ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՆՇՎԵՑ ՆԱԵՎ ՎԱՆՔ ԳՅՈՒՂՈՒՄ
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Հետպատերազմյան տոները նշվում են մեծ կսկիծով, սակայն բոլորը գիտակցում են, որ ավագները իրավունք չունեն երեխաներին մեծացնել հոռետեսական մթնոլորտում։ Այդ հանգամանքը մի շարք կազմակերպությունների թելադրեց պատշաճ կերպով նշել Երեխաների իրավունքների պաշպանության միջազգային օրը։ Նման մտահղացմամբ ՙՆառանե Գոլդ՚ ՍՊԸ-ն և ՙԱրցախի պահեստազորի սպաների միություն՚ ՀԿ-ն նախաձեռնեցին Վանքի ենթաշրջանի 5 գյուղերի երեխաների հավաքը Վանք գյուղի միջնակարգ դպրոցում՝ նրանց տոնական տրամադրություն պարգևելու համար։
ՙՆառանե Գոլդ՚ ընկերության տնօրինությունը հրավիրել էր ՙԱրցախի ձայներ՚ նախագիծը, որին միացել էր նաև ճանաչված երգչուհի Տաթևիկ Բալայանը։
Մինչ համերգի սկիզբը ողջույնի խոսքով հանդես եկավ ՙՆառանե Գոլդ՚ ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Սահակյանը՝ շեշտելով միասնության, փոխադարձ հարգանքով առաջ շարժվելու պայմանները՝ ամուր պետություն կառուցելու համար։ Նա կարևորեց երեխաների կրթության, դաստիարակության խնդիրը՝ առաջնահերթությունը տալով ազգայինին։ Եվ կազմակերպված այս միջոցառումն այն նվազագույնն է, որով ընկերությունը նպատակադրվել է վաղվա օրը կրողներին տոնական տրամադրություն հաղորդել։
Խոսք ասաց նաև Արցախի պահեստազորի սպաների միության նախագահ Կարմեն Ասլանյանը, ում առաջարկով 1 րոպե լռությամբ ներկաները հարգեցին պատերազմում զոհված հերոսների լուսավոր հիշատակը։ Նա շեշտեց, որ այս հողի վրա ապրելով, մենք կարող ենք սրբագրել պատմությունը։ Ցավոք, այդ դժվարին գործը դրվեց սերունդների ուսերին, նաև՝ հավաքված երեխաների, ուստի նրանք պետք է մեծանան խրոխտ տրամադրությամբ, հաղթանակներ կերտելու հաստատակամությամբ:
Երեխաներին ողջունեցին նաև սիրված մուլտֆիլմերի հերոսները։
ՙՆառանե Գոլդ՚ ՍՊԸ հիմնադիր տնօրեն վարդենիսցի Վանուշ Արզոյանը և գործադիր տնօրեն Արմեն Սարգսյանը պատմեցին, որ ընկերությունը 2 տարի աշխատել է Շահումյանի շրջանում, պատերազմի հետևանքով կորցրել ներդրումները, սակայն համոզված լինելով, որ սխալ կլինի ստեղծված պայմաններում հեռանալ Արցախից, նոր գործ ներդրվեց Առաջաձոր գյուղում։ Ըստ ղեկավարների՝ ընկերությունը նաև ձգտում է թեթևացնել զոհվածների ընտանիքների սոցիալական վիճակը. մի քանի օր առաջ Ծմակահող գյուղի բոլոր զոհված ազատամարտիկների ընտանիքներին ցուցաբերվել է դրամական օգնություն։ Օրերս էլ ՙԱրցախի պահեստազորի սպաների միություն՚ ՀԿ-ի հետ միասին կազմակերպվել է երեկո՝ նվիրված հետմահու ՙՄարտական խաչ՚ շքանշանի արժանացած, Արցախյան երեք պատերազմին մասնակցած մայոր Աբրահամյանի հիշատակին։