[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ԵՎ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Grape_20Blessing_2007.jpgՕգոստոսի 12-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է իր հինգ տաղավար (գլխավոր) տոներից Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը հնագույնն է Աստվածամորը նվիրված տոներից և մեր Եկեղեցում միշտ նշվում է  օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը:
Տոնի պատմական հիմքը Սրբազան Ավանդությունն է, համաձայն որի` Համբարձումից առաջ Հիսուս Քրիստոս խոստացավ Իր մորը, որ երբ հասնի նրա երկրային կյանքի վախճանը, Ինքն անձամբ կհայտնվի հրեշտակների զորքերով և կփոխադրի նրան երկնային օթևան: Այս խոստումով հուսավառ` խաչելությունից հետո Աստվածամայրը, Իր Որդու պատգամին հնազանդ (տես Հովհ. ԺԹ 26-27)` շուրջ 12 տարի ապրեց Հովհաննես Ավետարանչի խնամքի ներքո։ Ողջ այս ընթացքում  Աստվածամայրը հաճախ էր այցելում  իր Միածնի տնօրինական վայրերը, հատկապես թափուր գերեզմանը, և ծնկաչոք աղոթում։ 
12 տարի անց Գողգոթա կատարած  այցելությունների ժամանակ մեկ ամսվա մեջ Ս. Կույսին երեք անգամ հայտնվում է Գաբրիել հրեշտակապետը  և հայտնում նրա՝ երկրային աշխարհից դեպի վերին` երկնային Երուսաղեմ վերափոխվելու, ինչպես նաև դրա ժամանակի մասին։ Գաբիելն իր երկրորդ  հայտնության ժամանակ Տիրամորն է հանձնում դրախտից բերված բրաբիոն ծաղիկ: Աստվածածինն այդ մասին պատմում է բոլոր մերձավորներին ու իրեն սպասավորող կույսերին և ցույց տալիս Գաբրիել հրեշտակապետի կողմից տրված ծաղիկը։ Այնուհետև պատվիրում է Հովհաննեսին Ս. Պատարագ մատուցել, որպեսզի վերջին անգամ Հաղորդություն ընդունի: Վերնատանը մատուցվող Պատարագի պահին հանկարծ Հովհաննեսին սկսում են ձայնակցել առաքյալները, որոնք Սուրբ Հոգու կանչով հավաքվել էին վերջին հրաժեշտը տալու Աստվածամորը: Ս. Կույսը, պատրաստվելով երկնային աշխարհ ճանապարհվելուն, պատվիրեց« որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում։ Ապա իր սենյակում պառկելով մահճին՝ սկսեց աղոթել ու սպասել: Վերջապես լրացավ այն ժամը« երբ պետք է կատարվեր նրա՝ երկրից երկինք վերափոխումը: Առաքյալները շրջապատել էին այն զարդարված մահիճը« ուր ընկողմանել էր Աստվածամայրը։ Հանկարծ շողաց աննկարագրելի մի լույս։ Ներկաները սարսափեցին« երբ սենյակի վերևում՝ ճառագայթների ներքո, հայտնվեց Հիսուս Քրիստոս՝ երկնային զորքերի ու սրբերի ուղեկցությամբ։ Տեսնելով իր Որդուն՝ Աստվածամայրը թեթևորեն բարձրացավ մահճից« խոնարհվեց Տիրոջը և հանգիստ« ասես քնի մեջ, հոգին ավանդեց իր Միածին Որդու ձեռքը։
Աստվածամոր երկրավոր կյանքի վախճանը ՙննջում՚ և ոչ թե ՙմահ՚ բառով է որակվում՝ հասկանալի դարձնելու համար նրա՝ երկինք փոխադրված լինելը:
Գեթսեմանիում Աստվածածնի մարմինն ամփոփեցին քարայրում և մուտքը մի հսկա քարով ծածկեցին։ Շուրջ երեք օր առաքյալները և մյուս հավատացյալները չէին հեռանում նրա գերեզմանից, այլ անընդմեջ աղոթում էին։ Այդ ամբողջ ընթացքում լսելի էին հրեշտակների օրհներգությունները, որոնք դադարում են միայն երրորդ օրը:
Աստավածային նախախնամությամբ Տիրամոր երկրավոր կյանքի վերջին պահերին առաքյալներից նրա հետ չէր միայն Բարթուղիմեոս առաքյալը, որը միայն թաղման երրորդ օրը եկավ և սկսեց հուսակտուր ողբալ ու լաց լինել« որ չարժանացավ  Աստվածածնին վերջին հրաժեշտը տալուն և նրանից օրհնություն ստանալուն։ Կարեկցանքից դրդված՝ առաքյալները որոշեցին բացել քարայրի մուտքը« որպեսզի նա կարողանա վերջին հրաժեշտը տալ։ Բայց մուտքից քարը հեռացնելուց հետո բոլորը տեսան և հաստատեցին« որ Աստվածամոր մարմինն այնտեղ չէ« այլ վերափոխվել է երկինք: Քարայրում միայն Ս. Կույսի հանդերձանքն էր։
Աստվածածնի վերափոխման պատմությանը կից ավանդությունը հիշատակում է նաև նրա պատկերի մասին պատմությունը։
Ըստ ավանդության՝ ի մխիթարություն Բարթուղիմեոսի« ով ներկա չէր Տիրամոր թաղմանը« նրան հանձնեցին Ս. Կույսի կենդանագիր պատկերը« որը նա տվել էր Հովհաննես Ավետարանչին` ի սփոփանս և հապաքինումն հիվանդների։ Մովսես Խորենացու վկայությամբ` Բարթուղիմեոսն այն Հայաստան բերեց և զետեղեց Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչված տեղում« ուր հետագայում, ի պատիվ Տիրամոր պատկերի, կուսանոց հիմնվեց։ 
Ավանդաբար Վերափոխման տոնի Պատարագից հետո կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը: Հին Ուխտում (Բ Օրենք ԻԶ 1-10) տարվա առաջին բերքը տարվում էր տաճար  և ընծայվում Աստծուն։ Ըստ օրենքի՝ դրանք էին ցորենը« գարին« խաղողը« թուզը« նուռը« ձիթապտուղը  և այլն։
Հայ Եկեղեցին օրհնության համար, որպես այգեքաղի երախայրիք, պտուղների միջից նախապատվությունը տալիս է խաղողենու ողկույզին: Ջրհեղեղից հետո Նոյ նահապետը Արարատ լեռան ստորոտի դաշտավայրում այգի է տնկում և խաղողագործությամբ զբաղվում: Այդ ժամանակից ի վեր որթատունկի պտուղը դառնում է Արարատյան դաշտավայրի զարդը, համարվում պտուղներից ազնվագույնը և կոչվում ՙպտղոց արքա՚: Այդ նվիրատվության արարողությամբ մարդիկ իրենց երախտագիտությունն էին հայտնում Աստծուն։
Խաղողօրհնեքի ընթացքում եկեղեցում կարդացվում է սբ. Ներսես Շնորհալու աղոթքը: Աղոթքում հիշատակվում է, որ Աստված ստեղծեց բուսականությունն ու պտղատու ծառերը, ապա Ադամին ու Եվային պարգևեց ամբողջ դրախտը, բայց նրանք, օրինազանց գտնվելով, դրախտից արտաքսվեցին, իսկ Երկիրը նրանց պատճառով անիծվեց: Սակայն Աստվածորդու աշխարհ գալով անեծքի կապանքը վերացավ,  և մարդիկ ձերբազատվեցին մեղքի ու մահվան գերիշխանությունից:
Խաղողի օրհնության ընթացքում աղոթքներ են հղվում ոչ միայն պտղի« այլև դրա մշակողի« ընծայողի« հողագործի և հողի համար՝ Արարչից խնդրելով  առատ« բերրի« կարկուտից ու սառնամանիքից զերծ տարի։
 
Գարիկ սարկավագ ԱՍՐՅԱՆ  
Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի Տեղեկատվական համակարգի տնօրեն