ՇԻՆՀԱՐԹԱԿՆԵՐԻՑ ՀԵՐԹԱԿԱՆԸ...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Արցախյան շինհրապարակներից հերթականը մեր տեսած նախորդներից շատ էր տարբերվում... Անզեն աչքով էլ նկատելի է, որ այն ծավալված շինարարական ՙինդուստրիայում՚ նորություն է։ Ո՞րն է նորությունը և որո՞նք են առավելությունները, պարզեցինք տեղում և, ինչպես ասում են, առաջին ձեռքից...
ՙՇԵՆ ԱՐՑԱԽ՚ շինարարական կազմակերպության /տնօրեն՝ Մհեր Դերձյան/ աշխղեկ Սմբատ Գալոյանը, ով նաև ընկերության ներկայացուցիչն է Արցախի տարածքում իրականացվող մի շարք շինաշխատանքների, մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց նպատակն է օր առաջ նպաստել տեղահանված բնակիչների բնակարանային խնդրի լուծմանը։ Պահի դրությամբ նրանք շինաշխատանքներ են իրականացնում 3-4 տեղամասում՝ Դահրավում և Ստեփանակերտում՝ Տիգրան Մեծ-ի 37/2 և 36/2 հասցեներում։ Շինաշխատանքներում ընդգրկված է շուրջ 30 վարպետ-շինարար։ Շինանյութերի մի զգալի մասը տեղափոխում են Ռուսաստանից ու Հայաստանից, օգտագործում է նաև տեղական հումքը։ Միայն Տիգրան Մեծ փողոցում ՙՇԵՆ ԱՐՑԱԽ՚-ը 23 բնակարան է կառուցում։ Թե՜ իրավասուները և թե՜ անմիջական մասնակիցները գործին վերաբերում են ամենայն պատասխանատվությամբ, ձգտելով ժամ առաջ ավարտել շինաշխատանքները, ձմեռը յոթը սարի հետևը չէ, իսկ բնակարանային հարցը շատ-շատերի համար, դեռևս, թիվ մեկ խնդիրն է։ Ս. Գալոյանի հավաստմամբ, սոճենու փայտը վերամշակված է հատուկ նյութերով, դա իրենց ֆիրմայի տնօրենի մտահղացումն է, այդ տեխնոլոգիան երկար տարիներ մշակվել է Ռուսաստանում, ներկայումս այն իրագործվում է Հայաստանում և արդեն նաև Արցախում։ Նորամուծության առավելությունն այն է, որ այն չհրկիզվող է, ջերմակայուն, արագ հավաքվող-կառուցվող ու հուսալի՝ ձմռանը՝ տաք, ամռանը՝ հով։ Կոնկրետ այս թաղամասում կառուցվում են 2, 3 և մեկ 4 սենյականոց բնակարաններ։ Պատասխանատուները պարտավորվում են բնակարանները շահագործման հանձնել մինչև այս տարվա դեկտեմբերի կեսերը։ Նրանք ամեն ինչ անում են, որ սեղմ ժամկետներում լրացնեն բանող ձեռքերի ու շինանյութերի պակասը։ Աշխղեկի կարծիքով, շինարարության մեջ ներգրավված յուրաքանչյուր ոք՝ մեծից փոքր, շինարարից ղեկավար այն համոզման են, որ դժվարությունները հաղթահարելու են միասնական ուժերով՝ յուրաքանչյուրն իր բնագավառում, նրանք իրենց պատասխանատու են զգում և փորձում այնպես անել, որ ժամ առաջ իրենց հայրենակիցները ոչ միայն պարզապես ծածկ ու տանիք ունենան, այլև վայելեն հարմարավետ, տաքուկ, դիմացկուն ու որակյալ բնակարանները։