ԱՐՑԱԽԻ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ԵՆ. ՈԼՈՐՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Հարցազրույցը` Լուսինե ՇԱԴՅԱՆԻ
-Պարոն Հայրիյան ինչպե՞ս կգնահատեիք հանրապետության ներկայիս ջրային ռեսուրսները։
-Պատերազմից կրած կորուստներով հանդերձ, հանրապետության ջրային պաշարներն այսօր բավարար են գնահատվում բնակչության ջրապահովման, գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման և արտադրական ենթակառուցվածքների սպասարկման համար։
Պատերազմից առաջ Արցախի կառավարությունը ջրային քաղաքականության այլ տեսլական ուներ, ջրային տնտեսության արդյունավետ կառավարման այլ ծրագրեր և ուղիներ էին ուրվագծված։ Սակայն պատերազմը իրավիճակը փոխեց. որոշ տարածքների կորստով կորցրեցինք նաև ջրային պաշարների ակունքներ։ Առաջ եկան մի շարք տարաբնույթ մարտահրավերներ։ Եվ եթե շատ արագ չհասկանայինք դրանց դիմակայման համար ձեռնարկվելիք քայլերի հերթականությունը, ապա կունենայինք ջրի լուրջ խնդիր։ Իսկ քայլերը հասկանալու եւ իրավիճակի իսկությունը պատկերացնելու համար պետք էր ամբողջական պատկեր ունենալ։
Այս ամենից ելնելով, ինչպես նաև ջրային համակարգերի կառավարման ու օգտագործման բնագավառում աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Ջրային Կոմիտեն։
- Ոլորտում առկա ի՞նչ խնդիրներ կան, և ի՞նչ աշխատանքներ են տարվում դրանց լուծման ուղղությամբ, որո՞նք են առաջնահերթությունները։
- Խնդիրները բազմաթիվ և բազմաբնույթ են։ Առկա խնդիրներին ավելացել են նաև՝ ռազմական գործողությունների հետևանքով ավերված ջրագծերի և ջրաղբյուրների վերականգնման, թշնամու հսկողության տակ մնացած ջրային պաշարների պակասը նոր ջրամբարներով ու արտեզյան համակարգերով լրացնելու, կորսված ջրագծերի փոխարեն նորերը կառուցելու մեծածավալ և կատարման սեղմ ժամկետներ պահանջող աշխատանքները։
Կառավարությունը միաժամանակ նաև զգալի միջոցներ է հատկացնում նորանոր հողատարածքներ ոռոգովի դարձնելու, մշակվող տարածքները ոռոգման նորագույն տեխնոլոգիաներով ապահովելու ուղղությամբ։
Մեզ համար առաջնահերթություն է համարվում բնակչության խմելու ջրով ապահովելու խնդիրը, որի լուծման համար կատարվում է ամենօրյա աշխատանք: Տեղումների քանակի նվազմամբ, ինչպես նաև՝ պատերազմի հետևանքով մայրաքաղաքի բնակչության կտրուկ աճով պայմանավորված՝ ջրամատակարարման այս տարվա խափանումները հետագայում բացառելու նպատակով որոշում կայացվեց կառուցել Պատարայի ջրամբարը, որի շինարարությունն արդեն-իսկ սկսված է: Առաջին փուլում՝ մինչև 2022թ-ի հուլիսի 1-ը կկառուցվի մայր ջրագիծը և ջուրընդունիչ համակարգը, որով մեկընդմիշտ կլուծվի ոչ միայն Ստեփանակերտ քաղաքի, այլև՝ Ասկերանի շրջանի մի շարք համայնքների ջրամատակարարման խնդիրը։ Այնուհետև ևս 3 տարի կշարունակվեն ջրամբարի շինարարության, ինչպես նաև՝մայր ջրագծից առանձնացող ճյուղային գծերի կառուցման աշխատանքները։
Ներկայումս հողային աշխատանքներին զուգահեռ տեղափոխվում և մոնտաժվում են խողովակաշարերը։ Մայր ջրագծի երկարությունը կազմում է 22 կմ, կառուցման աշխատանքներն իրականացնում են շինարարական 7 կազմակերպություններ։
-Ջրամատակարարման նոր համակարգեր նախատեսվու՞մ են։
-Արցախում ներկա պահին կառուցվում են տասնյակ ջրամատակարարման համակարգեր, որոնցից ամենախոշորը Պատարայի ջրամբարից և Կարկառ գետի ջրերից սնվող ջրատարերն են: Միայն Պատարայի ջրամբարի շահագործմամբ, որի տարողությունը կկազմի շուրջ 6 միլիոն խորանարդ մետր, հնարավոր կլինի ոոգման տակ ներառելու ավելի, քան 2500 հա, իսկ Կարկառ գետի ջրերից սնվող <<Սովետարխ>> ոռոգման ջրատարի վերակառուցմամբ՝ Ասկերանի շրջանի շուրջ 2000 հա գյուղատնտեսական և արտադրական նշանակության տարածքներ :
Վերակառուցվում է և 2022թ-ի գարնանը շահագործման կհանձնվի նաև Հիլիսի ջրամբարը, որը նախատեսված է շուրջ 300 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ոռոգման համար:
Աշխատանքեր են կատարվում նաև Հաթերքի ինքնահոս ոռոգման համակարգի վերակառուցման ուղղությամբ։
Ինքնահոս ջրերով հողերի ոռոգման տեսակետից ամենասակավաջուրը Մարտունու շրջանն է։ Ուստի, այստեղ հարցի լուծման համարյա միակ միջոցը արտեզյան ջրհորերն են, որոնցից մի զգալի մաս կրկին մնացել է թշնամու վերահսկողութան տակ։ Անհրաժեշտ է կարճ ժամանակահատվածում լրացնել կորսվածը։
Ներկա պահին հանրապետությունում գործում է 103 արտեզյան ջրհոր, որից 50-ը՝ խմելու ջուր, իսկ 53-ը ոռոգում են ապահովում։
Արտեզյան ջրհորներից սնվող ջրատարների միջոցով ներկայումս ոռոգվում է մոտ 774 հա տարածք: Ջրամատակարարման ցանցի ընդլայնմամբ հետագայում այդ թիվը հնարավոր կլինի մի քանի անգամ բազմապատկել:
Ընթացիկ տարում շահագործման կհանձնվի մոտ 30 արտեզյան ջրհոր, որոնց մեծ մասի կառուցման աշխատանքները ավարտման փուլում են։
- Հնարավո՞ր է նոր տեխնոլոգիաներով ջրախնայողություն ունենալ։
-Առանց նոր տեխնոլոգիաների ներդրման ջրամատակարարման ոլորտում հնարավոր չէ խնայողություն կատարել: Անհրաժեշտ է ջուրն օգտագործել բարձր արդյունավետությամբ՝ կիրառելով ջրաբաշխման և ջրման եղանակների ժամանակակից մեթոդներ ու մեխանիզմներ:
Հենց այդ նկատառումով է, որ կառուցում ենք արտաքին ոռոգման փակ համակարգ. այսինքն՝ բաց ջրանցքի փոխարեն կառուցում ենք արտաքին խողովակաշարային ջրատարեր, որը թույլ կտա ոչ միայն բացառել ջրի կորուստները, այլ նաև? ջրի որոշակի ծավալ մեխանիկական եղանակով բարձրացնել ու օգտագործել նորանոր հողատարածքների ոռոգման համար: Միևնույն ժամանակ, դա հնարավորություն է տալիս կազմակերպել հիմնավորված ջրաբաշխում, ինչպես նաև՝ կիրառել ջրման ժամանակակից տեխնիկա ու եղանակներ:
Որպես ջրախնայողության ամենաարդյունավետ միջոց, լայնորեն կիրառվում է կաթիլային ոռոգման տեխնոլոգիան: Միայն 2021թ-ին այդ եղանակով ոռոգովի է դարձվել 459 հա հողատարածք՝ պետական բյուջեից 309 միլիոն դրամի չափով հողօգտագործողներին անհատույց աջակցություն ցուցաբերելու միջոցով:
Գործում է նաև խողովակների անհատույց տրամադրման ծրագիրը, որի նպատակը ոչ բարդ հիդրոտեխնիկական աշխատանքների միջոցով ջուրն առանց կորստի ջրաղբյուրից դաշտ հասցնելն է։ Այդ ծրագրով հողօգտագործողներին նախատեսվում է տրամադրել շուրջ 40 միլիոն դրամի աջակցություն։
-Ընդհանուր առմամբ խնդիրները հաղթահարելի՞ եք համարում։
- Խնդիրները, որքան էլ բարդ ու բազմատեսակ, սակայն դրանք հաղթահարելի եմ համարում. մանավանդ, որ անհրաժեշտ բոլոր միջոցները կառավարության կողմից տրամադրվում են: Պատերազմի աղետալի հետևանքների վերացման, երկրի տնտեսության ու քաղաքացիների բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ աննախադեպ ծավալի միջոցներ են ներդրվում:
Ելնելով ներկայիս հրատապ և իրավիճակային լուծումներ պահանջող բազմաթիվ խնդիրներից, մենք ավելի շատ իրագործում ենք կարճաժամկետ ծրագրեր։
2022թ-ին նախատեսվում են էլ ավելի շատ ներդրումներ:
Կյանքի կկոչվեն նորանոր ծրագրեր, որոնք էապես կփոխեն հանրապետության ետպատերազմական տնտեսական կյանքն ու բնակչության կենսապահովվածության ընդհանուր վիճակը։