ՄԱՔՈՒՐ ՔԱՂԱՔՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՔԵԶԱՆԻՑ
Էվիկա ԲԱԲԱՅԱՆ
Ստեփանակերտը միշտ էլ առանձնանում էր իր մաքրությամբ, և քաղաք այցելած զբոսաշրջիկներն առաջին հերթին այս հանգամանքն էին նշում: Անգամ Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ, քաղաքի հերթական ռմբակոծությունից հետո, սանմաքրման ծառայության աշխատակիցները դուրս էին գալիս ու մաքրում աղբը: Դա զարմանալի էր շատերի համար, բայց` ոչ ստեփանակերտցիների, ովքեր միշտ համարում էին, որ իրենց քաղաքն հարազատ տունն է: Իսկ հիմա՞:
Քաղաքն անճանաչելի է դարձել: Ամեն օր սեփական տան կամ զբոսայգու մոտ ստիպված ես լինում շրջանցել աղբակույտեր: Աշխատանքի գնալիս նկատում ես, թե ինչպես են ՙգիտակից՚ քաղաքացիները լավագույն դեպքում աղբը հեռվից նետում աղբարկղերը, երբեմն էլ` մոտակայքում գտնվող թփուտները: Օրերս ականատես եղա հետևյալ պատկերին` քաղաքային մարզադաշտի մոտ գտնվող` բոլորիս կողմից սիրված, մեծ հայրենասեր Լևոն Հայրապետյանի արձանը ծածկվել էր աղբով: Առջևիցս քայլող միջին տարիքի մի տղամարդ, ով ըստ երևույթին ինչ-որ տեղ էր շտապում, հանկարծ կանգ առավ, տարուբերեց գլուխն ու սկսեց տարածքը մաքրել աղբից, մոլախոտերից: Ես նույնպես կանգնեցի, զրուցեցինք:
ՙԱմոթ է բոլորիս: Այս մարդն այնքա˜ն շատ բան է արել մեզ համար, և ինչպե՞ս ենք մենք փոխհատուցում... Շատ կարևոր հանդիպման էի շտապում, բայց այս այլանդակությունը տեսնելով, անտարբեր անցնել չկարողացա, խիղճս թույլ չի տա՚,-ասաց Արմեն անունով այդ տղամարդը:
-Կարծում եք դա կոմունալ ծառայությունների՞ մեղքն է: Թեպետ հանուն արդարության պետք է նշել, որ ամեն օր նշված ծառայության աշխատակիցները բարեխղճորեն կատարում են փողոցների, պուրակների, զբոսայգիների մաքրման, աղբահանման աշխատանքները...
-Իհարկե, քաղաքի մաքրության ու բարեկարգման խնդիրը միշտ կարելի է բարդել քաղաքային ու կոմունալ ծառայությունների վրա, որոնք պատասխանատու են մաքրության համար: Բայց բոլորը մոռանում են ոսկե կանոնի մասին` մաքրություն տիրում է ոչ թե այնտեղ, որտեղ մաքրում են, այլ այնտեղ, որտեղ չեն կեղտոտում: Պարադոքսն այն է, որ այս ՙկեղտոտ գործում՚ ոչ քիչ ներդրում ունենք ինքներս: Հավանաբար նկատել եք, որ հաճախ կոմունալ ծառայություններից դժգոհ քաղաքացիները հանգիստ կարող են պաղպաղակի թուղթը կամ ճմրթված փաթեթը նետել աղբարկղի մոտ կամ ընդհանրապես չտանել այն մինչև աղբարկղ, դեռ չեմ ասում ծխախոտի մնացորդների մասին, որոնցով լի էր նշված արձանի շրջակայքը: Անգամ հավաքարարների ջոկատը չի հասցնի մաքրել յուրաքանչյուր այդպիսի անգիտակից քաղաքացու հետևից:
Մաքուր քաղաքն սկսվում է քեզանից, ու սա պետք է սովորեցնել երեխաներին ամենավաղ տարիքից:
Մեր զրույցի պահին հուշարձանի կողքով ՆԳՆ աշխատակից էր անցնում, զրուցակիցս նրա ուշադրությունը հրավիրեց շրջապատի տհաճ պատկերին, ինչին ի պատասխան վերջինս ասաց, որ դա իր պարտականություններից դուրս է: Հակառակ Արմենի բազմաթիվ փաստարկներին, թե դա յուրաքանչյուրիս գործն է, ոստիկանության ներկայացուցիչը լռեց ու շարունակեց ճանապարհը: Ի՞նչ է սա` անտարբերությո՞ւն, անգիտակցությո՞ւն, թե՞ ապատիա, որը համակել է մեր ողջ հասարակությանը: Չգիտեմ, մի բան, սակայն, պարզ է` այս մարդու նախանձախնդրությունը ոչ միայն ողջունելի է, այլև` օրինակելի: Ցավոք, առանձին քաղաքացիների խանդավառությամբ միայն խնդիրը չի լուծվի: Դա երկարատև դաստիարակչական գործընթացի արդյունք է, որը մանկությունից է սկսվում: Օգտվելով առիթից, կցանկանայի դիմել ծնողներին, դպրոցի տնօրեններին, դասղեկներին, զինղեկներին, դաստիարակներին` անտարբեր չլինել այս խնդրին, երեխաների մեջ սեր ներարկել հայրենիքի, սեփական քաղաքի, պատմության ու մշակույթի հանդեպ, և անձնական օրինակով ցույց տալ, որ ՙԿոկա կոլա՚-ի դատարկ շիշը կամ չիփսի փաթեթները կարելի է մի 10 մետր ավել քայլելով` նետել համապատասխան վայր, իսկ մոլի ծխողներին բացատրել, որ ծխախոտի մնացորդների համար գոյություն ունեն հատուկ հատկացված տեղեր, այլապես հետագայում ցավով պիտի անդրադառնանք, որ մաքուր ապրելու մշակույթն անհետացել է մեզանում:
Դժբախտաբար, այսօր այն միտումը կա, որ մեր քաղաքացիներին մտահոգում են միայն սեփական խնդիրները, նրանց չի անհանգստացնում` ինչ է կատարվում տան շեմից այն կողմ: Ասել է թե` իրենք պատասխանատու են միայն այն վայրի համար, որն իրենց տունն են համարում ու վերջ: Ու հենց նրանք հայտնվում են շքամուտքում, այդ զգացումն անհետանում է: Ինչո՞ւ այսքան շատ կեղտոտ շքամուտքեր ու բակեր ունենք: Որովհետև մարդիկ մտածում են` ՙԴա իմ գործը չէ, դա հասարակական տարածք է՚: Այո, ընթերցողներից ոմանք կարող են առարկել ինձ` իբր, մենք հարկ ենք վճարում, որ պատասխանատու կազմակերպություններն ու համապատասխան ծառայությունները զբաղվեն այդ հարցերով: Միանշանակ այդպես է, բայց մեզանից յուրաքանչյուրը կարող է գոնե չկեղտոտել և հիշել, որ մաքուր քաղաքն սկսվում է մեզանից: