Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Նոր աշխատատեղեր՝ ՀԱՀ Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրով

Աննա Պետրոսյան

 Արցախում շարունակվում են Հայաստանի ամերիկյան համալսարանի ԹԳՀԶԾ միջոցով համայնքների զարգացման ծրագրերը։ Ծրագրի նպատակն է նպաստել գյուղական համայնքների կայուն տնտեսական զարգացմանը՝ չափահաս բնակչության շարունակական կրթության, նրանց մոտ ձեռնարկատիրական գործունեության ծավալման համար անհրաժեշտ հմտությունների ձևավորման, ինչպես նաև տնտեսական հետազոտությունների իրականացման և խորհրդատվության տրամադրման միջոցով։

Ծրագրի շրջանակներում կենսունակ գործարար գաղափարներ ունեցող և դասընթացների արդյունքում դրանց իրագործմանը պատրաստ մասնակիցներին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ արտոնյալ վարկի տեսքով։ ՙԱզատ Արցախ՚-ի հետ զրույցում ԹԳՀԶԾ Ստեփանակերտի գրասենյակի մենեջեր Լիլիթ Ղազարյանը, անդրադառնալով իրականացվող ծրագրերի նպատակներին, նշեց, որ նախ լուծվում է զբաղվածության խնդիրը, ապա նաև նպաստում են Արցախի տնտեսական զարգացմանը։
-Պատերազմից անմիջապես հետո նկատեցինք, որ ժողովուրդը բավականին ընկճված է, շատերը չէին ցանկանում ոչինչ ձեռնարկել։ Որոշակի մոտիվացիոն աշխատանքներից հետո, սակայն, մարդկանց մոտ նոր բիզնեսներ հիմնելու ցանկություն առաջացավ։ Երբ առաջին անգամ գնում էինք գյուղեր, շատերն էին անորոշ հոգեվիճակում։ Արցախում մնալու և մեր երկիրը շենացնելու գիտակցությունը մարդկանց մոտ ամրապնդելու ուղղությամբ մի շարք աշխատանքներ իրականացրեցինք։ Արդյունքում՝ այսօր ունենք շահառուներ, որոնք հավատացին՝ աշխատեցին ու ստեղծեցին իրենց բիզնեսները,-մանրամասնեց Լ. Ղազարյանը։
Անդրադառնալով Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրերին՝ մեր զրուցակիցը նշեց, որ վերջերս ծրագրի շրջանակներում 2021թ. սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ավարտին է հասցվել ևս 4 նոր նախագիծ։
Մարտունու շրջանի Սոս համայնքում պատերազմից հետո էլեկտրամատակարարման լուրջ խնդիրներ էին առաջացել։ Այդ պատճառով գյուղի հացի արտադրամասը դադարեցրել էր իր գործունեությունը։ Տեղեկանալով ծրագրի մասին՝ շահառուն մասնակցել է ՀԱՀ ԹԳՀԶԾ-ի կողմից կազմակերպված անվճար բիզնեսի կառավարման դասընթացներին, ներկայացրել է բիզնես ծրագիր, որն արժանացել է հավանության և ֆինանսավորվել է։ Այսպիսով, Սոս համայնքում ստեղծվել է երեք աշխատատեղ և լուծվել է համայնքում հացի արտադրամաս ունենալու խնդիրը։ Արտադրամասի հացը մատակարարվում է նաև շրջակա մի քանի գյուղերի։
Ծրագրի շրջանակներում Մարտունի քաղաքում ավտոպահեստամասերի նոր խանութ է հիմնվել։ Որպես այդպիսին, խանութը միակն է շրջկենտրոնում և ունի մեծ պահանջարկ։
Թրփանջյան գյուղական համայնքների զարգացման հերթական երկու ծրագրերն ավարտին են հասցվել Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում։ Լ. Ղազարյանը նշեց, որ բացվել է արագ սննդի կետ, որի շրջանակներում ստեղծվել է երեք աշխատատեղ։
Թրփանճեան ծրագրի աջակցության շնորհիվ՝ մյուս շահառուն կյանքի է կոչել գործող ավտոլվացման կետն ընդլայնելու նախագիծը։ Նախկինում եղածը չէր բավականացնում սպասարկման ծավալներն ամբողջությամբ իրականացնելու համար. շահառուն կառուցել է նաև երկրորդ ավտոլվացման կետը, ինչը նպաստում է նաև նախկինում հիմնած բիզնեսի զարգացմանը։ Բացի այդ, նոր ձեռք բերված սարքավորումներն ավելի որակյալ ու արդիական են։
Մեր զրուցակիցը հավելեց, որ ծրագրի շրջանակներում առաջիկայում պարբերաբար կյանքի կկոչվեն նոր բիզնես նախագծեր, իսկ հավանության արժանացած այլ ծրագրեր կգործարկվեն շինարարական աշխատանքների ավարտից ու կահավորումից անմիջապես հետո։
Այն շահառուները, որոնք հաջողությամբ են իրականացնում իրենց ծրագիրը, կարող են կրկին դիմել ծրագրին ու ստանալ ֆինանսական աջակցություն՝ ընդլայնման կամ նոր բիզնես-ծրագրի համար։