[ARM]     [RUS]     [ENG]

ՁԳՏՈՒՄ ԵՆՔ ԲԱՐԵԿԱՐԳԵԼ ՄԵՐ ՔԱՂԱՔԸ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

Բոլորեց 2021թ. կիսամյակը: Այդ ժամանակահատվածում և մինչև տարեվերջ կատարված ու կատարվելիք աշխատանքների, ինչպես և քաղաքացիներին հուզող հարցերի շուրջ զրուցեցինք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ:

-Պարոն Սարգսյան, 2021թ. ծանր էր բոլոր առումներով: Քաղաքապետարանի առաջ դրված խնդիրներն էլ ավելացան: Մասնավորապես՝ տեղեկացված ենք, որ ընթանում են նկուղների, ապաստարանների բարեկարգման աշխատանքներ: Ի՞նչ մակարդակի բարելավում է սպասվում և ի՞նչ փուլում են այդ աշխատանքները:
-Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, քաղաքաշինության նախարարության, փրկարար ծառայության ներկայացուցիչների հետ միասին այցելել ենք երեք ապաստարան՝ նպատակ ունենալով վերանորոգման համար ընտրել դրանցից մեկը: Ընտրած ապաստարանը պետք է հիմնովին նորոգվի՝ անցկացվեն ջրախողովակներ, կոյուղագծեր, կառուցվեն սանհանգույցներ, ապահովվի օդափոխությունը, նաև կահավորվի: Կատարվում է նախահաշվարկ: Այդ ապաստարանի աշխատանքների ժամանակ  ծագած թերությունները կշտկվեն և հաշվի կառնվեն մյուսների վերանորոգման ժամանակ:
-Խոսք էր գնում ներքաղաքային տրանսպորտի բարելավման, ինչպես նաև հաշմանդամներին հարմարեցված տրանսպորտի ներկրման մասին:
-Քաջ գիտակցում ենք, որ տրանսպորտի խնդիրը տարեցտարի լրջանում է: Տենդեր ենք հայտարարում, բայց մասնակցելու նոր ցանկացողներ չկան: Անշուշտ, պետք է նոր ավտոբուսներ ներկրել, մի քանիսը` նորոգել: Քաղաքապետարանն իր եղած եկամուտներով ի զորու չէ  ֆինանսավորել նման խոշոր ծրագիր: Հարցը դրված է կառավարությունում և փորձ է արվում լուծել բարերարների օգնությամբ: Հաշմանդամների համար հարմարեցված ավտոբուսների ներկրման հարցը վաղուց օրակարգում է, փորձում ենք այդ հարցն էլ լուծել բարերարների աջակցությամբ, ցանկացողներ կան, սպասում ենք նրանց նախաձեռնությանը:
-Բավականին մտահոգիչ է  ջրամատակարարման խնդիրն ամռանը: Ի՞նչ աշխատանքներ են կատարվում այս ուղղությամբ:
- Խնդիրն առաջ է եկել վերջին տարիներին, լուծվել է ջրհորների կառուցման միջոցով: Այս տարի, պատերազմի պատճառով քաղաքի բնակչության` տարհանված մարդկանցով ավելացմամբ պայմանավորված, պարզ էր, որ խնդիրը պետք է լուծել հիմնովին: <<Ջրմուղ-կոյուղի>> ընկերության ողջամիտ առաջարկն առ այն, որ Հովսեփավանի արտեզյան ջրերը պոմպերով բերել են մինչև գյուղի և Գանձասար տանող ճանապարհի խաչմերուկ, հետո խողովակներով հասցրել մինչև Այգեստան, որտեղից կա ջրագիծ մինչև մայրաքաղաք, կառավարությունում հաշվարկման փուլում է: Մինչ այդ, նորոգվում են լքված արտեզյանները, կարգավորվում է քաղաքի գոտիների ջրամբարների  ջրի մատակարարումը՝ եթե մեկում պակասություն է նկատվում, մյուսից ջուրը փոխադրվում է այդ ջրամբար /քաղաքի բոլոր ջրամբարները իրար հետ խողովակներով փոխկապակցված են/: Որոշ տեղերում էլ ջրկիր մեքենաներով է մատակարարվում ջուրը, անգամ՝ մոտակա գյուղեր:
-Արդեն սովորության է վերածվել խանութների կողմից մայթերի <<բռնազավթումը>>: Ի՞նչ քայլերի է դիմել քաղաքապետարանը խնդրի լուծման համար:
-Հուլիսի 6-ին քաղաքային տեսչության աշխատակիցներն այցելել են շուրջ 70 տնտեսվարողների, ովքեր զբաղվում են նաև բացօթյա առևտրով, նախազգուշացրել, որպեսզի գործունեությունը ծավալեն թույլատրված տարածքներում: Նրանց հանձնել են ծանուցումներ գործող օրենքի մասին, ըստ որի` չթույլատրված տեղերում առևտրի դեպքում, տնտեսվարողը տուգանվում է 50-70 հազ. ՀՀ դրամի չափով: Տեսչության աշխատակիցները նրանց հորդորել են 5-օրյա ժամկետում վերացնել խախտումները՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված տուգանքները: Սակայն ոչ մի արդյունք չնկատվեց, և արդեն տեսչության աշխատակիցներն այցելում են օրենքին չենթարկվող տնտեսվարողներին և կիրառում օրենքը, ընդ որում՝ ըստ օրենքի տուգանք կարող է կիրառվել ամեն օր, եթե տնտեսվարողը շարունակում է օրինազանց առևտուրը:
-Ստեփանակերտում շարունակում են <<զավթել>> մայթերը` կանգառների և խանութների անվան տակ: Դա այն դեպքում, երբ բավականին լուրջ է ավտոմեքենաների կայանման հարցը, և մեր փողոցներն արդեն չեն դիմանում տրանսպորտի ծանրաբեռնվածությանը: Ի՞նչ քայլերի եք դիմելու:
-Ընդլայնելու հնարավորության տեսակետից` ուսումնասիրվել են փողոցները: Կան փողոցներ, որոնք հնարավոր է մայթերի կամ կանաչ գոտիների հաշվին ընդլայնել, ինչը և կարվի: Որոշ փողոցներով երթևեկությունը կդարձնենք միակողմանի: Ինչ վերաբերում է մայթերի <<զավթմանը>>, ապա կա ծրագիր, որի համաձայն` կանգառում կրպակ կամ խանութ կառուցել ցանկացողների համար պարտադիր պայման է նաև տաղավարի կառուցումը՝ քաղաքացիներին արևից, անձրևներից պաշտպանելու համար: Ստիպված ենք կիրառում այդ ծրագիրը, քանի որ սեփական եկամուտներով քաղաքապետարանն ի զորու չէ  կառուցել նման քանակի տաղավարներ:
-Խոսենք նաև Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների համագործակցության ծրագրերից:
-Համագործակցության ծրագրով համաձայնություն է ձեռք բերվել վերելակների արդիականացման հարցում, ինչի համար Երևանից փորձառու մասնագետներ կգան, կիրականացնեն համապատասխան աշխատանքներ և 3 նոր վերելակներ կտեղադրեն, որոնք հարմարեցված կլինեն անվասայլակով հաշմանդամների  համար: Երևանի քաղաքապետարանը փոխանցել է որոշ գումար՝ Ստեփանակերտում պատերազմի հետևանքները վերացնելու համար: Այդ գումարով ամբողջությամբ վերանորոգվել է 3-րդ մանկապարտեզը և 10-րդ դպրոցի 1-ին հարկի մի մասը: Նորոգվում են նաև Ստ. Շահումյանի անվան օղակաձև պուրակի շատրվանները: Հատկացված այդ գումարով կատարվում են նաև քիչ ծախսատար այլ աշխատանքներ: Մշակված են համագործակցության ծրագրեր` կրթական, մշակութային, զբոսաշրջային, սպորտային ոլորտներում, ինչպես և այցելություններ` մասնագիտական փորձի փոխանակման նպատակով:
-Նախատեսված աշխատանքներից որո՞նք են ավարտված և ի՞նչ ունեք անելու մինչև տարեվերջ:
-Սոցիալական աջակցություն ենք ցուցաբերել մի շարք քաղաքացիների՝ վնասված տանիքների, սանհանգույցների նորոգման և այլ խնդիրների լուծման համար: Եղբայրական գերեզմանոցում 3 զոհվածների /հայրերը զոհվել են 1-ին պատերազմում/ գերեզմանների կառուցում: Կառավարության ֆինանսավորմամբ Եղբայրական գերեզմանոցի բարեկարգման աշխատանքներ են ընթանում քաղաքապետարանի կազմակերպմամբ: Համագործակցելով Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների նորաստեղծ միության հետ` Ազատամարտիկների այգում տեղադրել ենք 3-րդ պատերազմում զոհվածների ցուցադրափեղկերը: Եվ, ինչպես միշտ, աստիճանների նորոգում, բակերի բարեկարգում, լուսավորության խնդրի լուծում: Շարունակական է խաղահրապարակների ծրագիրը` ավարտված է Ազատամարտիների նոր շենքերի բակում խաղահրապարակի կառուցումը, պատրաստվում ենք Հեքիմյան փողոցում խաղահրապարակի կառուցմանը: Ընթանում են վերը նշված 3 վերելակների կառուցման աշխատանքները, որը ֆինանսավորվում է մեր կառավարության կողմից: Մի խոսքով՝ բոլոր հնարավոր միջոցներով ձգտում ենք բարեկարգելու մեր քաղաքը: