ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՇՐՋԿԵՆՏՐՈՆՈՒՄ

DSC01874_1_.jpgԱյս օրերին Մարտակերտի փողոցներում շինարարական աշխատանքների եռուզեռ է։ Ճանապարհների բարեկարգման աշխատանքներ է իրականացնում ՙՎիրաժ՚ ԱԿ-ն։ Ինչպես տեղեկացանք կազմակերպության աշխղեկ Արտակ Մուսայելյանից, վերանորոգման եւ ասֆալտապատման  աշխատանքներ են տարվել Ստեփանակերտից Նոր Կարմիրավան ձգվող ճանապարհահատվածի, ինչպես նաեւ Մարտակերտ քաղաքի կենտրոնական  եւ  հարակից փողոցների վրա։ 
Ներկայումս ընթացքի մեջ են Խաչենագետի կամրջից դեպի Քոլատակ ձգվող  ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։ Աշխղեկը գոհունակություն հայտնեց աշխատանքների ընթացքից ու որակից՝ նշելով, որ կազմակերպությունն իր բոլոր աշխատանքներում նախեւառաջ կարեւորում է  որակը։ Որակն էլ պայմանավորված է աշխատողների կարողություններով,  պատասխանատվությամբ։ Նրանք հիմնականում ստեփանակերտցի բանվորներ են, կան նաեւ մարտակերտցիներ։ Բոլորն էլ միանշանակ հակված են աշխատանքները ավարտին հասցնել նախանշված  ժամկետներում, ապահովել բարձր որակ։ Արդյունքներն արդեն իսկ նկատելի են։ Կատարված են փոսալցման, խճապատման  եւ ասֆալտապատման  որոշակի աշխատանքներ։ 
Բարեկարգման աշխատանքներ են իրականացվել նաեւ շրջկենտրոնի հուշահամալիրի տարածքում։ Ինչպես տեղեկացանք շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության եւ տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Հովիկ Գյուրջյանից, հուշահամալիրի տարածքի  ջրավազանում տեղադրվել են  6 շատրվաններ, իսկ գիշերային լուսավորվածության համար` 8 խոշոր լապտերներ։ 
Բավականին աշխատանքներ են տարվել նաեւ Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտում։ Տեղադրվել են 1000-ից ավելի նստարաններ,  կատարվել ընդհանուր բարեկարգման աշխատանքներ։ 
Համապատասխան աշխատանքների շնորհիվ էլ Մարտակերտում քայլ առ քայլ վերանում են պատերազմի հետքերը։ 
 
Զարինե ՍԱՌԱՋՅԱՆ 
ք. Մարտակերտ