ՄՇՏԱԿԱՆ ԶՈՀԸ

ZohSofa.jpgԿան մարդիկ, ովքեր և՜ աշխատանքային գործունեության մեջ, և՜ անձնական կյանքում իրենց զոհ են համարում: 
Այս կարգի մարդկանց, ասես թե, ամեն մի քայլափոխի հանդիպում են մարդկային կերպարանքով ՙհրեշներ՚, ովքեր և որոշում են նրանց չար ճակատագիրը` ենթարկում զրկանքների, նվաստացնում, օգտագործում և այլն: Իսկ ո՞վ է իրականում ՙզոհը՚: 
Սովորաբար զոհին կարելի է ճանաչել այն պահից, երբ նրան հանդիպում ենք: Այս մարդիկ  սիրում են առաջին իսկ րոպեներից ամենայն մանրամասնությամբ պատմություններ անել իրենց ՙչար՚ ճակատագրի մասին: Միշտ ինչ-որ մեկը կա, ով դժբախտացնում է նրանց: 
Նրանք սեփական վարքը փոխելու մտադրություն անգամ չունեն, քանի որ սովորաբար ունենում են արդարացում՝ ՙփորձել եմ՝ չի ստացվել՚: 
Զոհն ունի ինքն իրեն խղճալու հակում: Վիրավորվածությունը, լռակյացությունն ու նախկին իրավիճակների մտովի վերապրումներն անընդհատ ուղեկցում են նրան: 
Կա ՙզոհ՚-ի մեկ այլ տեսակ ևս, որն, ընդհակառակը, ամեն ինչում մեղադրում է ոչ թե ուրիշներին, այլ` ինքն իրեն: Բնականոն է, եթե այս հոգեվիճակները կրեն ժամանակավոր բնույթ. չէ՞ որ բոլորիս մոտ էլ լինում են տրամադրության անկում, ինքնագնահատականի տատանումներ, ինքնավերլուծություն: Բայց դրանք կենսակերպի վերածվելու դեպքում պետք է զգուշավորություն առաջացնեն, քանի որ   կարող են առաջացնել հոգեկան խանգարումներ: 
Խնդրից ազատվելու առաջին քայլը անհատի կողմից իր ՙզոհ՚ լինելու կարգավիճակն ընդունելն է: Սա ամենաբարդ փուլն է, քանի որ հաճախ ոմանց դուր է գալիս ստանձնել այս դերը, որտեղ, ենթագիտակցության մակարդակում, իրենց հերոս են զգում: Իսկ ինքն իրեն հերոս զգալու ինֆանտիլ (մանկամիտ)  ցանկությունը սովորաբար մարդկանց հետապնդում է ամբողջ կյանքում: Բացի այդ, հարմար է, երբ կան մարդիկ կամ անտեսանելի ուժեր, որոնց վրա կարելի է բարդել սեփական սխալներն ու անհաջողությունները: 
Հաճախ այս տիպի մարդիկ ունեն արտահայտված ծուլություն, որը թույլ չի տալիս նրանց մտածել, ստեղծել, արարել, գործել, այլ միայն ստանձնել զոհի դերն ու մեղադրել ամենին: ՙԶոհ՚-ի  դերից ազատվել ցանկացողը բավական է միայն ստանձնի իր կյանքի պատասխանատվությունը: Փորձի փոքր-ինչ մոտենալ իրականությանը, այլ ոչ թե անընդհատ ապրի մեղավորներ փնտրելու մանիակալ հետապնդումներով: Պետք է մտածել` գուցե աշխարհում կա ավելի հետաքրքիր բան, քան ինքն իրեն խղճալը: Այնուհետև ընդունել, որ կյանքի ցանկացած իրավիճակ փորձ է, որը մեզ ուսուցանում է ու կատարելագործում: Մյուսներին մեղադրելու վրա բավականին մեծ ժամանակ ու եռանդ ծախսելու փոխարեն կարելի է ուղղակի փորձել գործել հակառակ ուղղությամբ. ներել ու առաջ գնալ: Առաջ գնալու համար լավ կլիներ, որպեսզի ՙզոհը՚ մտովի պատկերացնի, թե  ինչպիսին կցանկանար դառնալ կամ երևալ շրջապատողներին: Այնուհետև քայլ առ քայլ երևակայական պատկերը կարելի է վերածել իրականության: 
 
Սոֆի ԲԱԲԱՅԱՆ
Հոգեբան