[ARM]     [RUS]     [ENG]

Ավելի քան 60 մլրդ դրամ աջակցություն՝ պատերազմից տուժած արցախցիներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցառումների շրջանակում մոտ 61 միլիարդ դրամ  է ուղղվել պատերազմի հետևանքով տուժած արցախցիների աջակցությանը:

Այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը` հուլիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

- Բոլոր միջոցառումների մասով մենք խնդիր ունենք ՝ կապված անձի փաստացի հաշվառման հետ: Արցախի մեր գործընկերներն աշխատում են այդ ուղղությամբ, շահառուների ցուցակը թարմացվում է, վճարումները շարունակվում են,- ասաց Գալստյանը` ընդգծելով, որ բոլոր ծրագրերով սահմանված դրամական աջակցությունները տրամադրվում են ընտանիք յուրաքանչյուր անդամի` անկախ անձանց թվից ու տարիքից:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Արտակ Հարությունյանը նշեց, որ ուշադրության կենտրոնում են եղել ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձինք: Նրա խոսքով, շուրջ 7 հազար 400 շահառուի`  տրամադրվել է 500 000 դրամի չափով միանվագ ֆինանսական օժանդակություն, որի ընդհանուր գումարը կազմել է 3,5 մլրդ դրամ: Միանվագ դրամական օգնություն է տրամադրվել նաև քաղաքացիական զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած քաղաքացիական անձանց:

Մամուլի ասուլիսին, ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանը նշեց, որ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել է տեղահանված արցախցիների 97 տոկոսը: Այն անձինք, որոնք դեռ փաստաթղթային խնդիրների պատճառով չեն օգտվել սոցիալական աջակցության ծրագրերից, դիմում են օպերատիվ շտաբ, և այդ հարցերը կարգավորելուց հետո, լրացուցիչ ցուցակներով ընդգրկվում են ծրագրերում:

-Կեցության ու զբաղվածության հարցերը շարունակում են առաջնահերթ մնալ տեղահանված արցախցիների շրջանում: Զբաղվածության ուղղությամբ երկու ծրագիր արդեն իրականացվում է: Շուրջ 300 հոգի օգտվում է ծրագրից,- ասաց Սավադյանը:

Այս ընթացքում աջակցություն են ստացել նաև արցախցիներին հյուրընկալած կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք: Ծրագիրն ավարտվում է օգոստոսին: Արտակ Հարությունյանի հավաստմամբ` այժմ քննարկվում են անելիքները` արցախցիների կեցության հարցը կարգավորման համար: