[ARM]     [RUS]     [ENG]

Փոխհատուցումը շարունակվելու է

Գայանե Գևորգյան

 Կոմունալ ծառայությունների փոխհատուցման ծրագրի փոփոխությունները որոշ թերընկալումներ էին առաջացրել հանրության շրջանում: Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեժլումյանին:

ՙԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության 2020թ. դեկտեմբերի 1-ի համապատասխան որոշման նպատակն է աջակցել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած Արցախի Հանրապետության բնակչությանը:
Կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցությունը տրամադրվում է 2020 թվականի դեկտեմբեր ամսվա և 2021 թվականի բոլոր ամիսների համար: Իսկ ահա Էլեկտրաէներգիայի գծով` դեկտեմբերի 1-ից ծրագիրն ավարտվում է այն բնակիչ-բաժանորդների համար, ովքեր բնակվում են գազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում: Գազի սպառման դիմաց աջակցությունը կերկարաձգվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը, նախատեսվում է մինչև 180 խորանարդ մետր գազի անվճար տրամադրում: Իսկ չգազաֆիկացված բնակավայրերում բնակիչ-բաժանորդների համար ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2022թ.-ի մարտի 1-ը` անվճար տրամադրելով մինչև 1500 կՎ/ժ էլեկտրաէներգիա՚,-մանրամասնեց բաժնի պետը:
Այն հարցին, թե, արդյո՞ք, գազաֆիկացված բնակավայրերում ապրող, բայց ձմռանը էլեկտրաէներգիայով բնակարանը տաքացնող բնակիչ-բաժանորդներն այս պարագայում չե՞ն տուժում, բաժնի պետը նշեց. ՙԿա որոշում և մենք այդ որոշումները կյանքի ենք կոչում: Պետք է հաշվի առնել, որ ծրագիրը դեկտեմբերին պիտի ավարտվեր, բայց որոշվեց մի քանի ամիս երկարաձգել` մեր համերկրացիների հոգսաշատ առօրյան հնավորինս թեթևացնելու համար: Նաև նկատի ունեցեք, որ գազի սպառողներն ավելի մեծ ծավալ են կազմում, գազի համար սուբսիդիան 25020 դրամի չափով է կատարվում, լույսը` 12 500-ի չափով՚:
Այն բնակիչները, ովքեր վարձակալական համատեղ հիմունքներով են բնակվում և հանդիսանում են որպես 1 բնակիչ-բաժանորդ, ևս ծրագրի շահառու են: Նրանց վճարումը կատարվում է ծավալով. և՜ բնական գազի, և՜ էլեկտրաէներգիայի գծով պետությունն իրականացնում է փոխհատուցում` ըստ ամիսների: Համատեղ վարձակալական հիմունքներով ապրող բնակիչներին, համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո, աջակցության նույն ծավալի չափով տրամադրվում է գումար, այսինքն` 180 խոր.մ-ի դիմաց 25020 դրամ, 500 կՎ/ժ-ի դիմաց` 12500 դրամ:
Ինչքանո՞վ է բավարար տրամադրվող օգնությունը հարցին, Ա. Մեժլումյանն ասաց. ՙԳտնում եմ, որ վերջնասահմանը բավականին նորմալ է և, ընդհանուր առմամբ, դրանք բավարարում են բնակիչ-բաժանորդներին, այդ թվում համատեղ վարձակալական հիմունքներով ապրող բնակիչ-բաժանորդներին:
Անմիջապես պատերազմից հետո որոշումը կյանքի կոչվեց: Տրված սեղմ ժամկետներում հնարավորինս ուսումնասիրվել է: Պատերազմից հետո առաջին երկու ամիսներին ամբողջությամբ զրոյացվել են կոմունալ վճարումները, այնուհետև սկսվել է սուբսիդավորումը՚,-ավելացրեց բաժնի պետը:

Նշենք, որ բնական գազի դիմաց սուբսիդավորումը ձմռան ամիսներին` 180 խոր.մ է, գարնան և աշնան ամիսներին` 120 խոր.մ, ամռան` 60 խոր.մ:
Էլեկտրաէներգիայի սուբսիդիան ձմռան ամիսներին` 500 կՎ/ժ, գարնան և աշնան` 400 կՎ/ժ, ամռան` 300 կՎ/ժ:
Միայն չգազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում ձմռանը` 1500 կՎ/ժ, գարնանը և աշնանը` 1000 կՎ/ժ, ամռանը` 600 կՎ/ժ: