[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 ԱՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) կողմից Արցախում 2020թ. առաջին անգամ իրականացվել է աշխատուժի ընտրանքային հետազոտություն, որի արդյունքներն, ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱՎԾ-ն կհրապարակի։ Երկլեզու ժողովածուն կբովանդակի Արցախի Հանրապետության աշխատաշուկայի վերաբերյալ ամփոփ վիճակագրական ցուցանիշների ժամանակագրական շարքեր` եռամսյակային և տարեկան պարբերականությամբ:

Հետազոտությունը պարբերական բնույթ կկրի։ ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանի տեղեկատվությամբ՝ այդ աշխատանքների իրականացման համար տարվա կտրվածքով ընտրվել է 1620 տնային տնտեսություն, որից 720-ը` քաղաքային, իսկ 900-ը` գյուղական բնակավայրերում: Ընտրանքի շրջանակը ԱՀ-ում 2015թ. մարդահամարի արդյունքներով ձևավորված տնային տնտեսությունների հասցեների բազան է:
Հետազոտությանը չի ընդգրկվել ինստիտուցիոնալ տնային տնտեսությունների բնակչությունը՝ ծերանոցներ, ուղղիչ և քրեակատարողական հիմնարկներ, կրոնական հաստատություններ և համանման այլ կառույցներ:
Համաձայն հետազոտության մեթոդաբանության՝ աշխատաշուկայում իրենց մասնակցության բնույթից կախված, 15 և բարձր տարիքի բոլոր հարցվողները դասակարգվել են միմյանց բացառող երեք խմբերի` զբաղված կամ գործազուրկ կամ աշխատուժից դուրս բնակչություն: Տվյալները բնութագրում են հարցվողների տնտեսական ակտիվության ընթացիկ կարգավիճակը՝ հետազոտվող կարճ ժամանակահատվածի (մեկ շաբաթվա) կտրվածքով:
ԱՀ ԱՎԾ սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրության բաժնի պետ Լիլիա Պետրոսյանը տեղեկացրեց, որ 2019-2020թթ. աշխատողների թվի և աշխատավարձի վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքներով՝ 2020թ. տնտեսավարող սուբյեկտներից հավաքագրած տվյալների համաձայն՝ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 188 960 դրամ, ինչը 2019թ. համեմատ աճել է 7,5 %-ով: Ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների՝ 2020թ. միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում կազմել է 197057 դրամ, իսկ ոչ պետական հատվածում՝ 171399:
Պետական հատվածում 2019թ. համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 16,2%-ով, իսկ ոչ պետական հատվածում նվազել՝ 8,4%-ով:
Դիտարկելով 2020թ. տնտեսական գործունեության տեսակների միջին ամսական անվանական աշխատավարձն ըստ եռամսյակների՝ հետազոտողներն արձանագրել են, որ գյուղատնտեսությունում, արդյունաբերությունում և շինարարությունում այն բարձր է եղել երկրորդ եռամսյակում՝ կազմելով համապատասխանաբար՝ 151573 դրամ, 226184 և 223317 դրամ, իսկ ծառայությունների ոլորտում՝ չորրորդ եռամսյակում, որը կազմել է 226868 դրամ:
Հետազոտության արդյունքներով՝ 2020թ. միջին ամսական անվանական աշխատավարձը գյուղատնտեսական հատվածում կազմել է 135619 դրամ, ոչ գյուղատնտեսականում՝ 189441 դրամ: 2019թ. համեմատ գյուղատնտեսական հատվածում միջին աշխատավարձը նվազել է 2,2 տոկոսային կետով, իսկ ոչ գյուղատնտեսականում՝ փոփոխություն չի արձանագրվել:
2020թ. միջին ամսական անվանական աշխատավարձը 2,8 անգամ գերազանցում է սահմանված նվազագույն աշխատավարձը, 10,5 անգամ՝ նշանակված միջին ամսական կենսաթոշակը, 7,6 անգամ՝ փաստագրված նվազագույն պարենային զամբյուղը կամ ծայրահեղ աղքատության գիծը, 5,2 անգամ՝ փաստագրված նվազագույն սպառողական զամբյուղը կամ աղքատության ընդհանուր գիծը:
2020թ. սահմանված նվազագույն աշխատավարձը կազմել է 68000 դրամ, որը 2019թ. համեմատ ավելացել է 23,6 %-ով: 2020թ. սահմանված նվազագույն աշխատավարձը կազմել է անվանական աշխատավարձի 36%-ը: Այն 3,8 անգամ գերազանցում է նշանակված միջին ամսական կենսաթոշակը, 2,7 անգամ՝ փաստագրված նվազագույն պարենային զամբյուղը կամ ծայրահեղ աղքատության գիծը, 1,9 անգամ՝ փաստագրված նվազագույն սպառողական զամբյուղը կամ աղքատության ընդհանուր գիծը: Լ. Պետրոսյանի պարզաբանմամբ՝ 2020թ. ըստ կազմակերպություններից հավաքագրած պետական վիճակագրական հաշվետվությունների տվյալների՝ մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 201718 դրամ:
Մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածի կազմակերպություններում կազմել է 217172 դրամ, իսկ ոչ պետական հատվածի` 172912 դրամ:
Ոլորտի մասնագետները տեղեկացրել են, որ հետազոտության հաշվարկման մեթոդաբանությունը, ընտրանքի մեթոդը հիմնականում համապատասխանում են Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից առաջարկվող սահմանումներին ու դրույթներին՝ հնարավորինս հաշվի առնելով Արցախում դրանց կիրառման առանձնահատկությունները` միաժամանակ ապահովելով համադրելիությունը միջազգային համանման ցուցանիշների հետ: