ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ` ՄԵԿ ՄԱՐՄՆԻ ՄԻՋՈՑՈՎ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

Վերջերս ԱՀ կառավարության որոշումով ստեղծվել է Բնակարանային հարցերի կոմիտե` բնակապահովման խնդիրների արդյունավետ լուծման նպատակով: Կոմիտեին առաջադրված խնդիրների մասին զրուցեցինք ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ:
-Նման կոմիտեի ստեղծումը, հատկապես` պատերազմից հետո, պահանջված էր: Ե՞րբ է ընդունվել ստեղծման որոշումը և ի՞նչ լիազորություններ, գործառույթներ ունի կոմիտեն:
-Հետպատերազմյան ծանր վիճակից ելնելով, ԱՀ նախագահ Ա. Հարությունյանի որոշմամբ, ստեղծվեց Բնակարանային հարցերի կոմիտե` որպես պետական մեկ միասնական մարմին, որը կզբաղվի ոչ միայն զոհվածների և տեղահանված ընտանիքների բնակարանային հարցերով, այլև շահառու բոլոր սոցիալական խմբերի: Նախկինում նման հարցերով զբաղվող գերատեսչությունների այդ գործառույթները փոխանցվել են Կոմիտեին, մասնավորապես` ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության բնակարանային հարցերի վարչությունը վերակազմակերպվել է և իր աշխատակիցներով արդեն աշխատում է Կոմիտեի կազմում: Մնացած գերատեսչություններից համապատասխան գործառույթներն են փոխանցվել: Կոմիտեն ԱՀ կառավարության` բնակարանով ապահովելու քաղաքականության մշակող մարմին է և ունի մի շարք գործառույթներ, որոնցից են, հիմնականում, բնակֆոնդի ստեղծումը և վարումը, ինչպես և բնակարանները գույքով ապահովելու որոշումներ կայացնելը: Անհրաժեշտ գույքով և էլեկտրատեխնիկայով կահավորվելու են բոլոր շահառուների բնակարանները` բացառությամբ զինծառայողների և պահեստազորայինների, քանի որ մինչ այս, նշված խմբի շահառուներին բնակարան էր տրվում միայն խոհանոցի կահավորմամբ: Շեշտեմ` բնակապահովման ծրագրից օգտվելու են բոլոր խմբերի շահառուները, ուղղակի ըստ սանդղակի գործելու է տոկոսային հարաբերակցություն, և բնակարանների մեծ մասը հատկացվելու է տեղահանված և զոհվածների ընտանիքներին: Հերթացուցակները կազմվելու են բալային համակարգի միջոցով: Դա արդեն մշակված է, սպասում ենք հաստատմանը, որից հետո կհրապարակվի առաջնահերթությունների սանդղակը: Հաշվի են առնվելու բոլոր հանգամանքները, ինչպես և ստացած պետական պարգևները, որի արդյունքում ընտանիքին տրամադրվելու է հանրագումարային ցուցիչ, որը լինելու է որոշիչ հերթագրման համար:
-Նշենք ֆինանսավորման աղբյուրները:
-Ծրագիրն իրականացվելու է հիմնականում ՀՀ և ԱՀ կառավարությունների  ֆինանսավորմամբ, “Հայաստան” հիմնադրամի միջոցներով, ինչպես և բարերարների աջակցությամբ: Նշեմ, որ այսօր արդեն մոսկվաբնակ բարերար Ս. Համբարձումյանի ֆինանսավորմամբ Հովսեփավանում զոհվածների ընտանիքների համար կառուցվում է 92 բնակելի տուն: Դահրավում կառուցվող “100 տուն” ծրագրի ֆինանսավորումն իրականացնում է «Ապրելու Արցախ» հիմնադրամնին ուղղված նվիրատվություններով և Արցախի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ: Կան նաև ավելի փոքր ծրագրեր, որոնց ֆինանսավորումն իրականացվում է տարբեր բարերարների միջոցներով: Բնակելի թաղամաս կառուցելու նախաձեռնությամբ արձագանքել է հայտնի բարերար Ս. Կարապետյանը: Համոզված ենք` ծրագրի իրականացման ընթացքում կհայտնվեն նոր  բարերարներ:
-Կոմիտեի կողմից ընդունված որոշումները միանգամից ստանո՞ւմ են օրենքի ուժ, թե՞ պետք է անցնեն որոշ ատյաններով:
-Կոմիտեն ընդունում է որոշման նախագիծ, որն օրենքի ուժ է ստանում կառավարության հաստատումից հետո:
-Կոմիտեի բարդ ու ծավալուն գործառույթները ենթադրում են անաչառ մոտեցում և ոչ քիչ աշխատանք: Ի՞նչ սկզբունքով և որքա՞ն աշխատող եք ներգրավել:
-Այո, մեծ պատասխանատվություն է դրված Կոմիտեի վրա, քանի որ շահառու խմբերը շատ են, իսկ բնակֆոնդը` սահմանափակ: Այս տարի մայրաքաղաքում շահագործման է հանձնվելու միայն 300 բնակարան: Շահառուների արտոնյալ խմբերի խնդիրներն այնքան ցավոտ են, որ անգամ անաչառության սկզբունքով սահմանազատումը միանշանակ չի ընդունվում նրանց կողմից, և ճիշտ եք նկատել, որ մոտեցումը պետք է շատ արդար լինի: Բազմիցս հանրային քննարկումներ եմ կազմակերպել տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, հանդես եմ եկել ԱՀ Ազգային ժողովում` ներկայացնելով իրավիճակը` հույս ունենալով, որ մշակած մոտեցումները կհասնեն հանրությանը: Մեր կողմից էլ, բնակարանները բաժանելիս, խիստ պահպանվելու է հանրագումարային ցուցիչով կազմված հերթացուցակը: Նախատեսում ենք ունենալ վերահսկողության բաժին, որը կիրականացնի թե՜ ներսի, թե՜ դրսի մոնիթորինգ, ինչը թույլ կտա անընդհատ կատարելագործել կատարած և կատարվելիք աշխատանքը: Այսօր ունենք 30 աշխատակից: Այդ թիվն, անշուշտ, բավարար չէ նման ծանր ու ծավալուն աշխատանքի համար, բայց, ամենայն հավանականությամբ, մյուս տարվանից հնարավոր կլինի մեծացնել աշխատակիցների կազմը: Մենք կօգտագործենք նաև տեխնոլոգիաների հնարավորությունները. արդեն պատվիրված է համապատասխան առցանց ծրագիր և կայքէջի միջոցով շահառուները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը և հետևել ընթացքին:
- Խոսենք  բնակելի տների գնահատման կարգի մասին, ինչպես և նշենք, թե տարհանված մեր հայրենակիցներից ովքեր կներգրավվեն մայրաքաղաքի հերթացուցակում:
-Նախ ասեմ, որ մայրաքաղաքի բնակարանային հերթացուցակում իրավունք ունեն ներգրավվելու միայն Շուշիի և Հադրութի բնակիչները, բայց միայն սեփականության իրավունքով բնակարան ունեցողները, այսինքն` այդ քաղաքներում վարձով ապրողներին, ովքեր չունեն այդ իրավունքը` բնակելի տներով կապահովենք շրջաններում: Անշուշտ, բնակելի տների գնահատման կարգը քաղաքում և շրջաններում տարբեր է: Ստեփանակերտում մինչև 2015թ. կառուցված շենքերի քառակուսի մետրի արժեքը չի կարող գերազանցել 240.000 դրամ, 2015-ից հետո կառուցվածներինը` 300.000 դրամ: Երկրորդային շուկայի բնակելի տները համայնքներում և շրջկենտրոններում համապատասխանաբար գնահատվում են 10-15 միլիոն դրամ արժեքով: Ինչպես վերը նշեցի, շրջանների որոշ գյուղերի վարչական տարածքներում կառուցվում են 21 նոր թաղամաս` 39 գյուղերից տեղահանվածների համար. այսինքն` մի քանի գյուղերի բնակիչներ կմիավորվեն և կապրեն են մի համայնքում: Այս երեք տարիների ընթացքում կառուցման, թե գնման միջոցով ձեռք կբերվի 6500 բնակելի տուն: Այս տարի Ստեփանակերտում կբաժանվի 300 բնակարան, արդեն կառուցվում է 1211 բնակարան, մյուս տարի կմեկնարկի 1000 բնակարանների ծրագիրը: Ինչպես արդեն նշեցի, շրջաններում կառուցվում է 21 նոր թաղամաս` 1438 բնակարաններով և մոտ 1209-ի բնակելի տան նախագծանախահաշվարկային փաստաթղթերը պատրաստ են, հայտարարված մրցույթից հետո կսկսվեն կառուցապատման աշխատանքները:
-Ո՞ւմ է վերապահված գնահատողի կարգավիճակը և ի՞նչ չափանիշներով է դա արվում:
-Գնահատումներն իրականացվում են գնահատման անկախ և լիցենզավորված ընկերությունների կողմից: ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն նույնպես ունի գնահատման իրավունք: Կարգն այսպիսին է` տուն վաճառողներն իրենց ցանկությամբ դիմում են գնահատման որևէ ընկերության և գնահատման հաշվետվությունը ներկայացնում Բնակարանային հարցերի կոմիտեին: Եթե նկատելի է լինում գների անհամապատասխանություն, Կոմիտեն իրավասու է փորձաքննության ենթարկել այդ գնահատումը և, եթե փորձաքննության արդյունքում տարբերությունը գերազանցում է 10 տոկոսը, տվյալ ընկերությունը զրկվում է լիցենզիայից:
Վերջում, օգտվելով առիթից, Բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանը կոչ արեց այցելողներին պահպանել համաճարակային կանոնները և կապ հաստատել առցանց միջոցով` հավաստիացնելով, որ մոտ օրերս կգործի Կոմիտեի կայքէջը: