Ի ՇԱՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
Ստեղծված հետպատերազմյան վիճակը մեղմելու համար Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից մի շարք ընդունված որոշումներում կատարվել են փոփոխություններ, ինչպես և որոշ օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկներով դիմել ԱՀ ԱԺ, որոնք արդեն ընդունվել են։ Կատարված փոփոխությունների պարզաբանման մասին զրուցեցինք Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Լենա Սիմոնյանի հետ, ով ներկայացրեց նաև բաժնի աշխատանքը։
Ստեփանակերտի քաղաքապետարանը, հիմք ընդունելով Ադրբեջանի կողմից ԱՀ-ի դեմ սանձազերծած պատերազմի արդյունքում կրած վնասները փոխադրամիջոցների մասով, հաշվի առնելով, որ նշված փոխադրամիջոցների մի մասը սահմանված կարգով դեռևս դուրս չի գրվել հաշվեկշռից և 2022թ. համար հաշվարկվում է գույքահարկ, որոշվեց փոփոխություն կատարել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2021թ. համապատասխան որոշման մեջ և սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը։ Լենա Սիմոնյանի տեղեկատվությամբ` նույն հիմնավորմամբ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների բաժնի հետ համատեղ պատրաստվել է համայնքի ավագանու որոշման նախագիծ, համաձայն որի՝ առաջարկվում է սեփականության իրավունքով պատկանող Ստեփանակերտ քաղաքում հաշվառված գույքահարկով հարկվող բոլոր շենքերի, շինությունների և փոխադրամիջոցների մասով սահմանել գույքահարկի գծով արտոնություններ, որոնք կկիրառվեն վերջին պատերազմի հետևանքով 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ առկա հարկային պարտավորություններն ամբողջությամբ, իսկ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ 50 տոկոսի չափով։ Արտոնությունը կգործի առաջիկա նիստում սահմանված կարգով ընդունվելուց և ուժի մեջ մտնելուց հետո։ Փոփոխություններ են կատարվել նաև ՙՏեղական տուրքերի և վճարների մասին՚ օրենքում, որոնց շուրջ տեղի են ունեցել քննարկումներ և ԱՀ ԱԺ ներկայացվել համապատասխան առաջարկություններ։ Հիմնականում փոփոխությունները վերաբերում էին տեղական տուրքերի նշաձողի նվազեցմանը։ Որոշ ապրանքատեսակների վաճառքի թույլտվության համար օրենքով նախատեսված էր ֆիքսված գին, որը ստեղծված իրավիճակում չի արդարացվում։ Մասնավորապես՝ նշելի է համայնքի տարածքում բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար սահմանված 350 դրամը, ինչը հնարավորություն չէր ընձեռում ավելի ցածր գումար սահմանել` հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում բացօթյա առևտրի դիմաց թույլտվության համար սահմանվել է 100-350 դրամ։ Կատարված այդ փոփոխությունները գործում են 2022թ., մի շարք փոփոխություններ էլ կգործեն 2023թ. հունվարի 1-ից, քանի որ որոշ հարցերի վերաբերյալ պահանջվում էր հարաբերությունների կարգավորում, լիազորությունների սահմանում, որը ներառված չէր օրենքում, ինչի պատճառով վերահսկողության գործառույթները դժվար կարգավորելի էին։ Մեծապես դա վերաբերում է մետաղադրամով կամ թղթադրամով շահագործվող ավտոմատների, բանկոմատների, տերմինալների շահագործմանը։
Օրենքների մշակումից զատ, բաժինը լիազորված է դատարանում պաշտպանել քաղաքապետարանի, քաղաքացիների իրավունքները, շահերը, ինչպես և վարձավճարների գանձման գործերը։ Դատական գործերի մեծ մասը վերաբերում է հողհատկացմանը, բնակարանային վեճերին, գույքը տիրազուրկ ճանաչելուն, քաղաքապետարանին հասցված վնասների վերականգնմանը։ Ըստ Լենա Սիմոնյանի՝ վերջին տարիներին քաղաքացիներն ավելի գրագետ են օգտվում իրենց իրավունքներից՝ դիմելով պաշտպանների օգնությանը։ Նա փաստում է, որ դատական գործերի ծավալը գրեթե մնում է նույնը։
Բաժնի մյուս կարևոր գործը կապված է երեխաների շահերի պաշտպանության հետ։ Այդ կապակցությամբ էլ է պատահում, որ գործը հասնում է դատարան։ Այս պահին 2 ընտանիքների հետ կապված խնդիր է առաջացել, որոնց առնչությամբ դիմել ենք դատարան ծնողական իրավունքների և պարտականությունների ոչ պատշաճ կատարման հիմքով այդ ծնողների իրավունքները սահմանափակելու հայցով` երեխաներին էլ ժամանակավոր գիշերօթիկ հաստատություն տեղափոխելու պայմանով։ Ծնողներին տրվել է ժամանակ՝ ուղղվելու նպատակով։ Պայմանը կատարելու դեպքում երեխաները հետ կբերվեն ընտանիք։ Քանի որ այս վերջին պատերազմից հետո խնդիրները շատացել են, նորերն էլ՝ առաջացել, ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կից էլ ստեղծվել է սոցիալական աշխատողի ինստիտուտ, Ստեփանակերտի քաղաքապետարանը համագործակցում է այդ ծառայության հետ` ի նպաստ ծնողական պարտականությունները ոչ պատշաճ կատարող ընտանիքների երեխաների։ Համագործակցության նպատակներից է` խուսափել ծայրահեղ քայլերից, հնարավորություն տալ սոցիոլոգիայի մեթոդաբանությամբ բացահայտել խնդիրները, օգնել ընտանիքին` իրավիճակը շտկելու հարցում, ինչը բխում է նախ և առաջ երեխաների շահերից։ Լենա Սիմոնյանը շատ է կարևորում սոցիալական աշխատանքի ծառայության մեթոդաբանությունը նման նուրբ խնդիրների արդյունավետ լուծման համար, ուստի Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը ևս ունի սոցիալական աշխատողի հաստիքի կարիք։
Բաժնի գործառույթների մեջ է մտնում նաև անգործունակ ճանաչված չափահաս հոգեկան հիվանդների խնամակալության սահմանումը` այդ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով։ Նման հիվանդությամբ տառապող անձանց մեծ մասի խնամակալությունը տրվում է հարազատներին։ Լենա Սիմոնյանի խոստովանությամբ՝ օրենսդրությամբ նախատեսված չէ որևէ գումարային խրախուսում խնամակալին, ինչը դժվարացնում է այդ կարգի հիվանդների իրավունքների լիարժեք իրագործումը։ Որոշակի արտոնություն տրվում է հիվանդին, իսկ խնամակալին միայն կենսաթոշակի անցնելուց հետո ստաժ է հաշվարկվում։
Բաժնի պետը կարևորություն է տալիս նաև այն գործառույթին, որը համակարգում է անչափահաս սեփականատեր երեխաների գույքը։ Այն օտարելու դեպքում բաժնի կողմից պահանջվում է տալ թույլտվություն։ Յուրաքանչյուր նման գործ ուսումնասիրվում է՝ հաշվի առնելով անչափահաս երեխաների սեփականության իրավունքը, որից հետո միայն տրամադրվում է թույլտվությունը։
Էմմա ԲԱԼԱՅԱՆ