Պարգևատրում՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ

 

Այսօր՝ հունիսի 10-ին, Սոցիալական աշխատողի օրվա առթիվ ԱՀ կառավարությունում սոցիալական ոլորտի մի խումբ աշխատողներ Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվեցին «Երախտագիտություն» մեդալով։ Կառավարությունում կայացած պարգեւատրման արարողությանն Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը նաեւ պատվոգրեր է հանձնել սոցաշխատողներին։ Պետական նախարարը, շնորհավորելով սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ, նշեց, որ օրն առիթ է գնահատելու Արցախի սոցիալական գերատեսչության 25 տարվա գործունեությունը, ընդ որում' հետպատերազմյան իրավիճակում նախարարության աշխատակիցների կատարած ահռելի աշխատանքը։ «Այսօր խորհրդանշական կերպով գործնական ու արդյունավետ ծառայություն եք կատարել և օրինակ ծառայել պետական համակարգի մնացած աշխատակիցներին ու քաղաքացիներին՝ հանրային աշխատանք իրականացնելով Եղբայրական գերեզմանոցում, Հուշահամալիրում' ցույց տալով ձեր հարգանքը մեր արժեքների հանդեպ»,-մանրամասնեց պետնախարարը։ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը նույնպես պատվոգրերով եւ շնորհակալագրերով է պարգեւատրել ոլորտի աշխատակիցներին։ Նախարարի խոսքով՝ տարիների ընթացքում, տարբեր անվանափոխումներով, կառույցը շարունակում է սոցիալական քաղաքականությունը' երկրում կառուցելով հասարակության սոցիալական ապահովություն' հիմնախնդիրների խորքային լուծմամբ ու բոլոր խավերի հավասար իրավունքների և հնարավորությունների հենքի վրա։ «Արցախի սոցիալական ոլորտը ղեկավարելու պատասխանատվությունն ինձ վերապահվեց մեր երկրի համար ծանր ժամանակաշրջանում։ Հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ ի դեմս նախարարության յուրաքանչյուր աշխատակցի, ես տեսնում եմ այլոց հոգսերով և կարիքներով ապրող մարդկանց։ Մարդիկ, ովքեր ամենօրյա աշխատանքի ընթացքում փնտրում են, գտնում նոր ուղիներ սոցիալական ամենատարբեր խմբերի խորքային կարիքներին արդյունավետ լուծումներ տալու համար»,-նշեց Ա. Պետրոսյանը։ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության Մարտունու բաժնի պետի տեղակալ Սիրուշ Դադայանը, ով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով, մեզ հետ զրույցում կարեւորեց սոցաշխատողի դերակատարությունը դժվարին այս ժամանակաշրջանում։ «36 տարի տարբեր պաշտոններ զբաղեցնելով, միշտ աշխատել եմ քաղաքացիների նկատմամբ լինել հոգատար, լսել նրանց հարցերը և հնարավորինս աջակցել։ Այս պարգևը ոչ միայն իմ աշխատանքի արդյունքն է, այլ՝ ամբողջ կոլեկտիվի։ Ավելի պարտավորված եմ զգում»,-ասաց Ս. Դադայանը։

 

Աննա Ալեքսանյան