[ARM]     [RUS]     [ENG]

ՋՈՒՐԸ` ՏՈՒՆ ԱՌ ՏՈՒՆ

Qarintak_2.jpgՔարին տակն Արցախի այն եզակի բնակավայրերից է, որտեղ ջրամատակարարման խնդիրն այս կամ այն չափով լուծվել է մի քանի անգամ` տարբեր ժամանակահատվածներում, տարբեր արդյունքներով: Բայց հարցն այդպես էլ, փաստորեն, չլուծված է մնացել: 
Քարինտակցիներին տասնամյակներ շարունակ մտահոգող այս խնդիրը, թվում է, պետք է լիովին լուծվեր 2000 թվականին. Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աջակցությամբ ջուրը գյուղ հասցվեց, անցկացվեց ներքին ցանցը: Սակայն ուրախությունը կատարյալ լինել չէր կարող: Մետաղյա խողովակները շատ տեղերում պարզապես գետնի վրայով էին անցկացվել: Այնպես որ` սեզոնային սառցակալումներից անհնար էր խուսափել: Ասենք, անգամ գործելու ժամանակահատվածում էլ ջրագիծն ի վիճակի չէր լիովին բավարարել ջրի պահանջարկը: Եվ արդեն հերթական տարում քարինտակցիները ստիպված էին ապավինել գյուղի երկու աղբյուրներին: ՙՕրվա ընթացքում մեկ-երկու ժամով են ջուր  բաց թողնում: Հավաքում ենք` լվացքի եւ կենցաղային այլ կարիքների համար,- պատմում է Քարին տակի բնակչուհի Սեդա Առաքելյանը:- Իսկ ահա խմելու ջուրը գյուղի ներքեւի աղբյուրներից ենք բերում: Նույնիսկ մի քանի անգամ եկել՝ մեզ նկարել են հարսիս հետ աղբյուրից ջուր վերցնելիս՚:
Այս թեմատիկայով նկարահանումներից տիկին Սեդան, հավանաբար, շուտով ապահովագրված կլինի: Քարինտակի ջրամատկարարման խնդիրը ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի եւ Արցախի կառավարության համատեղ ջանքերով լուծվում է. աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում։ ՙ2011թ. աշնանն է սկսվել նոր ջրագծի կառուցումը: Նաեւ գյուղի ներքին ցանցն է անցկացվում՚,- մանրամասնում է համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը: Նրան ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ԼՂՀ գրասենյակի ղեկավար Վալերի Ղազարյանն է լրացնում. ՙՋրատարը բերվում է գետից, նաեւ երկու ջրավազան է կառուցվում` հարյուր խորանարդ մետր տարողությամբ, եւ ամբողջությամբ գյուղի ներքին ջրացանցն է անցկացվում՚:
149 մլն դրամ արժողությամբ ծրագիրը ՙՊառեկս գազ՚ ընկերությունն է իրականացնում: Հաշվի են առնում նախկին սխալները: Հետագա բարդություններից խուսափելու համար ջրագծերը թաղում են սահմանված խորությամբ:  Աշխատանքների բնականոն ընթացքին գյուղի բարդ ռելիեֆն է խանգարում: Գրեթե ամենուր հանդիպող  ժայռերը զգալիորեն դանդաղեցնում են ծրագրի իրագործումը: Ընկերության ներկայացուցիչները վստահեցնում են. չնայած դժվարություններին` պահպանում են պահանջվող նորմերը: Եվ ստուգումների արդյունքներն էլ, նրանց խոսքերով, դա են հաստատում:
Աշխատանքների որակին ակամա նաեւ բնակչության ներկայացուցիչներն են հետեւում: ՙՄեր գյուղից 15 հոգի ընդգրկված են ջրատարի անցկացման եւ ներքին ցանցի կարգավորման աշխատանքներում՚,- տեղեկացնում է համայնքի ղեկավարը:
ՙԵթե ես անգամ չհասցնեմ օգտվել այդ բարիքից, վստահ եմ, որ գոնե մեր ջահելները չեն տեսնի էն չարչարանքը, որ մենք ենք տեսել այդքան տարի՚,- հուզմունքը չի թաքցնում թիկունքում մի քանի տասնամյակ թողած Սեդա Առաքելյանը:
Ամենայն հավանականությամբ` բոլորն էլ դեռ կհասցնեն ուրախանալ: Աշխատանքների կեսից ավելին արդեն ավարտվել են, սկսվել են ներքին միացումները, Հիմնադրամի ներկայացուցիչը ծրագրի ավարտի բաղձալի ժամկետներն է հստակեցնում. ՙՆախատեսվում է առաջիկա շաբաթների ընթացքում ծրագիրն ավարտին հասցնել եւ համակարգը շահագործման հանձնել՚:
 
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ