[ARM]     [RUS]     [ENG]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼՈՒԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ

Լուսինե ԴԱՇՅԱՆ

ԱՀ կառավարության կողմից մշակվել և իրականացվում է սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիրը, որը միտված է հնարավորինս թեթևացնելու 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած Արցախի Հանրապետության քաղաքացիների սոցիալ-հոգեբանական վիճակը։ Ծրագիրն իրականացնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը։

Մեզ հետ զրույցի ժամանակ ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության Մարտունու շրջանի աշխատակիցներ` Զարինե Պետրոսյանը, Օֆիկ Մովսիսյանը, և Լուսինե Ստեփանյանը տեղեկացրել են, որ իրենց գործունեության ընթացքում հանդիպում են պատերազմի պատճառով կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց, այցելում տուն առ տուն, տեղում ծանոթանում առկա խնդիրներին։
Ծրագրի հիմքում անօթևան մնացած արցախցիներին կացարաններով ապահովելու, գյուղական համայնքներում բնակություն հաստատած մեր հայրենակիցներին անհրաժեշտ կենցաղային պարագաներով, տեխնիկայով ու գույքով ապահովելու խնդիրների լուծումն է՝ կորցրածի փոխհատուցման ձևաչափով։
Սոցիալական աշխատողները ոչ միայն օգնում են սոցիալական հարցերում, այլև ուղղորդում` առողջապահական, կրթության, աշխատանքի, տնտեսական, տվյալ միջավայրին ներգրավվելու, ըստ անհրաժեշտության` հոգեբանական, խնդիրների լուծման գործում։ Այսինքն, աջակցում են մարդկանց ընկալել այս բնույթի խնդիրները, մասնակից դարձնում դրանց լուծմանը, կայուն եկամտի աղբյուր ստեղծելուն, ինչպես նաև ծրագրվում է հետագայում լուծել տեղահանված բնակչության զբաղվածության ապահովման խնդիրը։
Սոցիալական աշխատանքը հսկայական ջանքեր է պահանջում։ Կարևոր է սոցաշխատողների անմիջական մասնակցությունը՝ քաղաքացիների կարիքների մասին տեղեկանալու, կենցաղային, նյութական կամ առողջական, հոգեբանական առկա խնդիրները հասկանալու և լուծելու գործում։ Այնուհետև կկատարվի ընտանիքների կարիքների խորքային գնահատում, որպեսզի պետությունն առաջնահերթ լուծի ընտանիքների այն խնդիրները, որոնք առավել հրատապ են։ Ընտանիքների կարիքների գնահատումը կօգնի ավելի հասցեական աշխատել։
Սոցիալական աշխատողները վերապատրաստում են անցել, որը մինչև օրս էլ շարունակվում է, անընդհատ կատարելագործվում են, քանի որ աջակցության ծրագիրը նույնպես դեռ մշակվում է, նորամուծություններ են կատարվում։
Նրանք առ այսօր այցելել են Մարտունի քաղաքում և շրջանի համայնքներում հաստատված բոլոր տարհանված ընտանիքներին, գույքագրում կատարել, քննարկել նրանց խնդիրներն ու հարցերը, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, ուղղորդել նրանց, ովքեր չեն ստացել հասանելիք նպաստը, գույքը, սնունդը, հագուստը, տնտեսական, կենցաղային անհրաժեշտ պարագաները, առողջապահական, հոգեբանական խորհրդի կարիք ունեցողներին։ Հարկ եղած դեպքում սոցիալական աշխատողներն անձամբ են պայմանավորվում բժիշկների հետ և բուժօգնության կարիք ունեցող անձանց ուղղորդում անհրաժեշտ մասնագետի մոտ։
Սոցիալական աշխատողները բարձր են գնահատում շրջվարչակազմի ղեկավարության, տարբեր մարմինների հետ փոխհամագործակցությունը։
Աջակցության ծրագիրը քայլ առ քայլ կատարելագործվում է, նորանոր ծրագրեր են կյանքի կոչվում և հիմնական նպատակն է, որպեսզի հասարակությունը գիտակցի, որ պետության դերակատարությունը միայն ֆինանսապես աջակցելը չէ, այլ նաև օգնելը, որպեսզի ապահովվի մարդկանց զբաղվածությունը, բարձրանա նրանց աշխատունակությունը: