[ARM]     [RUS]     [ENG]

Հունիսի 10-ին Արցախում նշվում է սոցիալական համակարգի աշխատողների օրը

 

Արցախում հունիսի 10-ին նշվում է սոցիալական համակարգի աշխատողների մասնագիտական օրը: Այդ առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը. «Հարգելի՛ գործընկերներ, Արցախում հունիսի 10-ը նշանավորվում է որպես սոցիալական համակարգի աշխատողների մասնագիտական օր, ինչի առթիվ ընդունեք շնորհավորանքներս և լավագույն մաղթանքներս: Տարին հոբելյանական է գերատեսչության համար. այս տարի լրանում է նախարարության 25-ամյակը, որը ԼՂ մարզխորհրդի գործկոմի՝ 1931 թվականի հունիսի 11-ին կազմավորված սոցիալական ապահովության բաժնի՝ հետագայում տարբեր վերաձևակերպումների ենթարկված իրավահաջորդն է: 91 տարվա աշխատանքային ճանապարհ ունեցող կառույցն այսօր էլ շարունակում է իր հիմնական գործառույթը՝ մնալով հասարակության բոլոր խմբերի սոցիալական անվտանգության և ապահովության պահպանման հիմնական պատասխանատուն: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո կառույցը վերանվանվել է Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության, ինչը նշանակում է, որ մենք հայտ ենք ներկայացրել՝ ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիներին առնչվող սոցիալական ապահովության ծրագրերն իրագործել՝ երկրում ապահովելով կայուն զարգացում և ինքնազբաղվածության ապահովման դինամիկ աճ: Իսկ առողջ հասարակության կերտման նպատակով նույն ժամանակաընթացքում լայն թափով աշխատանքներ են ընթանում Արցախում սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման համար: Այդ բոլոր ծրագրերը սակայն, առ ոչինչ են, եթե համակարգի ներսում չաշխատեին բանիմաց, պատասխանատու և կարեկից մարդիկ: Մարդիկ, ովքեր ամեն օր առերեսվում են տարբեր պատմություններ ունեցող և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ճակատագրերի հետ ու ձգտում վերաբերմունքով և աշխատանքով փոխել նրանց կյանքի որակը: Առանձնահատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր պատերազմի ծանր օրերին և հետպատերազմյան դժվարագույն ժամանակաշրջանում կանգնեցին քաղաքացու կողքին՝ որպես նրա սոցիալական իրավունքների իրացման պաշտպան և անխոնջ աշխատուժ: Անխախտ է վստահությունս, որ հետայսու ևս աշխատելու ենք՝ հանուն մեր հայրենակիցների սոցիալական ապահովության և շարունակական զարգացման»: