[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ` 100 ԱՌԱՆՁՆԱՏՆՈՎ . ՈՎՔԵ՞Ր ԿԼԻՆԵՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

ՙԱԱ՚-ի զրուցակիցը ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆՆ է
-Տիկին Թանդիլյան, եթե կարելի է ներկայացրեք խնդրեմ՝ ի՞նչ փուլում է ՙԱրցախում և Արցախի համար՚ նախաձեռնության շրջանակներում ձեռնարկած 100 տուն Արցախում՚ նախագիծը։
-Նախագիծն արդեն ավարտական փուլում է և այն շուտով կհրապարակենք։ Բնակավայրը կունենա հատուկ նախագիծ, որտեղ կլինի նաև մանկապարտեզ, սրճարան։
Ամեն տուն կունենա տնամերձ հողատարածք` ընդգրկելով մոտ 70-100 մ. քառ. մակերես։ Նախատեսվում է մոտ 3 միլիոն դոլարի շինարարություն։ Ակնհայտ է, որ պետք է ֆինանսական միջոցներ ներգրավենք։ Ունենք նախնական պայմանավորվածություններ այդ առումով։ Նոր բնակավայրի տարածքն արդեն հատկացված է. նախատեսվում է բնակավայրը կառուցել Դահրավ գյուղի մերձակայքում։
-Իսկ ինչո՞վ է պայմանավորված տեղանքի ընտրությունը. ինչու՞ հենց Դահրավ գյուղի մերձակայքում։
-Նախագծի հեղինակները կառավարությանը դիմել են առաջարկով և խնդրել իրենց տարածք հատկացնել։ Առաջարկվող տարածքներից նախագծի հեղինակներն ընտրեցին հենց այս վայրը։ Չնաշխարհիկ այս վայրում իրականում ընդհանուր պատկերը հրաշալի է։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Դահրավում բնակչության որոշակի նվազում է նկատվում, նպատակ ունենք նաև գյուղի վերակենդանացմանը նպաստել։
-Ինչպե՞ս առաջացավ մտահղացումը։ Նախատեսվող բնակավայրն ունի պայմանական կամ արդեն հստակ անվանում։
-Մտահղացումն առաջացավ Արցախում իրական կարիքները տեսնելու արդյունքում։ Ակնհայտ է, որ բնակելի տան ապահովման հարցն այսօր առաջնահերթություն է։ Սոցիալական մի շարք ծրագրերն ինչ-որ չափով լուծել են որոշակի խնդիրներ, բայց Արցախ վերադառնալու համար արցախցուն անհրաժեշտ է տուն ունենալ։ Այս փուլում ամենակարևոր գործոնը ժամանակն է։ Բոլորս հստակ գիտակցում ենք՝ ինչքան երկար տևի բնակարանային ապահովման գործընթացն այնքան հավանականությունը կնվազի, որ տեղահանված արցախցինները կվերադառնան. մարդիկ այս կամ այն ձևով, ի վերջո, գտնում են իրենց ճանապարհը։ Նախաձեռնության իմաստը հնարավորինս արագ, արցախցիներին Արցախում ապրելու հնարավորությունն ընձեռելն է։ Նախագիծն իրականանում է <<Ապրելու Արցախ>> հիմնադրամի, <<Առաջին ալիքի>> և համախոհ գործընկերների համատեղ ջանքերով։ Հստակ անվանում բնակավայրը դեռևս չունի, բայց մտահղացումներ կան այն կոչելու ապրելու բնակավայր՝ ՙԱպրել՚։

-Ե՞րբ են նախատեսվում շինաշխատանքները և ե՞րբ շահագործման կհանձնվեն առանձնատները։
-Հողային աշխատանքներն ուր որ է կմեկնարկեն։ Գերխնդիր ենք դրել 1 տարվա ընթացքում ավարտել 100 տան կառուցումը։ Բայց առաջին տները կառուցելուն պես արդեն կհատկացվեն շահառուներին։
-Ինքնատիպ նախագծով, էկոլոգիապես մաքուր, փայտե առանձնատներում բնակվելու ցանկություն շատ ընտանիքներ կունենան։ Ըստ առաջնահերթության ովքե՞ր են լինելու շահառուները։
-Նախարարության կողմից նախապես արված հայտարարությամբ՝ գյուղական բնակավայրերում բնակվելու ցանկություն հայտնողների դիմումների հիման վրա սկսեցինք գտնել շահառուների, որոնք կհամապատասխանեն գաղափարի հեղինակների նախագծի չափորոշիչներին՝ ինչը նշանակում է բազմազավակ-տեղահանված ընտանիք։ Կապ հաստատեցինք նրանց հետ, նախագիծը ներկայացրինք և այսօր ունենք արդեն 20 դիմումի հաստատում։ Մենք կսկսենք կառուցել, հատկացնել և կշարունակենք կապ պահպանել շահառուների հետ, որպեսզի նրանք ոչ միայն ակնկալիք ունենան, այլև տեսնեն և համոզվեն, որ իրականում կառուցվում է իրենց տունը։ Հորդորում ենք նախանշած կատեգորիաների ընտանիքներին դիմել նախարարությանը։
- Կա՞ն արդեն առանձնատների նախագծեր։ Ինչպիսի՞ն կլինեն դրանք, ի՞նչ պայմաններ կունենան։
-Նախագծերը կան և հիմնված են ընտանիքների բազմանդամության վրա։ Ինքնատիպ նախագծով, էկոլոգիապես մաքուր, փայտե առանձնատները կունենան երկու, երեք կամ չորս ննջասենյակ, ինչպես նաև խոհանոց, հյուրասենյակ, միջանցք։ Առանձնատները կլինեն հրակայուն և ջերմամեկուսիչ։ 60-70 տարվա լիարժեք կյանքի ժամկետ ունեն տները։

-Շատ լուրջ ու ֆինանսական մեծ ներդրում պահանջող նախաձեռնություն եք ծրագրել։ Որքա՞ն գումար կպահանջվի։ Ովքե՞ր են կանգնած նախաձեռնության ակունքներում, ովքե՞ր են հովանավորները. կխնդրեի հնարավորին բացել փակագծերը և մանրամասնել։
- Նախագիծն իրականանում է ՙԱպրելու Արցախ՚ հիմնադրամի, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ՙԱռաջին ալիք՚-ի և համախոհ ընկերների համատեղ ջանքերով։ Ակունքներում են կանգնած նաև Սամվել Մովսեսյանն ու Հրանտ Թոխատյանը։
Հիմնադրամը լումա առ լումա հաշվետվողականության մեխանիզմ է ներդնելու և ծառայելու է որպես վերահսկող ու ֆինանսական միջոցների ներգրավման խողովակ։ Բոլոր հովանավորներն ու հատկացումներ կատարողները պետք է վստահ լինեն ֆինանսական ծախսերի թափանցիկության մեջ։ Ֆինանսական միջոցներ ներգրավելու նախնական պայմանավորվածություններ արդեն ունենք։ Մշակութային ծրագրերի որոշ հասույթներ ևս կուղորդվեն այս ծրագրին։ Հիմնադրամի պաշտոնական կայքէջի միջոցով նաև հնարավոր կլինի տների կառուցման գործընթացին հետևել։
Մեր նախարարությունն աջակցում է շահառուներին գտնելու, առաջարկելու, ներկայացնելու գործում։
-Ի՞նչը կընդգծեիք որպես նախաձեռնության առանձնահատկություն։
-Առանձնահատկություները մի քանիսն են՝ նախ արագությունն է` այս փուլում, և նաև այն, որ առանձին բնակավայր է լինելու և իր ենթակառուցվածքով համալրելու է գյուղի ենթակառուցվածքները։ Նախագիծը կնպաստի գյուղի վերակենդանացմանն ու արցախցիների` շուտափույթ Արցախ վերադառնալու գործընթացին։ Զուգահեռ` անմխիթար վիճակում գտնվող ճանապարհները կբարեկարգվեն։ Եթե կա բնակավայր, ապա կլինի նաև շահագրգռություն` այլ ծրագրեր ևս իրականացնելու։