[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

  Հայաստանում և Արցախում առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին օգնելու նպատակով ստեղծվել է  Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանն է։

Հիմնադրամի  ստեղծման ու գործունեության գլխավոր նպատակը աջակցություն ցուցաբերելն է քաղցկեղ ունեցող, երիկամի և լյարդի փոխպատվաստման կարիք, քրոնիկ շնչառական և իմունային համակարգի խնդիրներով երեխաներին:  «Ազատ Արցախ»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց  հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Արմեն Արմոս Մարտիրոսյանը:

-Հիմնադրամի գերնպատակը Հայաստանի ու Արցախի առողջապահական համակարգերի զարգացմանը և միջազգային չափանիշներին համապատասխանող առողջապահության ստեղծմանն աջակցելն է։ Այդ նպատակով հիմնադրամն  աջակցություն է ցուցաբերելու նաև  բուժհաստատությունների բաժանմունքներին՝  մասնավորապես նյութատեխնիկական վերազինման ու  բժիշկների վերապատրաստման գործում,-ասաց Մարտիրոսյանը։

Բացի ֆինանասավորումից,  շահառուների և շահառուների  ծնողներին  կտրամադրվի հոգեբանական և իրավական աջակցություն:

Մտահոգված լինելով առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների ճակատագրերով,  մինչև հիմնադրամի պաշտոնական ստեղծումը, նախաձեռնողներն աջակցության ծրագրերն իրագործել են  <<Ֆեյսբուք>> սոցիալական հարթակում կազմակերպված հանրային դրամահավաքների միջոցով, ինչպես նաև արտերկրի բժիշկների ու առաջատար  կլինիկաների հետ կապերի ստեղծմամբ։ Արդյունքում աջակցություն է ցուցաբերվել առողջական ծանր խնդիրներով երեխաների, որոնց  կյանքին վտանգ էր սպառնում:

- Շուրջ 11 տարվա մեր գործունեության    ընթացքում օգնել ենք  400-ից ավելի  երեխաների՝  հավաքելով շուրջ 5 միլիոն  դոլար գումար: Մեր աջակիցների թիվը  ներկայում գերազանցում է  70 հազարը,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա խոսքով ֆինանսական միջոցների ու աջակիցների թվի  ընդլայնմամբ հնարավորություն կընձեռվի անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող ավելի մեծ թվով երեխաների աջակցել։ Հիմնադրամին կարող են աջակցել բոլոր նրանք, ովքեր նույնպես  մտահոգված են առողջական ծանր խնդիրներով  երեխաների ճակատագրերով և ցանկություն ունեն իրենց ներդրումն ունենալ նրանց բուժման ծախսերը հոգալու գործում։

-Փորձելու ենք կյանքի համար պայքար մղող հնարավորինս մեծ թվով երեխաների օգնել։ Այդ նպատակով, զուգահեռ ուսումնասիրում ենք նաև առողջապահության համակարգում առկա խնդիրները, որպեսզի կարողանանք նախաձեռնել ինստիտուցիոնալ համապատասխան բարեփոխումներ,-ընդգծեց հիմնադրամի տնօրենը։

 Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի  ծրագրերին ծանոթանալու և աջակցելու նպատակով ստեղծվել ու գործում է 28-28 կարճ հեռախոսահամարը, ինչպես նաև  www.hfc.am  կայքը: