ՀԱՌՆՈՒՄ ԵՆ ՆՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Շուտով կլրանա մեկ տարին, ինչ արցախցիների մի ստվար մասը, ոչ իր մեղքով ու կամքով, հայտնվել է ՙտնավեր-բնավեր՚-ի կարգավիճակում։ Վերջին շրջանում բազմիցս գտնվելով հանրապետության` շինհարթակի վերածված բնակավայրերում կամ բնակավայրեր դառնալու հավակնող տարածքներում` համոզվում ենք, որ հառնելու են մեր հին գյուղերն ու քաղաքները նոր տեսքով` քարակուփ ու ամրակուռ։
Օրերս եղանք Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի հարակից տարածքում նոր շունչ ու ոգի առնող տեղանքի շինհրապարակներից մեկում։ ՙՀիմնաքար՚ շինարարական կազմակերպության աշխղեկ Արմեն Վարդանյանը մեզ տեղեկացրեց, որ նախագծանախահաշվային տվյալներով այդ տեղամասում տեսանելի ապագայում նախատեսվում է կառուցել 127 տուն։ Առաջին հինգ տան կառուցումն արդեն ավարտական փուլում է։ Այսպես, փուլ առ փուլ կառուցելով հառնելու է նոր բնակավայրը, որը դեռևս անանուն է։ Նախագծային հաշվարկներով բոլոր 127 տների կառուցապատման տեղանքն արդեն ընտրված է։ Երեքսենյականոց փայտյա հավաքովի տները, գտնվելով իրարից որոշակի հեռավորության վրա, ունենալու են նաև տնամերձ։ Օրակարգում է նաև տեղանքի ասֆալտապատումը, գազիֆիկացումն ու էլեկտրաֆիկացումը։ Ջրամատակարարման հարցը ևս օրակարգային է։ Աշխղեկի հավաստմամբ` բոլոր տներն ունեն կոմունալ հարմարություններ, դրանք էկոլոգիապես մաքուր սոճիների բնափայտից են` ջերմամեկուսացված և ձայնամեկուսացված։ Հաշվի են առնված նաև հակահրդեհային բոլոր կանոնները։ Ա. Վարդանյանը գոհունակությամբ ասում է՝ իսկական ՙԹերմոս՚ է, ձմռանը` տաք, ամռանը` հով։ Տները նախատեսված են վերաբնակների համար և հեռու չէ այն օրը, երբ տուն ու տեղ կորցրած մեր հայրենակիցները ոչ թե իրենց գլխներին պարզապես ծածկ կունենան, այլ կապրեն ժամանակակից բոլոր կոմունալ հարմարություններով տներում։ Տեղամասի շինարարները, որ կեսօրվա կիզիչ արևից պաշտպանվելով շվաքներում՝ իրար գլխի էին հավաքվել շունչ քաշելու, մեզ հետ զրույցի ընթացքում խոստովանեցին, որ այդ յուրահատուկ տները հավաքում են սիրով ու մեծ պատասխանատվությամբ, ի վերջո դա իրենց տնավեր հայրենակիցների համար է, որոնք անհամբերությամբ են սպասում տնամուտին։ Նրանք պատրաստակամ են գիշերն էլ ցերեկ դարձնել և ժամ առաջ շահագործման հանձնել հերթական տունը, միայն թե շինանյութերը ժամանակին տեղ հասցվեն։ Ճիշտ է, խոստովանում են, որ բանվորական ուժի պակաս կա, սակայն դա լուծելի խնդիր է։ Ձմեռը յոթը սարի հետևը չէ, անհրաժեշտ է շտապել, նրանք դա քաջ գիտակցում են և լցված են իրենց հանձնարարված գործը ժամ առաջ ավարտելու վճռականությամբ։ Ժողովրդական խոսքն է՝ լավ վարպետը մինչև կեսօր է սոված մնում։ Չնայած նրանք պատրաստ են ողջ օրն անգամ բերանները պատառ չդնել, միայն թե իրենց տուժած հայրենակիցներին ձեռք հասցնել կարողանան։ Փառք ու պատիվ մեր վարպետ շինարարներին, ովքեր կաշվից դուրս են գալիս, որ իրենց հայրենակիցները, որքան հնարավոր է, արագ ամոքեն պատերազմի հասցրած վերքերը և սեղմ ժամկետներում վերադառնան լիարժեք կյանքի։