ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՐՑԱԽՈՒՄ
Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում սեպտեմբերի 14-ին, կայացավ ՙԱրցախում սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացման վերապատրաստման՚ ծրագրի բացման արարողությունը, որը իրականացավՄՄ համալսարանի նախաձեռնությամբ՝ ի դեմս ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի։
Միջոցառմանը ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը կարևորեց կրթական հստակ ու արհեստավարժ ծրագիրը, որի հիմքի վրա մասնակիցները կստանան մասնագիտություն, հմտություններ և կկարողանան ոչ միայն սոցիալական աշխատանք իրականացնել, այլ նաև՝ դառնալ քաղաքականություն ու ծրագրեր մշակողներ։
ՙՀետպատերազմյան շրջանում մեկնարկած սոցիալական աշխատանքի ոլորտում նոր, շատ ավելի երկարաժամկետ ու արհեստավարժ փուլ ենք տեղափոխվում։ Այս քայլով մենք ցույց ենք տալիս, որ կարճաժամկետ, հապճեպ քայլերից ու ճգնաժամային արագ լուծումներից բացի, նաև երկարաժամկետ ծրագրեր ենք պլանավորում, որպեսզի, արագ վերապատրաստումներին ու սոցիալական աշխատողների աշխատանքի մեկնարկին զուգահեռ, տարիներ հետո կարողանանք ունենալ արդեն ձևավորված մասնագիտական խումբ կամ խմբեր, որոնք սոցիալական աշխատանքի ոլորտում հիմնարար բարեփոխում են իրականացնելու՚,-հավելեց Ա. Բեգլարյանը։
Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը նշեց, որ հետպատերազմյան ժամանակահատվածում նախորդ ժամանակահատվածի հոգս ու խնդիրները հարուրապատկվել են, և յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարևոր է դրանց ճիշտ լուծման համար։
ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Մինասյանը շեշտեց, որ հետպատերազմյան շրջանում սոցիալական շատ խնդիրներ կան, և կրթությունը կարևորագույն դեր ունի հետպատերազմական իրավիճակից դուրս գալու գործում։
ՙԵս ուզում եմ մեր մագիստրանտներին կոչ անել՝ ամենայն լրջությամբ վերաբերվել այս հնարավորությանը և ձեռք բերել այն գիտելիքները, հմտությունները, կարողությունները, որոնք այսօր հնարավորություն ունեք ստանալու՝ հետագայում մեր երկրի համար արժանապատիվ քաղաքացի դառնալու և օգնելու՝ դուրս գալ այս իրավիճակից՚,-մանրամասնեց Հ. Մինասյանը։
Հայ կրթական հիմնարկության՝ Արցախի ներկայացուցիչ Վաչե Վարդանյանի խոսքով՝ կազմակերպությունը պատերազմից առաջ, իսկ ավելի մեծ ուժերով նաև պատերազմից հետո Արցախի կողքին է։ Նշեց, որ ուսանողները պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերեն ընձեռված հնարավորությանը, քանի որ այն կրթաթոշակները, որոնք հատկացնում են, շատ դժվարությամբ են ձեռք բերվում։
ԵՊՀ դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ծրագրի ղեկավար Միրա Անտոնյանն ասաց, որ Արցախում սոցիալական աշխատանքի հիմնարար կրթութան գաղափարը շատ ավելի վաղ էր ծագել։ Նրա խոսքով՝ երբ պատերազմն ավարտվեց, չնայած անհնարինությանը,արցախցիները վերադարձան, և առաջնահերթություն ու անհրաժեշտություն է լինել մարդկանց կողքին, ովքեր վերադարձել են շենացնելու ու ամրապնդելու հայրենիքը։
ՙԵս խոստանում եմ ՝ կգա այն օրը, որ այստեղ նստած կլինեն, կառավարությանը նոր գաղափարներ ներկայացնող մարդիկ։ Մենք լինելու ենք հազվագյուտ երկիր, որտեղ ամեն ինչ ի սկզբանե գրագետ է դրվում՚,-հավաստիացրեց Մ. Անտոնյանը։
Միջոցառումն ավարտվեց ուսանողներին ստուգման գրքույկների հանձնման արարողությամբ։