: Հատ-հատ պետք է զտել, ֆիլտրել այդ ցուցակները և ոչ շահառուներին հնարավորինս հանել»,-ասաց Խանումյանը:

Անդրադառնալով Արցախի վարչատարածքային բարեփոխումներին և ՏԻՄ ընտրություններին վերաբերող հարցին, նախարարը հայտնեց, որ Արցախի Հանրապետության վարչատարածքային բարեփոխումների ժամկետը սահմանված է մինչև 2022 թվականի մարտի 1-ը: Նրա կարծիքով՝ այդ ժամկետը կերկարաձգվի:

«Նախարարության համապատասխան խումբն աշխատում է՝ նոր ռազմավարության ու քաղաքականության մշակման ուղղությամբ: Բնականաբար, մինչև 2024 թվականի ՏԻՄ ընտրությունները, պետք է կատարված լինեն այդ փոփոխությունները, ձևավորված լինեն՝ նոր համայնքային ծառայություններն ու մեծացված՝ ձևավորվելիք խոշոր համայնքների բոլոր ենթակառուցվածքները»,-ասաց Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: