Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՊԱՀՊԱՆԵԼ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ` ՕՐԵՆՔԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 Ստեփանակերտի Հաղթանակի հրապարակի Ծովակալ Իսակովի արձանի շուրջ իրականացվող գյուղմթերքի առևտրի մասին շատ ենք գրել` նշելով, որ այդ վայրում առևտրով զբաղվելն անօրեն է և որ մոտակայքում պայմաններ են ստեղծված, այսպես ասած, փոքրիկ շուկա, նման գործունեություն ծավալելու համար: Եվ մեր ամեն հրապարակումից հետո հուշարձանի շուրջն ընկած տարածքը ազատվում և մաքրվում էր, գյուղմթերք վաճառողները տեղափոխվում էին նշված տարածք, ինչպես և պահանջում է օրենքը, բայց, ցավոք, դա երկար չէր տևում: Վաճառողները նորից ու նորից հավաքվում էին հուշարձանի մոտ` դա բացատրելով այն հանգամանքով, որ տեղը լավն է, բանուկ է, ուստի` առևտուրն էլ հաջող է ընթանում: Իսկ այն, որ հուշարձանի տարածքը միշտ կեղտոտ էր, փնթի, նրանց քիչ էր հետքրքրում:

Հերթական անգամ Ծովակալ Իսակովի արձանի տարածքով անցնելիս տեսա, որ այն կրկին ազատվել ու մաքրվել է: Անշուշտ, ուրախացա, որ քաղաքային իշխանությունները կրկին ճիշտ գործողությունների են դիմել: Նաև կռահեցի, որ վաճառողները փոքրիկ շուկայի տարածք են տեղափոխվել: Բայց… շուկայի կենտրոնական մասում տաղավարների տանիքը փլված էր, ինչի հետևանքով այդ հատվածը չէր կարող ծառայել իր նպատակին: Գյուղմթերք վաճառողներն ստիպված գետնին էին տեղավորել ունեցածը: Զրույցի բռնվեցինք: Անշուշտ, դժգոհ էին: Ասում են. «Մեզ հեշտ է տեղահան անել, անպաշտպան մարդիկ ենք: Բայց ինչու նույն պատասխանատուները չեն կարողանում մրգի և բանջարեղենի խանութների տերերին կարգի հրավիրել: Տեսեք, իրենց խանութների առջևի տարածքից քանի՜-քանի մետր են «զավթել», առաջ եկել` խանգարելով թե՛ հետիոտների և թե՛ մեքենաների ազատ երթևեկությանը: Մի՞թե արդար է,- դժգոհում են գյուղմթերք վաճառող մարդիկ: -Ստացվում է, որ օրենքի առջև բոլո՞րը չեն հավասար»:
Դիմեցի Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին` պարզաբանումներ ստանալու նպատակով: Անշուշտ, նա տեղյակ էր իրավիճակին: Նշված տարածքի սեփականատիրոջ հետ արդեն իսկ հանդիպել և քննարկել է, թե ինչպես համատեղ ջանքերով շտկեն ստեղծված իրավիճակը: Պարզվում է` մարտ ամսին տեղացած առատ ձյունը վնասել է տանիքը, ինչի հետևանքով տարածքին «հավատարիմ» վերջին վաճառողներն էլ լքել են տեղանքը և հարմար տեղավորվել հուշարձանի մոտ:
Անշուշտ, փոքրիկ շուկայի պայմանները չեն համապատասխանում անգամ նվազագույն պահանջներին: Տարածքի սեփականատեր Արայիկ Պողոսյանը բացատրում է իրավիճակն իր տեսանկյունից: «Բազմիցս այս տարածքում ներդրումներ եմ արել, ստեղծել պայմաններ` գյուղմթերքի առևտուր անող մարդկանց համար: Համաձայն քաղաքապետարանի հետ բանավոր պայմանավորվածության` յուրաքանչյուր սեղանի համար գանձվում է 300 դրամ, կարելի է ասել` սիմվոլիկ մի գումար, որպեսզի գյուղացիները չխուսափեն շուկայի տարածք մտնելուց: Տարիների ընթացքում բարելավվեցին նաև սանիտարահիգիենիկ պայմանները: Իմիջիայլոց, տարածքից ստացած եկամուտը հազիվ եղած ծախսերն էին փակում: Սակայն, վաճառողները երկար չեն մնում այդ տարածքում: Ստացվում է, որ ես անընդհատ ներդրումներ եմ անում, բայց ոչ մի եկամուտ չեմ ստանում,- դժգոհում է տարածքի սեփականատերը: -Այո, արդեն հանդիպել եմ քաղաքապետի հետ, արտահայտել եմ իմ դիրքորոշումը, ասել եմ, որ միայն համատեղ ուժերով կարող ենք բարելավել տարածքը, այն էլ` վերջին անգամ: Եթե պայմանները բարելավելուց որոշ ժամանակ հետո վաճառողները նորից լքեն տարածքը, ես կհրաժարվեմ այդտեղ նման գործունեություն իրականացնելուց: Տարածքն իմ սեփականությունն է, բիզնեսի ուղղությունը կփոխեմ այնպես, որ եկամտաբեր լինի»:
Ներկայացնելով բոլոր կողմերի դիրքորոշումը` մեկ եզրակացության կարելի է հանգել. որպեսզի բարձրացված խնդիրը լուծվի, պետք է նշված տարածքում առևտուրն իրականացնելու համար նորմալ պայմաններ ստեղծվեն և քաղաքային իշխանություններն էլ գործող օրենքը կիրառեն բոլորի հանդեպ: Այսինքն, պահպանել կողմերի հավասարություն` օրենքի և մարդու իրավունքների միջև:
Մինչև նյութը պատրաստվում էր տպագրության, շուկայի տարածքում շինարարական աշխատանքներ էին սկսվել: Քաղաքապետ Դ. Սարգսյանի հավաստմամբ` շուկայի պայմանները կբարելավվեն, մի քանի ամիս գյուղմթերք վաճառողների համար առևտուրն անվճար կիրականացվի, որպեսզի նշված տարածքում աշխատելը գրավիչ լինի նրանց համար: