[ARM]     [RUS]     [ENG]

Վարկային արտոնությունների հնարավորություններ՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և Արցախից տեղահանվածներին ․ քննարկում ՀՀ ազգային ժողովում

 

 Հունվարի 11-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ:Այս մասին ՛՛Ազատ Արցախը՛՛ տեղեկացավ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ՀՀ Կենտրոնական բանկից, Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահն ու գործադիր տնօրենը, մի շարք բանկերի ղեկավարներ: Թագուհի Թովմասյանի կարծիքով` համակարգային լուծում փնտրելու ժամանակն է. այն պետք է լինի այնպիսին, որ չտուժեն մասնավոր բանկերը, միաժամանակ հնարավոր լինի օգնել կորուստներ ունեցած ընտանիքներին: Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները 2021 թվականի հուլիսի 30-ի դրությամբ ներել են պատերազմում զոհված եւ անհետ կորած անձանց, նրանց ընտանիքների անդամների` 17 հազար 100 անձանց շուրջ 2.8 մլրդ դրամի չափով վարկային պարտավորությունները: Նշվել է, որ Ազգային ժողովը 2020 թվականի հոկտեմբերին ընդունել է օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվել բանկերին ու վարկային կազմակերպություններին առանց հարկային հետեւանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետեւանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Արսեն Մանուկյանը տեղեկացրել է, որ Արցախի կառավարությունը 2021 թվականի մարտին ընդունել է որոշում` վարկային պարտավորությունների փոխհատուցման վերաբերյալ: Ըստ նրա` 2020 թվականի նոյեմբերից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերը շուրջ 130 մլրդ դրամի ծրագրեր են իրականցվել, որոնք միտված են եղել Արցախի սոցիալ-տնտեսական կյանքի վերականգնմանը: Արսեն Մանուկյանն ընդգծել է, որ Կառավարությունը 2022-ին եւս շարունակելու է աջակցել Արցախի սոցիալ-տնտեսական վերականգնմանը: ՀՀ բանկերի ներկայացուցիչները տվյալներ են ներկայացրել իրենց բանկերի կողմից տրամադրված արտոնությունների վերաբերյալ: Նշվել է, որ դեռեւս ամբողջական տեղեկատվություն չկա այն մասին, թե զոհվածներից քանիսն են վարկեր ունեցել: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի կարծիքով` խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է պետության անմիջական մասնակցությունը: Ըստ նրա` բանկերն ու վարկային կազմակերպությունները չեն կարողանա հարցը միայնակ լուծել: Պատգամավորն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ վերոնշյալ հարցերն ուսումնասիրելու նպատակով: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի համար առաջարկը եղել է ընդունելի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ստեղծել աշխատանքային խումբ` Կառավարության, Ազգային ժողովի եւ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: